Իջեւանի տարածաշրջանի Խաշթառակ գյուղի բնակիչ, 1956թ. ծնված Հայկ Քամալյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2008թ. ապրիլի 25-ից մինչեւ 2015թ. օգոստոսի 18-ն ընկած ժամանակահատվածում հանդիսանալով Տավուշի մարզի Խաշթառակ համայնքի ղեկավար, 2013 եւ 2014թթ. ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ից ստացված, ապա ծրագրում որպես շահառու ընդգրկված Տավուշի մարզի Խաշթառակ գյուղի բնակիչներին բախշված ցորենի սերմացուի դիմաց իր կողմից հավաքագրված եւ իր վստահությանը հանձնված 4 միլիոն 80 հազար ՀՀ դրամ գումարից միասնական դիտավորությամբ, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, յուրացրել է 2 միլիոն 710 հազար ՀՀ դրամ գումար:
Հայկ Քամալյանին մեղադրանք է առաջադրված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով («Յուրացնելը կամ վատնելը, հանցավորին վստահված ուրիշի գույքի հափշտակությունը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով, խոշոր չափերով»): Հ. Քամալյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Սույն քրեական գործով դատավարության հերթական նիստը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում նշանակված է փետրվարի 6-ին:
Ոսկան Սարգսյան
Տավուշ