Այսօր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից անցկացված խորհրդակցության ընթացքում, որին ներկա է եղել նաև ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ամփոփվել են 2019թ. ընթացքում ՀՀ զինվորական դատախազության գործունեության, զինված ուժերում հանցավորության դեմ հանցագործության դեպքերով իրականացվող քննությունների էֆեկտիվության բարձրացման ուղղությամբ իրավապահ մարմինների աշխատանքի արդյունքները:
Խորհրդակցությանը մասնակցել են նաև ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության և կայազորների դատախազները, ինչպես նաև ներկայացուցիչներ ՀՀ ՊՆ-ից, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից:
ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանը ներկայացրել է 2019թ. ԶՈւ-երում հանցավորության դեմ պայքարի հիմնական ցուցանիշները:
Ըստ այդմ՝ նշված ժամանակահատվածում զինված ուժերում արձանագրվել է 929 հանցագործության դեպք, որոնցից 556-ը կամ 59,8%-ը` զինվորական, 373-ը կամ 40,1%-ն` այլ ընդհանուր բնույթի։ 2018թ. համեմատությամբ արձանագրվել է հանցագործությունների նվազում 18.5%-ով:
Ծանր հանցագործությունները նվազել են 8,3%-ով, իսկ առանձնապես ծանր հանցագործությունները՝ 27,9%-ով: Ընդհանուր առմամբ նվազում է արձանագրվել ԶՈՒ-երին բնորոշ հանցագործությունների բոլոր հիմնական տեսակներով՝ բացի հասարակական կարգի և բարոյականության դեմ ուղղված, ինչպես նաև ռազմական տեխնիկայի օգտագործման կարգի դեմ ուղղված հանցագործություններից: Ընդ որում՝ զինված ուժերում կատարված հանցագործությունների բացահայտման ցուցանիշները եղել են բարձր՝ մնալով 97%-ի սահմաններում:
Ավելի մանրամասն՝ տեսանյութում: