Եթե ես գնամ «Եվրատեսիլ», կգրանցվի արդյունք, որի ականատեսը չեք եղել. Աթենա Մանուկյանը վստահ է իր ուժերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրային հեռուստաընկերությունը, հանդիսանալով Եվրոպական հեռարձակողների միության լիիրավ անդամ, որոշում է կայացրել անցկացնել #Եվրատեսիլ2020 երգի մրցույթի հայաստանյան պատվիրակի ազգային ընտրություն եւ հնարավորություն ընձեռել բոլոր ցանկացող արտիստներին ներկայացնել իրենց երգերը։ Ժյուրին, դիտարկելով բոլոր հայտերը, առանձնացրել է 12 լավագույն մասնակիցներին:

Նրանցից մեկն էլ Աթենա Մանուկյանն է: 2007 թվականին Աթենան Հունաստանում մասնակցել է «This Is What’s Missing» միջազգային երաժշտական մրցույթին եւ ստացել է առաջին մրցանակը։ Մեկ տարի անց՝ 2008-ին, «To Fili Tis Aphroditis» երգով մասնակցել է Հունաստանի «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթի նախընտրական փուլին եւ զբաղեցրել 7-րդ հորիզոնականը։

2011-ին թողարկվել է երգչուհու առաջին սինգլը՝ «Party Like A Freak-ը», որը միանգամից հիթ է դարձել Հունաստանում եւ միլինավոր դիտումներ գրանցել YouTube-ում: Երգի համար նա երկու անգամ առաջադրվել է «Video Music Awards»-ի: 2012-ին թողարկվել է երգչուհու հերթական՝ «I Surrender» սինգլը՝ դառնալով տարվա ամառային լավագույն հիթերից մեկը։

2017-ին Աթենան մուտք է գործել երաժշտական ասպարեզ՝ որպես երգերի հեղինակ, գրել «Palia Mou Agapi» երգի խոսքերը Ելենա Պապարիզուի համար: 2018-ին, որպես հրավիրյալ արտիստ, հանդես է եկել բրիտանական «X Factor»-ում, որին անդրադարձել են բազում ամսագրեր ու թերթեր: Նա հիացրել է ժյուրիի անդամներ Սայմոն Քոուելին, Ռոբի Ուիլյամսին եւ Այդա Ֆիլդսին: Այսպիսով, Աթենան պատասխանել է «Ժողովուրդ» օրաթերթի հարցերին:

-Աթենա՛, մի առիթով նշել եք, որ հայեցի դաստիարակություն եք ստացել, եւ որ Ձեր ընտանիքը չափից դուրս հայկական է: Հետաքրքիր է՝ առաջին անգամ եք Հայաստանում: Ի՞նչ տպավորություններ ունեք մեր հայրենիքից, Հայաստանի հետ կապված ի՞նչ ասոցիացիաներ ունեիք նախկինում, իսկ հիմա՞:

-Արդեն երկրորդ անգամ եմ Հայաստանում: Առաջին անգամ այստեղ եղել եմ 5 տարի առաջ, բայց, անկեղծ ասած, զգացողությունս այնպիսին է, ասես առաջին անգամ եմ այստեղ: Ուզում եմ՝ որքան հնարավոր է, շատ վայրեր այցելել, հուսով եմ՝ կհասցնեմ: Հայաստանում մարդիկ շատ բարի են, միշտ պատրաստ օգնելու: Որեւէ տեղ երբեք չեմ հանդիպել նման առատաձեռնության: Հայերն այնքա՜ն հյուրընկալ են: Հիմա Հայաստանի հետ իմ կապն ամուր է, քան երբեւէ: Չեմ ցանկանում Հայաստանից գնալ.այնքա՜ն սեր ու աջակցություն եմ ստանում այստեղ:

-Եթե Դուք ներկայացնեք Հայաստանը «Եվրատեսիլ»-ում, դա Ձեզ ի՞նչ կտա, ո՞րն է մեծ բեմում հայտնվելու Ձեր հիմնական ստիմուլը:

-Վստահ եմ, որ եթե ես ներկայացնեմ Հայաստանը «Եվրատեսիլում» հենց այս տարվա թիմի հետ, դուք յուրաքանչյուր դետալում որակ կնկատեք: Երբեք չեմ հանդիպել նման լավ ճաշակ ու ճիշտ ռազմավարություն ունեցող պրոֆեսիոնալների: Համոզված եմ, որ կգրանցվի արդյունք, որի ականատեսը դուք երբեւէ չեք եղել:

-Հնարավո՞ր է՝ մուտք գործեք հայկական շոու-բիզնես եւ ակտիվ գործեք նաեւ այստեղ:

-Իհարկե, նման բա կա իմ պլաններում, եւ դա կանեմ առաջին հերթին այն բանի համար, որ ավելի հաճախ գամ Հայաստան եւ ավելի երկար մնամ այստեղ: Ավելի քան պատրաստ եմ մուտք գործել հայկական շոու-բիզնես:

-Հունաստանում հայ համայնքի հետ ի՞նչ կապեր ունեք, չե՞ք ուզում հայերեն սովորել:

-Հունաստանում մի քանի հայ ընկերներ ունեմ, եւ դա այնքան հիանալի է, որովհետեւ երբ խոսում եմ իրենց հետ, ասես կարճ ժամանակով տեղափոխվում եմ Հայաստան: Սովորում եմ հայերեն.ո՞նց ես (վերջին երկու արտահայտությունն ասում է հայերենով):

-Ձեր մրցակիցների երգերի մասին ի՞նչ կասեք, ո՞ւմ երգն է Ձեզ դուր եկել:

-Բոլոր երգերն ունեն իրենց ինքնությունը: Յուրաքանչյուրն իր մթնոլորտն է ստեղծում: Շնորհավորում եմ բոլորին եւ մաղթում հաջողություն:

Աննա Բաբաջանյան




Լրահոս