Հունվարի 23-ին՝ 14:40-ի սահմաններում, ՀՀ ոստիկանությունն ահազանգ էր ստացել, որ մի տղամարդ զենքով ներխուժել է «Էրեբունի պլազա» հյուրանոց, կրակում է եւ պահանջում հայտնել Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի տեղը, քանի որ ցանկանում է հանդիպել Վիկտոր Սողոմոնյանին: Ինչո՞ւ է նա գնացել այդ քայլին: «Ժողովուրդ» օրաթերթին այս մասով որոշ մանրամասներ են հայտնի դարձել:
Հիշեցնենք, որ կրակոցներից հետո դեպքի վայր ժամանեցին մեծ թվով ոստիկաններ, որոնց ավելի ուշ միացավ նաեւ ոստիկանության պետի ԺՊ Արման Սարգսյանը: Վերջինս, ըստ ոստիկանության լրատվական վարչության պետ Աշոտ Ահարոնյանի, եղել է կրակոցներ արձակած անձի հետգլխավոր բանակցողը:
Ըստ Ահարոնյանի՝ կրակողն է պայման դրել, որ իրեն ձեռնաշղթաներ չհագցնեն բերման ենթարկելիս, եւ միայն այդ պայմանով է զենքը վայր դրել:
Իհարկե, մի փոքր դժվար է պատկերացնել, թե ինչպես կվարվեին այլ երկրներում փաստացի ահաբեկչի հետ, որը կրակելով մտնում է հանրային տարածք, պատանդ պահում մարդկանց եւ պահանջներ ներկայացնում: Համենայնդեպս, այդպիսի սիրալիր վերաբերմունքի չէր արժանանա որեւէ ահաբեկիչ, որի համար ՀՀ ոստիկանապետն անձամբ կբացեր իր ծառայողական մեքենայի դուռը, կնստեցներ մեքենան, ինքն էլ, նստելով մեքենայի դիմաց, սիրալիր բերման կենթարկեր: Այս նուրբ օպերացիան բազմաթիվ հարցեր է առաջանում:
Հավելենք, որ հայտնի է «Էրեբունի պլազա» ներխուժած անձի անունը՝ Արթուր Թորոսյան, որը Արտաշատ քաղաքի բնակիչ է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որնախաքննական մարմինն արդեն պարզել է՝ Արթուր Թորոսյանը զենքը գնել է օրեր առաջ որսորդական խանութից հենց հյուրանոց մտնելու նպատակով:
Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 2 մասի 2-րդ, 3-րդ եւ 7-րդ կետերի (պատանդ վերցնելը), 235-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք պահելը, օգտագործելը)եւ 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (ուրիշի գույքը դիտավորյալ ոչնչացնելը), հատկանիշներով:
Իսկ ինչո՞ւ էր 33-ամյա տղամարդը նման արարքի դիմել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որնա նախաքննական մարմնում իր քայլը բացատրել է բավականին տարօրինակ կերպով:
Երբ իրավապահները նրանից հետաքրքրվել են, թե ինչու է նման բան արել, վերջինս բանավոր կերպով հայտնել է, որինքը մենակ չի եղել, իր մեջ մարդ կա, որըստիպել է գնալ այդ քայլին: Ու հիմա ինքնիրմիջի մարդու հետպետք է խոսի, որ կարողանա պատասխանել իրավապահների հարցերին:
Ավելի ուշ Արթուր Թորոսյանը բանավոր կերպով ասել է, թե իր մեջի մարդը ցանկացել է հանդիպել երկրորդ նախագահի որդուն՝ Սեդրակ Քոչարյանին, քանի որ նրան բան է ունեցել ասելու: Իրավապահները առաջարկել են այդ բանավոր պատմածը վերածել գրավոր ցուցմունքի, սակայն Արթուր Թորոսյանը հրաժարվել է ցուցմունք տալ՝ հայտնելով, որ ցանկանում է պաշտպան ունենալ: Նախաքննական մարմինը ապահովել է խնդրանքը՝ Արթուր Թորոսյանին տրամադրելով հանրային պաշտպան:
Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախաքննական մարմինը, հաշվի առնելով Արթուր Թորոսյանի բանավոր հայտարարությունները, որոշել է դատահոգեբանական եւ դատահոգեբուժական փորձաքննություն նշանակել նրա նկատմամբ: Այս քայլով իրավապահները փորձում են հասկանալ՝ կրակոցները գիտակցաբար է արել, թե առողջական խնդիրներ ունի:
Մեր ստացած ողջ ինֆորմացիան փորձեցինքպարզել ՀՀ քննչական կոմիտեից, որտեղ եւ ընթանում է գործով նախաքննությունը: Սակայն,ի պատասխան, կոմիտեից հայտնեցին, որ քրեական գործը նախաքննության փուլում է, ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները միջադեպի բազմակողմանի եւ օբյեկտիվ քննության համար:
Քնար Մանուկյան