ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արագաչափերի նկատմամբ ոտնձգությունը մնում է անպատիժ. ոստիկանությունն անգործությա՞ն է մատնված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանը Փետրվարի 14-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերում սև տոպրակով փակել էր Երևան քաղաքի մի քանի արագափաչեր: Նա նաև հայտարարել էր, թե 2 օրվա ընթացքում փակելու են հանրապետության բոլոր արագաչափերը։

«Սոված երկրում ունենք արագաչափեր, որոնք կեղեքում են մեր վարորդների գրպանները, նրանք հացի գումարը տանում են և չգիտեն, թե ուր»,-ասել էր նա։

Իհարկե, այդպես էլ հանրապետության բոլոր արագաչափերը չփակվեցին, այլ ակցիան ըստ էության ավարտվեց ուղիղ եթերում հնչած սպառնալիքով: Բայց այնուամենայնիվ, այն, ինչ իրականացվեց բացի ակցիա լինելուց, պետք է նաեւ օրենքով պատիժ նախատեսող արարք ենթադրի: Բայց պարզվում է` Հայաստանի օրենսդրությունը չի նախատեսել նման արարքի համար կոնկրետ պատիժ:

Ըստ իրավաբանների, արագաչափերի տեսանկարահանման գործընթացը խոչընդոտելը` արագաչափերը փակելու միջոցով, թերեւս տեղավորվում է ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի սահմաններում. Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը: Բայց Աղեկյանը որեւէ կերպ չի վնասել սարքը` սեւ տոպրակ հագցնելով: Ուստի` դժվար է նրա արարքը տեղավորել 185 հոդվածի շրջանակներում:

Իսկ ահա, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 144 հոդվածի համաձայն ՝ Ճանապարհների, երկաթուղային գծանցների և ճանապարհային մյուս կառույցների անվտանգության և շահագործման կանոններ խախտելը կամ երթևեկությունը ճանապարհների առանձին տեղամասերում ժամանակին արգելելու կամ սահմանափակելու համար միջոցներ չձեռնարկելը, երբ դրանցից օգտվելը սպառնում է երթևեկության անվտանգությանը`առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Իհարկե, մեծ ցանկության դեպքում կարելի է թերեւս Աղեկյանի արարքը տեղավորել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենքի 144 հոդվածի շրջանակներում: Բայց այնտեղ առկա նկարագրությունն էլ չի համընկնում ակցիա իրականացնողի արարքին:

Ամեն դեպքում ArmLur.am-ը ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչություն հարցում էր ուղարկել պարզելու համար, թե ինչ գործողություններ է նախաձեռնել Ոստիկանությունը` արագաչափերը փակող քաղաքացու նկատմամբ: Կամ արդյոք իրականացրել է որեւէ քայլ: Մեր հարցմանն ի պատասխանն ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից հայտնեցին, որ ոստիկանության ծառայողները հանդիպել են Սոնա Աղեկյանին և հորդորել ձեռնպահ մնալ նմանատիպ գործողություններից:

Այսպիսով, իհարկե կարող ենք ոստիկանության պատասխանը իրավաչափ համարել, եթե հաշվի առնենք օրենքում առկա բացերը, անձը դիտավորությամբ փորձել է խոչընդոտել արագաչափ սարքերի աշխատանքը, որի համար ընդամենը նրան հորդորներ են արվել: Սա նշանակում է, որ վաղը ցանկացած քաղաքացի կարող է իր հարակից փողոցի տեսանկարահանման կամ արագաչափ սարքը փակել ինչ որ առարկայով, խափանել դրանց գործունեությունը եւ մնալ անպատիժ:

Հետաքրքիր է` այս նախադեպը աչքի առաջ ունենալով, ինչու ոստիկանությունը չի նախագծում օրենքի փոփոխություն, որպեսզի քաղաքային կամ ոստիկանական գույքը փրկի նման ոտնձգություններից:

Մանրամասները՝ տեսանյութում

Լիդա Եղիազարյան, Լևոն Չադրյան

 




Լրահոս