Հունվարի 23-ին՝ 14:40-ի սահմաններում, ՀՀ ոստիկանությունն ահազանգ էր ստացել, որ մի տղամարդ զենքով ներխուժել է «Էրեբունի պլազա» հյուրանոց, կրակում է եւ պահանջում հայտնել Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի տեղը, քանի որ ցանկանում է հանդիպել Վիկտոր Սողոմոնյանին: Ինչո՞ւ է նա գնացել այդ քայլին: «Ժողովուրդ» օրաթերթին այս մասով որոշ մանրամասներ են հայտնի դարձել:
Հիշեցնենք, որ կրակոցներից հետո դեպքի վայր ժամանեցին մեծ թվով ոստիկաններ, որոնց ավելի ուշ միացավ նաեւ ոստիկանության պետի ԺՊ Արման Սարգսյանը: Վերջինս, ըստ ոստիկանության լրատվական վարչության պետ Աշոտ Ահարոնյանի, եղել է կրակոցներ արձակած անձի հետ գլխավոր բանակցողը: Ըստ Ահարոնյանի՝ կրակողն է պայման դրել, որ իրեն ձեռնաշղթաներ չհագցնեն բերման ենթարկելիս, եւ միայն այդ պայմանով է զենքը վայր դրել:
Իհարկե, մի փոքր դժվար է պատկերացնել, թե ինչպես կվարվեին այլ երկրներում փաստացի ահաբեկչի հետ, որը կրակելով մտնում է հանրային տարածք, պատանդ պահում մարդկանց եւ պահանջներ ներկայացնում: Համենայնդեպս, այդպիսի սիրալիր վերաբերմունքի չէր արժանանա որեւէ ահաբեկիչ, որի համար ՀՀ ոստիկանապետն անձամբ կբացեր իր ծառայողական մեքենայի դուռը, կնստեցներ մեքենան, ինքն էլ, նստելով մեքենայի դիմաց, սիրալիր բերման կենթարկեր: Այս նուրբ օպերացիան բազմաթիվ հարցեր է առաջանում:
Հավելենք, որ հայտնի է «Էրեբունի պլազա» ներխուժած անձի անունը՝ Արթուր Թորոսյան, որը Արտաշատ քաղաքի բնակիչ է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախաքննական մարմինն արդեն պարզել է՝ Արթուր Թորոսյանը զենքը գնել է օրեր առաջ որսորդական խանութից հենց հյուրանոց մտնելու նպատակով:
Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 2 մասի 2-րդ, 3-րդ եւ 7-րդ կետերի (պատանդ վերցնելը), 235-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք պահելը, օգտագործելը) եւ 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (ուրիշի գույքը դիտավորյալ ոչնչացնելը), հատկանիշներով:
Իսկ ինչո՞ւ էր 33-ամյա տղամարդը նման արարքի դիմել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նա նախաքննական մարմնում իր քայլը բացատրել է բավականին տարօրինակ կերպով: Երբ իրավապահները նրանից հետաքրքրվել են, թե ինչու է նման բան արել, վերջինս բանավոր կերպով հայտնել է, որ ինքը մենակ չի եղել, իր մեջ մարդ կա, որը ստիպել է գնալ այդ քայլին: Ու հիմա ինքն իր միջի մարդու հետ պետք է խոսի, որ կարողանա պատասխանել իրավապահների հարցերին:
Ավելի ուշ Արթուր Թորոսյանը բանավոր կերպով ասել է, թե իր մեջի մարդը ցանկացել է հանդիպել երկրորդ նախագահի որդուն՝ Սեդրակ Քոչարյանին, քանի որ նրան բան է ունեցել ասելու: Իրավապահները առաջարկել են այդ բանավոր պատմածը վերածել գրավոր ցուցմունքի, սակայն Արթուր Թորոսյանը հրաժարվել է ցուցմունք տալ՝ հայտնելով, որ ցանկանում է պաշտպան ունենալ: Նախաքննական մարմինը ապահովել է խնդրանքը՝ Արթուր Թորոսյանին տրամադրելով հանրային պաշտպան:
Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախաքննական մարմինը, հաշվի առնելով Արթուր Թորոսյանի բանավոր հայտարարությունները, որոշել է դատահոգեբանական եւ դատահոգեբուժական փորձաքննություն նշանակել նրա նկատմամբ: Այս քայլով իրավապահները փորձում են հասկանալ՝ կրակոցները գիտակցաբար է արել, թե առողջական խնդիրներ ունի:
Մեր ստացած ողջ ինֆորմացիան փորձեցինք պարզել ՀՀ քննչական կոմիտեից, որտեղ եւ ընթանում է գործով նախաքննությունը: Սակայն, ի պատասխան, կոմիտեից հայտնեցին, որ քրեական գործը նախաքննության փուլում է, ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները միջադեպի բազմակողմանի եւ օբյեկտիվ քննության համար:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԱԱԾ ՆԱԽԿԻՆ ՏՆՕՐԵՆԻ ԳՈՐԾՈՎ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նախաքննական մարմինը ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի ինքնասպանության փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում դիմում-նամակ է ուղարկել Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանին:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեն, դիմում ուղարկելով դեսպանատուն, խնդրել է, որպեսզի իրենց օգնեն եւ տեղեկություններ տրամադրեն ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի՝ Բրիտանիայում ուսանողական գործունեության մասին՝ մասնավորապես հետաքրքրվելով, թե նա ինչպես է սովորել, արդյոք քննությունները բարեհաջող է հանձնել, ինչ խնդիրներ է ունեցել ուսումնառության ընթացքում եւ այլ մանրամասներ:
Նշենք, որ Cambrigetrust.org կայքից տեղեկանում ենք, որ Գ. Կուտոյանը բրիտանական Քեմբրիջի համալսարանի Cambridge Trust կրթաթոշակով 2019-2020թթ. ուսումնական տարում իրավագիտություն էր սովորում այս համալսարանի Սբ. Էդմունդի քոլեջում: Այսինքն՝ Կուտոյանը սեփական միջոցներով չէ Բրիտանիայում սովորել: Նա Հայաստան էր վերադարձել, ինչպես նրա մտերիմներն են նշում, ամանորյա տոների առիթով:
Հիշեցնենք, որ հունվարի 17-ին իր բնակարանում հայտնաբերվեց Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմինն այս օրերին ստուգում է Գեորգի Կուտոյանի, ինչպես նաեւ վերջինիս ընտանիքի անդամների հեռախոսային մուտքային եւ ելքային զանգերը՝ հասկանալու համար, թե ով, երբ, ինչ է խոսել ԱԱԾ նախկին տնօրենի հետ: Եւ «Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան այն մասին, որ Կուտոյանը ֆինանսական լուրջ խնդիրներ է ունեցել:
Ի դեպ, մեկ ուշագրավ հանգամանք եւս. ԱԱԾ նախկին տնօրենի հետ կատարված դեպքի հրապարակման օրը ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերով քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանին տարածքի տեսախցիկները առգրավվելու հարցում օգնել է համատիրության աշխատակից Կարեն անունով մի երիտասարդ: Նա իր օգնության դիմաց նաեւ խնդրանքով է դիմել Արթուր Մելիքյանին, որպեսզի Պարույր Սեւակ 8/1 հասցեի փողոցի մի հատվածում լուսացույց տեղադրեն, քանի որ դրա բացակայության պատճառով շատ մարդիկ են վթարի ենթարկվել տվյալ հատվածում:
Արդյունքում, մեզ հայտնի դարձավ, որ կոմիտեն օգնել է համատիրության աշխատակցին խնդրին լուծում տալու հարցում, եւ առաջիկայում վերոնշյալ հասցեում լուսացույցն արդեն կտեղադրվի:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
1 ՄԻԼԻԱՐԴԻՑ ԱՎԵԼ
2019թ. ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից հայտնաբերված թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի դրամային արտահայտությունն ավելի քան 1 մլրդ 500 մլն դրամ է, այսինքն՝ 3 մլն դոլարից ավելի արժեքով թմրամիջոցներ ենք հայտնաբերել: Այս մասին ասել է ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Վարդան Վարդանյանը: «Թմրամիջոցները կապարակնքվում են, ուղարկվում քննչական վարչություն, որտեղ քրեական գործի ավարտից հետո այդ թմրանյութերը ոչնչացվում են: Մաքսային հսկողությունից թաքցման, չհայտարարագրման եւ ոչ ճշգրիտ տեղեկությունների ներկայացման եղանակով ՀՀ ապօրինի ներմուծված 574 հատ բջջային հեռախոս է հայտնաբերվել, ավելի քան 5 կգ ոսկյա եւ արծաթյա զարդեր, թմրանյութ եւ հոգեմետ նյութ չպարունակող շուրջ 60 կգ դեղամիջոց»,- ասել է Վարդանյանը:
ԱԶԱՏ Է ԱՐՁԱԿՎԵԼ
Երեք զինծառայողի սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված եւ 24 տարի բանտում անցկացրած Աշոտ Մանուկյանը Վերաքննիչ դատարանի որոշմամբ ազատ է արձակվել: Աշոտ Մանուկյանը բողոքարկել է իրեն պայմանական վաղաժամկետ ազատ չարձակելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշումը: Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Հարություն Մնացականյանի նախագահությամբ, երեկ բեկանել է առաջին ատյանի դատարանի որոշումը: Հիշեցնենք, որ նա մեղադրվել եւ դատապարտվել է երեք զինծառայողի սպանության համար: Նշենք, որ սպանվածների ծնողները ներել էին Աշոտ Մանուկյանին:
ՄԵՂԱԴՐԱՆՔ
ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու եւ դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2020թ. հունվարի 4-ին «Արտաշատ» բկ-ից հաղորդում էր ստացվել, որ «որովայնի առջեւի պատի ծակած, թափանցող վերք» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել Արարատի մարզի բնակիչ՝ ծնված 1970թ.: Զննությամբ հայտնաբերվել են արնանման հետքեր, վերցվել փորձանմուշներ, պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը նույն մարզի բնակիչ է: 34-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել:
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Երեկ ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանը հրամաններ է ստորագրել: Ա. Սարգսյանի հրամանով ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Մեկ այլ հրամանով՝ Ա. Գասպարյանը նշանակվել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ: Այլ հրամանով՝ աշխատանքից ազատվել եւ ոստիկանության կադրերի ռեզերվ է ուղարկվել ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանը:
ՄԱՀԱՑԵԼ Է ԵՐԵԽԱՆ
Երեկ մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել. ժամը 08:20-ի սահմաններում 65-ամյա Հրաչ Եթարյանը իր վարած ԽՈՎՈջ մակնիշի ՊՆ համարանիշի ավտոմեքենայով թիվ 142 դպրոցի դիմաց՝ հետիոտնի համար նախատեսված անցման վրա, վրաերթի է ենթարկել մի երեխայի: Վարորդը փախուստի չի դիմել, իսկ երեխան ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բկ, որտեղից տեղեկացրել են, որ երեխան, գիտակցության չգալով, մահացել է: