2 ամիս է անցել, սակայն իրավապահ համակարգը դեռեւս չի գտել հոկտեմբերի 27-ի գործը քննած, Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ Սամվել Ուզունյանին, որը Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ: Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նախաքննական մարմինը նախկին դատավորի նկատմամբ հարուցված քրեական գործով անցնող անձանցից մեկի մասով որոշում է կայացրել:
Պաշտոնապես
Ինչպես հայտնի է, 2019 թվականի նոյեմբերի 26-ին ԱԱԾ-ն հայտնեց, որ բացահայտել է բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից 2007-2009թթ. ընթացքում առանձնապես խոշոր չափերի կաշառք պահանջելու եւ ստանալու դեպք, բայց ո՛չ կաշառքի չափը, ո՛չ էլ պաշտոնատարների անունները չհայտնեց: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի էր դարձել, թե ով է եղել այն անձը, որը կաշառքի մասով դատավոր Սամվել Ուզունյանի դեմ իրավապահներին հանցագործության մասին հաղորդում է տվել: Մեզ հայտնի դարձավ, որ վերջինիս դեմ հանցագործության մասին իրավապահներին հաղորդում է ներկայացրել «Սմբատի օջախ» ՍՊԸ-ի տնօրեն Սմբատ Հարությունյանը: Փոս փորողն ինքն ընկավ փոսը: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին սույն քրեական գործով ՀՔԾ-ի գործողություններից մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, Հատուկ քննչական ծառայությունը դատավոր Ուզունյանի մասով քննվող քրեական գործով նաեւ մեղադրանք է առաջադրել կաշառքի մասով դատավորի դեմ հաղորդում ներկայացրած «Սմբատի օջախ» ՍՊԸ-ի տնօրեն Սմբատ Հարությունյանին: Նախաքննական մարմինը պարզել է, որ Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում քննվել է մեկ քաղաքացիական գործ: Սմբատ Հարությունյանը, Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սամվել Ուզունյանի դրդմամբ, իր օգտին դատական ակտ կայացնելու համար առանձնապես խոշոր չափի՝ 6.110.910 ՀՀ դրամին համարժեք 13.000 ԱՄՆ դոլար, կաշառք է տվել իրավասու պաշտոնատար անձանց, սակայն հանցանքն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում, քանի որ Սամվել Ուզունյանն այդ գումարը մտադիր չի եղել փոխանցել որեւէ պաշտոնատար անձի եւ խարդախությամբ հափշտակել է այն:
Ի՞նչ քաղաքացիական գործի մասին է խոսքը
«Ժողովուրդ» օրաթերթը հետաքննություն իրականացրեց եւ պարզեց, որ 2009 թվականի օգոստոսի 14-ին Սմբատ Հարությունյանը դիմել է դատարան՝ պահանջելով, որ դատարանը ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունք ճանաչի, ինչը դատարանը բավարարել է, քանի որ քաղաքացիական գործով բոլոր կողմերը՝ ինչպես հայցվորները, այնպես էլ պատասխանողները, հաշտության համաձայնության են եկել, իսկ, ահա, այս գործն էլ քննել է դատավոր Սամվել Ոոզունյանը:
Նկատենք, որ Սմբատ Հարությունյանը անցած տարի աչքի ընկավ իր կատարած գործողություններով: Մասնավորապես, 2019 թվականի մայիսի 20-ին, երբ վարչապետը հայտարարեց դատարանների դռները փակելու գործընթացի մասին, Շենգավիթի դատարանի մոտ էին հավաքվել մի խումբ քաղաքացիներ, որպեսզի խափանեին դատավորների մուտքը դատարանի շենք։ Ու երբ Շենգավիթի նստավայրի դատավոր Դավիթ Բալայանը վերը նշված օրը գնացել էր այն դատարան, որտեղ աշխատում է, եւ փորձել էր մուտք գործել բաց լուսամուտից, շենքի դիմաց հավաքված քաղաքացիները նրան թույլ չտվեցին ներս մտնել: Երբ քաշքշեցին Բալայանին, նա վայր ընկավ։ Բալայանին քաշքշողներից մեկն էլ հենց Ուզունյանի դեմ հաղորդում տված Սմբատ Հարությունյանն էր:
Ուշագրավ իրավիճակ
Հավելենք, որ Սմբատ Հարությունյանի մասով ՀՔԾ-ն գործը առանձնացրել է, հայտարարել է նախաքննության ավարտ ու այն ուղարկել դատարան: Գործը մակագրվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանին, որը Պետական պահպանության ծառայության նախկին պետ Հրաչյա Հարությունյանի՝ հայտնի Կրակեմ Հրաչի որդին է: Սակայն այստեղ էլ կա մի ուշագրավ հանգամանք. Սամվել Ոուզունյանի գործով մեղադրյալի գործողությունները քննում է մի դատավոր, որը 2016 թվականին լուրջ կռիվների մեջ է եղել Սամվել Ուզունյանի հետ:
Բանն այն է, որ 2016 թվականին Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների դատարանի նախագահ Սամվել Ուզունյանը անհետացել էր, եւ ասում էին, թե դատավորը սխալ է թույլ տվել, դրա համար է անհետացել, նրան ասել են՝ դիմում գրի, գնա: Ըստ մամուլի հրապարակումների՝ Ուզունյանի թույլ տված «պրոմըխի» մասին համապատասխան մարդկանց «հասցրել էր» դատավոր Դավիթ Հարությունյանը, եւ Ուզունյանի ու Հարությունյանի հարաբերությունները շատ վատ են:
Ինչեւէ, 2016 թվականին տեղի ունեցած այս կռիվներից հետո Ուզունյանին Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների դատարանի նախագահի պաշտոնից ազատեցին, եւ հենց Դավիթ Հարությունյանը նշանակվեց դատարանի նախագահ: Այժմ Հարությունյանը պետք է քննի իր նախկին ղեկավարի գործով անցնող անձանց քրեական գործը:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԿԱՊ ՉՈՒՆԻ
«Ես չեմ ճանաչում տվյալ կազմակերպություններին, կամ մանիպուլյացիաներ չեն կարող անել, թե նախկինների նկատմամբ պատժիչ քայլեր են արվել»,- ասել է Դավիթ Սանասարյանը: «Ամենասկզբից մտածում էի՝ ինչ կապ ունեմ այս գործի հետ, ինչ են քննում, որտեղ ենք հայտնվել: Պարզ է, որ դատարանում ենք, բայց ինձ հետ կապ չունեցող պրոցես է: Իմ նպատակը եղել է բացառապես օրենքի տառն ապահովելը: Ես ո՛չ ճանաչում եմ տվյալ կազմակերպություններին, կամ մանիպուլյացիաներ չեն կարող անել, որ նախկինների նկատմամբ պատժիչ քայլեր են»,-ասել է նա: Նշենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում երեկ տեղի ունեցավ Պետական վերահսկողական ծառայության պետ (լիազորությունները ժամանակավորապես կասեցված են) Դավիթ Սանասարյանի եւ ՊՎԾ նախկին աշխատակիցների գործով դատաքննությունը: Ըստ մեղադրական եզրակացության՝ Դ. Սանասարյանն իր պաշտոնեական դիրքն օգտագործել է՝ ծառայության շահերին հակառակ:
ԱՂՋԿԱ ԿՌՎԻՑ՝ ԳՈՒՄԱՐԻ ՀԱՐՑ
Իրավապահ մարմիններն ահազանգում են, որ բավականին շատացել են անչափահասների միմյանց վնասելու դեպքերը: Եվ այս ամենի պատճառն անպատժելիությունն է: Իսկ, ահա, ուսումնասիրելով դեպքերը՝ պարզ է դառնում, որ անչափահասները միմյանց դանակահարում են կա՛մ աղջկա, կա՛մ գումարի պատճառով: Օրինակ՝ փետրվարի 22-ին դանակահարության դեպք էր տեղի ունեցել Կոտաքի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում «Հրազդան» բժշկական կենտրոն էր տեղափոխվել մի տղա, որը վնասվածք էր ստացել թիկունքի ձախակողմյան գոտկային հատվածում: Պարզվել էր, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 18-ամյա Արտյոմ Հ.-ն է, իսկ, ահա, նրան վիրավորում հասցրած անձը նույն գյուղի բնակիչ 18-ամյա Վահանը: Վահանը ինքնակամ ներկայացել էր իրավապահներին եւ ձերբակալվել էր: Իսկ ի՞նչն էր եղել երկու անչափահասների վիճաբանության պատճառը, որը անգամ հասել էր դանակահարության: Մեզ հայտնի դարձավ, որ Հրազդանի անչափահաս տղաները վիճել են աղջկա պատճառով: Փետրվարի 18-ին՝ ժամը 21.55-ին, հիվանդանոցից Արաբկիրի բաժին հաղորդում էր ստացվել, որ «գոտկային շրջանի եւ ձախ թիկնային շրջանի կտրած-ծակած վերքեր» եւ «աջ աճուկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշումներով բուժօգնության են ընդունվել 17-ամյա երկու պատանի: Ավելի ուշ դանակահարողը եւ վիճաբանության մասնակիցներից մեկը ներկայացվել են Արաբկիրի բաժնի հետաքննության բաժանմունք եւ տվել խոստովանական բացատրություն: Իսկ, ահա, այս կռիվը եղել է գումարի շուրջ առաջացած անահամաձայնության պատճառով:
ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ
ՀՀ ոստիկանության բժշկական վարչության հոսպիտալի աշխատակիցները երեկ բողոքի ակցիա են իրականացրել՝ պահանջելով չփակել հաստատությունը: Նրանց մի մասը թոշակառու ոստիկաններ են, որոնք նշում են, որ եթե հոսպիտալը փակվում է, իրենք այլ բուժվելու տեղ չունեն: «Տեսեք՝ ինչքան հիվանդներ կան, որոնք աշխատել ու ծառայել են հայրենիքի համար, 70%-ը դարձել է հաշմանդամ աշխատանքի ընթացքում: Ուրիշ բուժվելու տեղ չունենք, բացի մեր հոսպիտալից, ոչ մի տեղ չեն ընդունում մեզ բուժելու. եթե ընդունում են, ապա չեն բուժում եւ 7 օրից դուրս են գրում՝ ասելով, որ պետպատվերը վերջացավ»,-նշել են նրանք:
ԲՈՂՈՔԸ ՄԵՐԺՎԵՑ
ԱԺ նախկին պատգամավոր, «ՄԱՊ»-ի Ալիկ անունով հայտնի Ալեքսան Պետրոսյանի ազատ արձակման որոշման դեմ բողոքը մերժվել է: Հիշեցնենք, որ հունվարի 10-ին Ալիկ Պետրոսյանը 30 միլիոն դրամ գրավի դիմաց է ազատ արձակվել: Ա. Պետրոսյանը կալանավորվել է բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում: Ձերբակալված է եղել նաեւ նրա որդին՝ Մակար Պետրոսյանը, սակայն որոշ ժամանակ անց ազատ է արձակվել: Նշենք, որ Պետրոսյանը մեղադրվում է փողերի լվացմանն օժանդակելու համար:
ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏՎԵՑ
Կառավարությունը որոշում է կայացրել Վահագն Վերմիշյանին Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից ազատելու մասին: Նշենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը ստացել էր փաստական տվյալներ, որ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով եւ անձնական շահագրգռվածությունից ելնելով, շինարարական աշխատանքներ ծավալող անձանց կամ կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, ինչպես անձամբ, այնպես էլ մտերիմի միջոցով 5 դեպքով խոշոր եւ առանձնապես խոշոր՝ 1.000.000-2.500.000 ՀՀ դրամի չափով գումարի կամ ապրանքանյութական արժեքների տեսքով կաշառք ստանալու դիմաց՝ 2019թ. ընթացքում նրանց օգտին կատարել է գործողություններ կամ նպաստել է ցանկալի որոշումների արագ կայացմանը եւ տրամադրմանը:
ՉԻ ՆԵՐԿԱՅԱՑԵԼ
Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) հաստատել է այն տեղեկությունը, որ Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանին հրավեր են ուղարկել՝ որպես վկա հարցաքննելու համար: Մ. Մինասյանը, սակայն, ըստ ՀՔԾ-ի, չի ներկայացել հարցաքննության: Թե ինչ քրեական գործով է նա վկայի կարգավիճակ ստացել, ՀՔԾ-ն չի մանրամասնել՝ միաժամանակ հերքելով տեղեկությունը, որ նախկին դեսպանը օրերս Հայաստան է վերադարձել: