ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողները հաղթեցին. դատարանը հրապարակեց վճիռը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2018 թվականի սեպտեմբերի 11-ին Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Շատինի համայնքապետարանի վարչական շենքի մոտ խոչընդոտվել էր «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողների մասնագիտական գործունեությունը: Միջադեպը դարձել էր քրգործի հիմք, եւ 1,5 տարի տեւած դատաքննությունից հետո դատարանը հրապարակեց որոշումը: Կարելի է ասել՝ «Ժողովուրդ» օրաթերթը հաղթեց դատարանում:

Իսկ ինչի՞ց էր սկսվել պատմությունը: 2018 թվականին Շատին համայնքի բնակիչների կողմից նույն համայնքի ղեկավարի հրաժարականը պահանջելու կապակցությամբ բնակիչները համայնքապետարանի դուռը փակ էին պահել:

«Ժողովուրդ» օրաթերթի լրագրողները 2018թ. սեպտեմբերի 11-ին` ժամը 15:30-ի սահմաններում, գնացել էին Շատինի համայնքապետարանի վարչական շենք՝ իրավիճակը լուսաբանելու: Սակայն նույն համայնքի 4 բնակիչներ, նկատելով լրագրողներին, կանգնել էին նրանց առջեւ, վիճաբանության մեջ մտել նրանց հետ եւ արգելել մոտենալ համայնքապետարանի մուտքին` այդկերպ խոչընդոտելով լրագրողների մասնագիտական գործունեությանը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Վայոց ձորի Շատին գյուղի 4 բնակիչներին մեղադրանք էր առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին:

Նկատենք, որ դատարանում 4 մեղադրյալները այդպես էլ չէին ընդունում իրենց մեղքը, որ իրենք խոչընդոտել են լրագրողների մասնագիտական գործունեությունը, եւ մշտապես պնդում էին, թե չեն իմացել, որ նրանք լրագրողներն են: Սակայն դատարան ներկայացված փաստերը միանգամայն այլ բան էին ապացուցում:

1,5 տարի տեւած դատաքննությունից հետո Արարատի եւ Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Թաթուլ Պողոսյանը կայացրել է մեղադրական դատավճիռ եւ լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչնդոտած անձանց՝ Ժաննա Խուդոյանին, Զվարթ Սմբատյանին, Գեղանուշ Եղոյանին,Շիրակ Հարունյանին պատիժ սահմանել տուգանքը՝ յուրաքանչյուրին 200 հազար դրամի չափով:

Հուսանք, որ կատարվածը դաս եղավ ե՛ւ գործով մեղադրյալների, ե՛ւ նրանց այդ քայլին դրդողների համար, որ օրենքի առաջ հավասար են բոլորը, եւ լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը անթույլատրելի է:

Քնար Մանուկյան




Լրահոս