«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը երեկ կրկին նիստ է անցկացրել: Եվ խմբակցության նիստի ժամանակ ոչ միայն անդրադարձ է կատարվել այսօր մեկնարկելիք ԱԺ արտահերթ նիստի օրակարգին, այլ նաեւ վերջին օրերին ոստիկանության աշխատանքին, մասնավորապես՝ «բռնոցի-թողոցի» վիճակին: Եվ հետաքրքիր է, որ շատերի համար ընդունելի չէ ոստիկանության այդ գործելաոճը: Անգամ խմբակցության ղեկավարությունը հայտարարել է, որ իրենց համար էլ է այս իրավիճակը անընդունելի, երբ անընդհատ ոստիկանության աշխատանքը որակվում է շոու:
Ըստ մեր տեղեկությունների՝ իմքայլականները նույնիսկ քննարկել են, որ պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հասցնել այս դժգոհությունները, որպեսզի ոստիկանության ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը այդ պաշտոնին չնշանակվի: Իմքայլականներին կհաջողվի հասնել իրենց նպատակին՝ դժվար է ասել: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այդ հարցում դեռեւս վերջնական դիրքորոշում չի հայտնում, բայց այսքանից հետո այնքան էլ հակված չէ վերանշանակման»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։