Իրավիճակը հիշեցնում է ոչ վաղ անցյալում մերժված համակարգը. գովազդ հեռարձակելու իրավունքը՝ անթույլատրելի. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների նախագծով նախատեսվում է Հանրային հեռուստաընկերությանը վերապահել մեկ եթերային ժամվա ընթացքում մինչև 5 րոպե տեւողությամբ վճարովի գովազդ հեռարձակելու իրավունք: Այս օրենքի նախագիծը լրատվական ու լրագրողական հանրության շրջանում այնքան էլ լավ չի ընդունվել: Ինչո՞ւ.որովհետեւ ժամանակին, երբ Հանրային հեռուստաընկերությանը օրենքիուժով արգելվեց գովազդներ տեղադրել, ընդդիմությունը հայտարարում էր, որ դա իր հաղթանակն է, որովհետեւՀանրային հեռուստաընկերությունը, ունենալով պետական ֆինանսավորում, իրականում չպետք է որեւէ պարագայում մրցակցության մեջ լինի մասնավոր որեւէ հեռուստաընկերության հետ:

Հիշեցնենք՝ Հանրային հեռուստաընկերությունը տարեկան ՀՀ պետբյուջեից ֆինանսավորվում է ավելի քան 2 միլիարդ դրամով (միայն այս տարի հատկացվել է շուրջ 6մլրդ դրամ), որի դիմաց հարկատուներին պարտավորվում է որակյալ, տարբերվող ծառայություն մատուցել: Իսկի՞նչ է հիմա ստացվում. Հանրային հեռուստաընկերությունը, ըստ էության, մրցակցային դաշտում է հայտնվում մասնավոր հեռուստաընկերությունների հետ, ինչը նշանակում է, որ, նախ, որակն է տուժելու, քանի որ այսօր գովազդային շուկայում թելադրողները ջանում են առավել դիտվող հաղորդումների ժամանակ գովազդ տեղադրել: Դիտվող հաղորդումները, ցավոք, չունեն բովանդակություն, պարունակում են ագրեսիա, արյուն, սեքս… Արդյոք դրա՞ համար է Հայաստանի հարկատուն վճարում մեր երկրի թիվ մեկ`Հանրային հեռուստաալիքին:

Բացի այդ, մրցակցային դաշտում մի կարեւոր խնդիր էլ է առաջանում: Եթե Հանրային հեռուստաընկերությունը, որը ավանդաբար համարվում է կառավարության հենարանը, սկսի մրցակցել առավել եւս ընդդիմադիր դիրքորոշում ունեցող հեռուստաընկերությունների հետ, բնականաբար, առավել շահեկան դիրքերում է հայտնվում: Ու այս իրավիճակը հիշեցնում է ոչ վաղ անցյալում մերժված համակարգը, երբ գովազդային շուկան կենտրոնացած էր կոնկրետ ընկերության, մարդու՝ Սերժ Սարգսյանի ընտանիքի ձեռքում, իսկ մյուս հեռուստաընկերություններն ընդամենը գոյատեւում էին` պատառիկներ փախցնելով: Արդյոք մենք հիմա նորից ցանկանո՞ւմ ենք վերադառնալ հնին: Թերեւս ոչ: Ամեն ինչ, սակայն, գնում է այդ ուղղությամբ, եթե «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքը ընդունվի այս տեսքով:




Լրահոս