ՎԱՆԵՑՅԱՆԻ ՄՈՒՏՔԸ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՈՒՇԱԳՐԱՎ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը երկար ժամանակ խոստանում էր կարեւոր հայտարարությամբ հանդես գալ: Երեկ, ի վերջո, հանդիպեց հայաստանյան տպագիր մամուլի գլխավոր խմբագիրների հետ՝ պատասխանելով վերջիններիս հարցերին: Եվ ուշագրավ է, որ չնայած Վանեցյանն, ի վերջո, հայտարարեց քաղաքականությամբ զբաղվելու, կուսակցություն ստեղծելու իր մտադրության մասին, սակայն այդպես էլ փակագծեր չբացեց: Այսինքն՝ կարելի է ասել՝ սա ասուլիս էր՝ հետագայում կրկին ասուլիս անելու մասին: Եւ ընտրված օրն էլ անհաջող էր, քանի որ այսօր ԱԺ-ում արտահերթ նիստ է՝ թեժ օրակարգով:

«Թե ովքեր են լինելու կուսակցության կազմում, այս պահին ձեռնպահ կմնամ անուններ հնչեցնելուց, քանի որ շատերի հետ եմ բանակցել: Գաղափարախոսության մասին կխոսենք կուսակցության հիմնադիր համագումարի ժամանակ: Ուղղությունը կլինի կենտրոնամետ-աջ, իսկ ավելի լայն կխոսենք հետագայում»,- նշեց Վանեցյանը: Տպագիր մամուլի գլխավոր խմբագիրների հետ հանդիպման ժամանակ հնչել են բազմաթիվ հարցեր՝ սկսած նախկին իշխանությունների հետ կապերի, հրաժարականի պատճառների, Նիկոլ Փաշինյանի հետ հարաբերությունների մասին:
«Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Քնար Մանուկյանը հետաքրքրվել է Վանեցյանի հրաժարականից հետո նրա հրապարակային խոսքում առկա այն ակնարկների մասին, թե երկրին պատուհասել են վտանգներ: Կարո՞ղ եք կոնկրետացնել՝ ինչ վտանգ է սպասվում, ում կողմից, եւ, ի վերջո, ինչու եք լռում: Այս հարցին, սակայն, կոնկրետ պատասխաններ չտրվեցին: «Այն վտանգները, որ ես տեսել եմ այն ժամանակ, ի հայտ են գալիս կամաց-կամաց: Որպես օրինակ կարող ենք բերել եվրոպական կառույցների վերջին երկու կոշտ գնահատականները ՀՀ նկատմամբ, որը անվտանգության տեսանկյունից նաեւ շատ մեծ խնդիր է մեզ համար: Դա վերաբերում է մեր երկրի միջազգային վարկանիշին, եւ, առհասարակ, աշխարհի ցանկացած կետում մարդիկ եթե վերցնեն ու հետեւեն Հայաստանի լրահոսին, կտեսնեն այնպիսի վերնագրեր ու վերլուծություններ, որոնք ապշեցնող են ու զարմանալի», – նշեց նա:
Հանդիպման ժամանակ ԱԱԾ նախկին տնօրենն անդրադարձել է նաեւ վերջին շրջանում իր անձի շուրջ պտտվող այն խոսակցություններին, թե փորձել է պետական կամ հիբրիդային հեղաշրջում իրականացնել: «Իհարկե, ես նման ցանկություն չեմ ունեցել, հակառակը, ցանկացած մարդ, ով կփորձի իրականացնել պետական հեղաշրջում կամ հակասահմանադրական ճանապարհով կփորձի տիրանալ իշխանությանը, պետք է դատապարտվի եւ կրի իր պատիժը», – նշել է նա: Այնուհետեւ գլխավոր խմբագիրները նաեւ հետաքրքրվել են՝ արդյոք Նիկոլ Փաշինյանն իշխանության է եկել սահմանադրական ճանապարհով: «Համաձայն չեմ այն պնդման հետ, որ դա հակասահմանադրական է՝ առաջին փուլը, քանի որ եղել է ժողովրդի պահանջ, եւ նախկին իշխանությունները՝ ի դեմս Սերժ Սարգսյանի, որոշում են կայացրել գնալ ժողովրդի պահանջի կատարման ուղղությամբ եւ հրաժարական են ներկայացրել՝ իշխանությունը հանձնելով Նիկոլ Փաշինյանին, եւ ՀՀԿ-ն աջակցել է Նիկոլ Փաշինյանին սահմանադրական ճանապարհով վարչապետ դառնալու համար: Այ թե ինչ եղավ հետո, խորը վերլուծության եւ զրույցի թեմա է, որի մասին, կարծում եմ, մի օր առանձին կխոսենք եւ փակագծեր կբացենք»:
ԱԱԾ նախկին տնօրենը չթաքցրեց, որ պաշտոնավարման ժամանակ, հատկապես՝ վերջին շրջանում, տարաձայնություններ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ եւ ոչ մեկ անգամ է հրաժարականի դիմում ներկայացրել, այդ թվում՝ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հետ հայտնի հեռախոսազրույցի գաղտնալսման հրապարակումից հետո: «Տարաձայնությունները եղել են քաղաքացու, հասարակության եւ պետության ընկալումների մեջ: Ես Նիկոլ Փաշինյանին հրաժարականից առաջ, առավել եւս հրաժարականից հետո ոչինչ պարտք չեմ: Ես չեմ ափսոսել իմ՝ հրաժարական ներկայացնելու համար, ես ափսոսում եմ միայն նրա համար, որ չենք կարողացել արդարացնել մեր քաղաքացիների հույսերը, մեր քաղաքացիների այն սպասումները, եւ եղել են շատ մեծ հիասթափության ալիքներ», – հավելեց նա:
Արթուր Վանեցյանը չհամաձայնեց ներկաներից մեկի այն դիտարկմանը, թե ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի գործով ԱԱԾ-ն «մասկի շոու» է կազմակերպել, եւ հրահանգված է կատարվել նաեւ Քոչարյանի ձերբակալությունը: «Ես չեմ կիսում գնահատականը, որ «տուշոնկա շոուն» կազմակերպված միջոցառում էր: ԱԱԾ-ն իրականացրել է լայնածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումներ եւ բացահայտել է կոնկրետ հանցագործություններ: Այն, թե հետագայում ինչ գնահատականներ տրվեցին, ես չեմ դրա պատասխանատուն: Այն, ինչ տեսանյութում ներկայացրել է ԱԱԾ-ն, համապատասխանում է իրականությանը: Քննությունը իրականացվել է արդեն ՀՔԾ-ում, ԱԱԾ-ն որեւէ մասնակցություն չի ունեցել: Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի գործին, ես դա չէի անվանի իր գործ, «Մարտի 1»-ի բացահայտման մասին է խոսքը, եւ «Մարտի 1»-ի գործ ասելիս բոլորը, այդ թվում՝ ես, հասկանում եմ, որ նախապատվություն պետք է տրվի 10-ը սպանությունների բացահայտմանը: Հիմա հարց է առաջանում՝ այսօրվա գործընթացները, քննությունն արդյոք նպաստո՞ւմ է դրան. ես կարծում եմ՝ ոչ: Ինչ վերաբերում է Քոչարյանին… բայց ես ուզում եմ նշել, որ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը ընտրված է սխալ, քանի որ նա երբեւիցէ իր որեւէ քայլով չի ցույց տվել, որ խուսափում է քննությունից»:
ԱԱԾ նախկին տնօրենի կողմից հետաքրքիր բացահայտումներ եղան թերեւս հանդիպման վերջում: Նա մասնավորապես հայտարարեց, որ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ հանդիպել է Նիկոլ Փաշինյանի գիտությամբ ու հանձնարարությամբ, սակայն մանրամասներ չցանկացավ հայտնել: Մեկ այլ ուշագրավ բացահայտում էլ արվեց արդեն նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի մասին, որն այս պահին ապաստան է ստացել ՌԴ-ում: «Միհրան Պողոսյանի վերաբերյալ կար հարուցված ու կարճված քրեական գործ: Մենք պաշտոնական գրություն ենք գրել գլխավոր դատախազին՝ առաջարկելով, նոր ի հայտ եկած հանգամանքների հիման վրա, վերաբացել գործը: Սակայն գործը վերադարձվել է մեզ: Այնուհետեւ Միհրան Պողոսյանը հանկարծակի մեկնեց երկիրից, եւ հարց է առաջանում՝ ինչո՞ւ մեկնեց, ո՞վ իրեն տեղեկացրեց, որ մեկնի, եւ ինչո՞ւ քրեական գործը չվերաբացվեց, եւ ինչո՞ւ գլխավոր դատախազը չմտավ Ազգային ժողով նրան անձեռնմխելիությունից զրկելու համար»:
Բացի այս, Վանեցյանը նաեւ չթաքցրեց, որ իր հրաժարականի պատճառներից մեկն էլ եղել է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ տարվող քաղաքականության հետ անհամաձայնությունը, եւ այդ պատճառով իր խոսքում ասել է. «Կա՛նգ առ»:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

 

ԿԳԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
Փետրվարի 12-ին Ազգային Ժողովում տեղի է ունենալու Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծման վերաբերյալ քննարկում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս օրերին իրավապահ համակարգի պաշտոնատար անձանց հրավեր է ուղարկվում, որպեսզի վերոնշյալ օրը ներկայանան Ազգային Ժողով՝ կոմիտեի ստեղծման վերաբերյալ քննարկմանը մասնակցելու:
Ինչպես հայտնի է, 2021 թվականին ստեղծվելու է կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման եւ քննության միասնական մարմին՝ Հակակոռուպցիոն կոմիտե: Սա նախատեսված է կառավարության կողմից հակակոռուպցիոն ռազմավարությամբ եւ դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրով: Նախագծով մի շարք քննչական վարչություններ միավորվելու են, եւ 2021 թվականին ունենալու ենք երեք քննչական մարմին՝ Քննչական կոմիտե, Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ), որը կքննի խոշտանգումներին վերաբերող գործերը ու Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնատար անձանց կողմից թույլ տրվող հնարավոր հանցագործության դեպքերը, եւ Հակակոռուպցիոն կոմիտե, որը, որպես հիմնական մասնագիտացված մարմին, կքննի կոռուպցիոն բնույթի հանցագործությունները: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ուժային կառույցների ներկայացուցիչները դժգոհ են նոր կոմիտեի ստեղծման գործընթացից, քանի որ մի շարք հարցեր այդպես էլ պարզաբանված չեն, եւ չի բացառվում, որ համակարգում նոր դժգոհություն հասունանա: Թերեւս քննարկումը նպատակ ունի նաեւ անդրադառնալու այդ դժգոհություններին:

 

 

 

ՉԵՆ ՄԱՍՆԱԿՑԻ
Ինչպես հայտնի է, ԱԺ մարդու իրավունքների ու հանրային հարցերի հանձնաժողովում ստեղծված, ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված ՀՀ օրենսդրության բարեփոխման շուրջ քննարկումների նպատակով ստեղծված աշխատանքային խմբի առաջին փակ նիստը բավականին բուռն էր անցել, եւ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Շաքե Իսայանը եւ Արման Աբովյանը հայտարարել են, որ իրենք ժամանակավոր դադարեցնում են իրենց աշխատանքները խմբի կազմում: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԲՀԿ-ում վերջնական քննարկում է տեղի ունեցել, եւ որոշում է կայացվել այսուհետ առհասարակ չմասնակցել այդ աշխատանքային խմբի աշխատանքներին: Բանն այն է, որ ԲՀԿ-ականները տեղում պարզել են, որ աշխատանքային խմբին միանալ են թույլատրել «Բաց հասարակության հիմնադրամին» եւ «Կանանց ռեսուրսներ» կենտրոնին, ու Աբովյանը ակնարկել է, որ իրենց հանրությունը կմեղադրեր «սորոսականների» հետ նույն աշխատասենյակում աշխատելու համար, ուստի այդ հարցը պետք է քննարկեն եւ հենց դրա արդյունքում էլ վերջնական որոշում կայացնեն:

 

 

 

ԱՎԵԼԱՑԵԼ Է
2019թ. Հայաստան է ժամանել շուրջ 1.9 մլն զբոսաշրջիկ, ինչը 14.7%-ով ավելի է 2018-ին ժամանածների թվից: Ըստ ՀՀ կառավարության՝ 2017թ. համեմատ՝ զբոսաշրջիկների թիվն ավելացել է 26.7%-ով կամ գրեթե 400 հազարով:

 

 

ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմեն Սիմոնյանը նշանակվել է Ավիացիոն պատահարների եւ լուրջ միջադեպերի քննության միջազգային բյուրոյի ղեկավար խորհրդում ՀՀ լիազոր ներկայացուցիչ: Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Լիպարիտ Դրմեյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ղեկավար: Վարչապետը որոշում է ստորագրել նաեւ Վահան Պապիկյանին վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ նշանակելու վերաբերյալ:

 

 

 

450 ՄԻԼԻՈՆԻ ՎԱՏՆՈՒՄ
Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդում է 2015-19 թթ. Երեւանի քաղաքապետարանի եւ վարչական շրջանների աշխատակազմերի մի շարք պաշտոնյաների կողմից շուրջ 450 միլիոն դրամ պետական միջոցների հափշտակման դեպք բացահայտելու մասին: Փաստական տվյալների համաձայն՝ քաղաքապետարանի եւ վարչական շրջանների աշխատակազմերի մի շարք պատասխանատու պաշտոնատար անձինք, «չկատարելով իրենց պաշտոնեական լիազորությունները եւ չարաշահելով պաշտոնեական դիրքը, պատշաճ կերպով չեն վերահսկել քաղաքապետարանի հետ դեռեւս 2014թ. կնքված պայմանագրով բազմաբնակարան շենքերի աղբատարերի սպասարկման, շինարարական աղբի տեղափոխման եւ գետերի հուների մաքրման աշխատանքներն իրականացնելու պարտականությունը ստանձնած «Դավարս» ՍՊԸ-ի գործունեությունը»: Արդյունքում 2015-2019թթ. ընթացքում ընկերությանը փոխանցված 1 միլիարդ 862 միլիոն ՀՀ դրամից վատնման եղանակով հափշտակվել են առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 450 միլիոն ՀՀ դրամի պետական միջոցներ: Հարուցվել է քր. գործ:




Լրահոս