ԻՏԱԼԻԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաշված ամիսներ, եւ կմեկնարկի ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության եզրափակիչ փուլը: «Ժողովուրդ» օրաթերթը մինչեւ խոշոր ստուգատեսի մեկնարկը կշարունակի ներկայացնել բոլոր հավաքականներին: Արդեն խոսել ենք F խմբում` «Մահվան խմբում» ընդգրկված հավաքականների մասին, հիմա հերթը հասել է աշխարհի քառակի չեմպիոններին` իտալացիներին: Իտալիայի ազգային հավաքականը գերֆանտաստիկ անցկացրեց Եվրոպայի նախընտրական փուլը. ընդգրկված լինելով J խմբում՝ Իտալիան գրանցեց 100%-անոց արդյունք՝ հաղթելով բոլոր տասը խաղերում: Իտալացիների «թափի տակ ընկավ» նաեւ մեր ազգային ընտրանին, որը նախընտրական փուլի վերջին տուրում մրցակցին զիջեց 1:9 հաշվով: Երեւանում կայացած խաղում էլ Մանչինիի տղաները հաղթել էին 3:1 հաշվով: Գրանցած արդյունքը փորձագետներին եւ ֆուտբոլային աշխարհի մարդկանց տալիս է բոլոր արտոնությունները Իտալիային հաղթողի գլխավոր ֆավորիտ համարելու համար:

Վերջին տարիներին Եվրոպայի՝ 1968 թվականի չեմպիոնները այդքան էլ հաջող հանդես չէին գալիս՝ այդպես էլ չկարողանալով գտնել թիմի ճիշտ մեկնարկային կազմը: Հիմա հավաքականի խաղում նկատվում է ստաբիլություն, կա արդյունավետություն եւ ամուր պաշտպանություն, ինչը չէինք տեսնում վերջին տարիներին: Նախընտրական փուլում «Սկաուդրա Աձուրան» բաց է թողել ընդամենը 4 գոլ, որի ուղիղ կեսը խփել է Հայաստանի ազգային հավաքականը: Ռոբերտո Մանչինիի գլխավորած ընտրանին ընդգրկված է A խմբում, որտեղ մրցելու է Թուրքիայի, Շվեյցարիայի եւ Ուելսի հավաքականների հետ: Ասել, որ վերը նշված թիմերը թույլ են, իհարկե, չի կարելի, բայց սպասել, որ նրանք կկարողանան Իտալիային դուրս թողնել խմբից, կարծում ենք` պետք չէ: Իտալիան վերջին պարտությունը կրել է 2 տարի առաջ` 2018 թվականի սեպտեմբերին՝ Ազգերի լիգայի շրջանակներում նվազագույն հաշվով զիջելով Պորտուգալիային: Ռոբերտո Մանչինիի թիմը անպարտելի է 14 խաղ անընդմեջ, պաշտոնական խաղերում` 12 խաղ անընդմեջ: Ամեն դեպքում, եթե փորձենք այսքան լավի մեջ գտնել վատը, կկարողանանք: Պետք է ընդգծել, որ Իտալիայի ազգային հավաքականի «բոսսը»՝ Ռոբերտո Մանչինին, ունի կազմի լայն ընտրություն, բայց այս պահին ոչ բոլորն են բավարար մարզավիճակում: Հավաքականի թեկնածուներից էլ Սենսին դեռ չի ապաքինվել վնասվածքից, իսկ Ֆեդերիկո Բերնարդեսկին չունի բավարար մարզավիճակ եւ չի ստանում շատ խաղաժամանակ: Զանիոլոյի մասին խոսելն անգամ ավելորդ է. «Ռոմայի» աստղը չի ապաքինվի մինչ «ԵՎՐՈ»-ի մեկնարկը: Հարձակման կրակագծում Անդրեա Բելոտին է եւ Չիրո Իմոբիլեն, երկուսն էլ ֆանտաստիկ մարզավիճակում են եւ միանշանակ իրենց թիմերի առաջատարները: Կարծում ենք՝ երկու կենտրոնական հարձակվողով խաղը կարելի է բացառել, որովհետեւ Մանչինին չունի այն երկուսին հավասարազոր փոխարինողներ: Մարզիչը Բելոտիի խաղի մեծ երկրպագուն է, բայց Իմոբիլեի փայլը այնքան շատ է, որ Մանչինին, հնարավոր է, չկարողանա նրան նստեցնել պահեստայինների նստարանին: Կա նաեւ Պատրիկ Կուտրոնե եւ Մարիո Բալոտելի տարբերակը, բայց եթե Կուտրոնեն «կմաշեցնի» պահեստայինների նստարանը, ապա Բալոտելին դժվար թե հաճելի զանգի սպասի Մանչինիից, եթե արտառոց ոչինչ տեղի չունենա: Պետք չէ մոռանալ նաեւ Մոյզե Քինին, ով նույնպես ակումբային գրանցումը փոխելուց հետո անկում է ապրում: Եզրերում կան Կիեզան, Բերնարդեսկին, Էլ Շարավին: Նրանցից իր լավագույն որակներով է հանդես գալիս միայն Կիեզան: Կիսապաշտպանությունում Վերատի եւ Ժորժինյո դուետի տեղն ուղղակի ամրագրած է, իսկ մյուս տեղի համար կպայքարեն Պելեգրինին, Բարելան ու Սենսին: Պաշտպանության կենտրոնում, ամենայն հավանականությամբ, զույգ կկազմեն Լեո Բոնուչին եւ Ալեսիո Ռոմանյոլին: Շարք է վերադարձել նաեւ Ջորջիո Կիելինին, բայց նրա մասնակցությունը կախված է իր մարզավիճակից: Եզրերում ընտրությունը մեծ է` Էմերսոն, Ֆլորենսի, Սպինացոլա, Մանչինի եւ այդպես շարունակ: Իտալիայի հավաքականում հստակ է միայն դրապասապահի հարցը. Դոնարուման միայնակ է բարձունքում:
Իտալիայի ազգային հավաքականը միանշանակ հաղթողի գլխավոր ֆավորիտներից է. վերջին շրջանի անհաջողությունները մաքրելու ամենահարմար ժամանակն է Մանչինիի ու իր թիմի համար: Հիշեցնենք, որ «ԵՎՐՈ-2016»-ում Իտալիան 1/8 եզրափակչում, 11մ հարվածաշարում պարտվելով Գերմանիային, լքել է պայքարը, իսկ «ԵՎՐՈ-2012»-ում հասել է եզրափակիչ ու 0:4 հաշվով զիջել Իսպանիային:

ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

 

 

ՎՏԱՆԳ ՉԻ ՍՊԱՌՆՈՒՄ
Օրեր առաջ 3-րդ հարկից ընկած ու ծանր վիճակում «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոց ընդունված 1.5 տարեկան երեխայի առողջությանն այլեւս վտանգ չի սպառնում, շաբաթվա վերջում, հնարավոր է, դուրս գրվի: Նշենք, որ փոքրիկի մոտ առկա էր փակ գանգուղեղային վնասվածք, ուներ գլխուղեղի սալջարդ՝ միջին աստիճանի ծանրության: Հոսպիտալացվել էր վերակենդանացման բաժանմունքում: Այժմ նյարդավիրաբուժական բաժանմունքում է, վիճակը բավարար է:

 

 

 

ԱՆԿՄԱՆ ՊԱՏՃԱՌԸ
Լոռու մարզի Աքորի համայնքի երեք տնտեսություններում արձանագրված խոզերի անկման պատճառը, համաձայն փորձաքննության արդյունքների, աղիքային խմբի մանրէներն ու բորբոսասնկերն են: Այս պահին արձանագրվել է Աքորի գյուղի երեք տնտեսություններում առկա խոզերի ողջ գլխաքանակի՝ 165 գլխի անկում: Վերջին երկու շաբաթների ընթացքում ամենօրյա ուշադրության կենտրոնում են գտնվում Աքորի համայնքի այդ տնտեսությունները, մեկուսացվել են դրանք, հետեւել են, որ պատշաճորեն կատարվեն անկած կենդանիների յուրաքանչյուր խմբաքանակի հողածածկման, տվյալ տարածքի եւ անասնագոմի ախտահանության աշխատանքները վարակի տարածումը կանխելու նպատակով:




Լրահոս