25 սանտիմետր ձյան տեղումներ՝ Գեղարքունիքում. բքի պատճառով շատ ճանապարհներ դժվարանցանելի են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 8-ի եւ 9-ի ընթացքում Գեղարքունիքի մարզում տեղացած ձյան եւ գրանցված բքի պատճառով դժվարանցանելի վիճակ է ստեղծվել միջպետական, հանրապետական, մարզային եւ համայնքային նշանակության ճանապարհներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, ձյան տեղումներն առավել շատ՝ 20-50 սանտիմետր, գրանցվել են Սեւանի, Ճամբարակի եւ Վարդենիսի տարածաշրջաններում, իսկ Գավառի եւ Մարտունու տարածաշրջաններում դրանք կազմել են 5-20 սանտիմետր:

Առատ ձյան եւ բքի պատճառով փակվել է Սեւան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհը Վարդենյաց լեռնանցքում: Վարդենիսի տարածքի մի շարք լեռնային բնակավայրեր տանող ճանապարհները եւս բքի պատճառով դարձել են խիստ դժվարանցանելի: Բոլոր ուղղություններում ճանապարհաշինարարները կատարում են մաքրման եւ մշակման աշխատանքներ:

«Ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներն վերջին երեք օրն ընթացել են գրեթե բոլոր ուղղղություններում, որտեղ ձյունը, բուքն ու մերկասառույցը խոչընդոտներ են ստեղծել: Արվել է հնարավորը, որպեսզի ապահովվի ճանապարհների անցանելիությունը»,-ասաց Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանը:




Լրահոս