Օրերս խորհրդարանում քննարկվում էր Քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթեւիկ Ռեւազյանի ներկայացրած «Օդի տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը: «Սա առաջին քայլն է: Վերջնանպատակն այն է, որմենք ուզում ենք բոլորուղեւորների համար օդի տուրքը հանենք: Ուղղակի մեզ ժամանակ է պետք, որպեսզի ապացուցենք, որ օդի տուրքը հանելով` իսկապես նպաստելու ենքմեր ավիացիայի զարգացմանը»,- հայտարարել է Տաթեւիկ Ռեւազյանը: Քաղավիացիայի կոմիտեի ղեկավարի խոսքով` հայաստանյան նոր ավիափոխադրողի առաջին չվերթը կիրականացվի դեկտեմբերի 12-ին, եթե օրինագիծն ընդունվի:
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթեւիկ Ռեւազյանի հետ` պարզելու համար, թե Եվրոպական ամենամեծ ավիաընկերություններից մեկի` Ryanair-ի այն հայտարարությունը, որ նախատեսում է միանգամից 4 ուղղությամբ թռիչքներ իրականացնել` երեքը Երեւանից Բեռլին, Հռոմ եւ Միլան, իսկ մեկը` Գյումրիից Մյունխեն, արդյոք արդեն իրատեսական է: Հիշեցնենք, որ դեռեւս հոկտեմբերին իռլանդական Ryanair ավիաընկերության գլխավորտնօրեն Դեյվիդ Օ՚Բրայենը հայտարարել էր, որավիափոխադրման միջին արժեքը կկազմի 35 եվրո:
-Տիկի՛ն Ռեւազյան,Ryanair ավիաընկերության` հայաստանյան շուկա մուտքիու էժան տոմսերի մասին հայտարարությունները մեծ աժիոտաժ են առաջացրել հանրության շրջանում. ի վերջո, ի՞նչ փուլում է այդ ամենը:
-Արդեն եվրոպայի ամենախոշոր ավիաընկերությունը մուտք է գործում շուկա, առաջին չվերթն իրականացվելու է հունվար ամսին, եւ արդեն ինքը սկսել է ավիատոմսերը վաճառել, ու ես տեսել եմ տոմսեր 25 եվրոյի գնով:
-Դուք մի անգամ հայտարարել էիք, որ 2020 թվականի ամռանից ավելի լավ շանս է լինելու հանրության համար, որպեսզի եվրոպական երկիր մեկնեն ՀՀ քաղաքացիները: Ինչո՞ւ հենց ամռանը, եթե նշում եք, որ հունվար ամսից արդեն թռիչքը լինելու է:
-Ավելի շուտ եղավ, քան 2020 թվականի ամառը, հունվար ամսից արդեն այդ հնարավորությունը բացվելու է: Սկսել են իրենք արդեն վաճառել տոմսերը, հենց այսօր էլ կարող եք մտնել ու նայել: Բայց ուզում եմ անդրադառնալ ավիատոմսերի գներին, որովհետեւ հաճախ շեշտադրումը դրա վրա է արվում: Մենք ստեղծում ենք մրցակցություն, մրցակցության արդյունքում կարող են ավիատոմսերի գներն իջնել, դա չի նշանակում, որ դա երաշխիք է, ի վերջո դա ավիաընկերությունների որոշումն է: Այսինքն` դա իր ապրանքն է, ու ինքն է որոշում, թե ինչպես է գնահատում այդ ապրանքը: Եթե ինքը կարող է թանկ տոմս վաճառել եւ օդանավը ուղեւորներով լցնի, ապա դա ինքը կանի, դա բիզնես է հասարակ:
-Իսկ առաջիկայում ի՞նչ պլաններ կան` ավիաընկերությունների հետ կապված, որոնք կրկին նման առաջարկություն ունեն, որի հետ Դուք բանակցում եք այս պահին:
-Այո, շատ շուտով կիմանաք:
-Եթե խնդրեմ, կնշե՞ք`որ ավիաընկերությունն է:
-«Ուիզեր» ավիաընկերությունը, գիտեք, որ մենք բանակցում ենք, ու շուտով իրենք պատրաստվում են հայտարարել նոր ուղղությունների մասին:
-Այսինքն` դեռեւս բանակցությունների փուլո՞ւմ եք:
-Բանակցություններն արդեն ավարտվել են, բայց կան ընթացիկ հարցեր, որոնք պետք է լուծվեն, ու իրենք իրականում սպասում էին այս «Օդի տուրքի մասին» օրինագծի հաստատմանը մինչեւ հայտարարություն անելը: Ավիացիոն սեզոնը բացվելու է մարտի վերջ, ես մտածում եմ մարտի վերջ, ապրիլ ամսին մոտավորապես կլինեն չվերթները, բայց կտեսնենք: Իրենք որ հայտարարեն, ավելի պարզ կլինի ամեն ինչ:
-Տիկի՛ն Ռեւազյան,«Արմավիա» ավիաընկերության նախկին սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո մեզ հետ զրույցում հայտարարել էր, որ եթե լավ առաջարկ լինի ավիաընկերություն վերադառնալու, ինքը կմտածի դրա մասին ու գուցե վերադառնա: Դուք չե՞ք ցանկանում նրա հետ բանակցել ավիաընկերություն վերադառնալու համար:
-Ես ընդհանրապես միշտ ասել եմ`մեր դուռը բաց է, ցանկացած մարդ կարող է գալ, առաջարկ անել, եթե պատրաստ է ներդրում անել, որեւէ սահմանափակում չկա այդտեղ: Արդեն շուտով մենք տեղական փոխադրող էլ ենք գրանցելու Հայաստանում, մեր դուռը որ բաց է, ու մենք էլ ներդնողների հետ շատ լավ ենք բանակցություններ վարում, դա է նպաստում, որ իրականում այս ամեն ինչը հնարավոր է դառնում: Եթե կա կոնկրետ առաջարկ, մենք պատրաստ ենք քննարկել:
-Այսինքն`եթե Միխայիլ Բաղդասարովն առաջարկություն ունի, կարո՞ղ է Ձեզ դիմել:
-Ես արդեն իր հետ խոսել եմ, ես ասել եմ, որ մենք պատրաստ ենք աջակցել, ես պատահական, ճանապարհին տեսել եմ իրեն, ինքն էլ նշեց, որ կարող է հետաքրքրություն լինել, իսկ ես էլ ասել եմ, որ հետաքրքրություն կա, եկեք: Եթե ինչ-որ բանով կարող եմ աջակցել, ինձ ասեք, բայց ես որեւէ սահմանափակում չեմ դնում`ով է, ինչ է, ոնց է: Այսինքն` եթե որեւէ մարդ պատրաստ է Հայաստանին արդյունք բերի, ես միշտ էլ պատրաստ եմ մարդկանց հետշփվել, խոսել, հասկանալ, թե ոնց կարող եմ աջակցել:
-Դրանից հետո հանդիպում չի՞ եղել, Բաղդասարովը առաջարկություն չի՞ ներկայացրել:
-Չէ, մեր հիմնական գործառույթը թռիչքային անվտանգություն ապահովելն է, դրա համար ես չեմ կարող հիմնական իմ ժամանակը տրամադրել նման տիպի հարցերին:Օդի տուրքի հարցն էլ է ավելի շատ կոմերցիոն հարց, թռիչքային անվտանգությունը համար մեկ տեղն է:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ