ՏՀԱՃ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ՝ ԹՈՒՐԻՆՅԱՆ «ԱՄՐՈՑ» ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒՑ ԱՌԱՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավարտվեցին եվրոպական ամենահեղինակավոր ֆուտբոլային մրցաշարի՝ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպումները, որոնցում առավելության կարողացան հասնել ֆավորիտները, սակայն եղան նաեւ հանդիպումներ, որտեղ գրանցվեցին խոշոր անակնկալներ:

Պատասխան հանդիպումներին կա դեռ տեւական ժամանակ: Առաջարկում ենք անդրադառնալ բոլոր կայացած հանդիպումներին եւ ջրի երես դուրս բերել պարտված թիմերի խնդիրներն ու հաղթողների գաղտնի զենքերը:
«Ժողովուրդ» օրաթերթի այս համարում կխոսենք առաջին հանդիպումներից վերջինի՝ «Օլիմպիկ Լիոն»-«Յուվենտուս» խաղի մասին:
Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի վիճակահանությունից հետո, երբ պարզ դարձավ, որ իտալական ակումբը խաղալու է Լիոնը ներկայացնող ակումբի հետ, բոլորը շտապեցին թուրինցիներին առանց պայքարի շնորհել Զ եզրափակչի ուղեգիր: Այդպես էին մտածում նաեւ Թուրինում, իսկ ինչ եղավ արդեն փետրվարի 26-ի լույս 27-ի գիշերը, գիտենք բոլորս:
«Օլիմպիկ Լիոն»-ը, Ռուդի Գարսիայի գլխավորությամբ, կարողացավ նվազագույն հաշվով հաղթել «Յուվենտուս»-ին ու պատասխան խաղից առաջ անքուն գիշերներ պարգեւել Մաուրիցիո Սարիին եւ իր տղաներին:
«Ծեր սինյորան» բառիս բուն իմաստով ձախողեց դիմակայության առաջին հանդիպման առաջին խաղակեսը: Մաուրիցիո Սարիի թիմը մի փոքր ֆուտբոլ խաղաց միայն առաջին 5-10 րոպեների ընթացքում, իսկ դրանից հետո ֆրանսիացիները իրենց պայթյունավտանգ գրոհներով շնչելու հնարավորություն չէին տալիս թուրինցիներին: Հետաքրքիրն այն է, որ ֆրանսիական ակումբը չէր խաղում միայն հակագրոհների վրա: Առաջին խաղակեսում եղավ րոպեների «կույտ», երբ «Լիոն»-ը ուղղակի պաշարել էր դե Լիգտի եւ Լեո Բոնուչիի «գլխավորած» տուգանային հրապարակի մատույցները: Ի վերջո, այդ բազմաթիվ եւ տարատեսակ գրոհներից մեկը վերածվեց գոլի: 31-րդ րոպեին Հուսեմ Օարը աջ եզրում կարողացավ հեշտությամբ շրջանցել Դանիլոյին եւ փոխանցում կատարել տուգանային հրապարակ ներխուժած ֆուտբոլիստների ուղղությամբ. այստեղ Լուկաս Տուսարն էր, ով մեկ հպումով գնդակն ուղարկեց Շեսնիի պաշտպանած դարպասը: Առաջին խաղակեսում լիոնցիները չէին ցանկանում սահմանափակվել ձեռք բերածով եւ փորձում էին «զոհին» բռնել հակագրոհների վրա: Հակագրոհները եղան, բայց, բախտի բերմամբ եւ Մատիաս դե Լիգտի մեծ ջանքերով, «Յուվեն» առաջին խաղակեսն ավարտեց՝ զիջելով մրցակցին ընդամենը 1 գնդակ:
Առաջին խաղակեսում թուրինցիները մրցակցի դարպասի մոտ ստեղծեցին վտանգավոր պահեր, բայց այդպես էլ չունեցան 100%-անոց գոլային պահ: Իհարկե, սրա համար պետք է արժանին մատուցել Ռուդի Գարսիային եւ իր ֆուտբոլիստներին լավ պաշտպանվելու համար, բայց արդարության համար պետք է նշել նաեւ, որ ոչ թե «Լիոն»-ն էր անսխալ փակել բոլոր գոտիները, այլ «Յուվենտուսն» էր գրոհում շատ վատ: Օլիմպիկցիները պաշտպանությունում բացեր տալիս էին, սակայն թուրինյան թիմի վերջին փոխանցումները գրեթե միշտ անհասցե էին լինում: Երկրորդ խաղակեսում «Յուվենտուսը» ուներ ե՛ւ խաղային, ե՛ւ տարածքային մեծ առավելություն: Թուրինյան թիմը գնդակին տիրում էր 67%-ը 33%-ի դիմաց, իսկ երկրորդ 45 րոպեների ընթացքում Ծեր սինյորան դարպասին հարվածել է 11 անգամ՝ մրցակցի 1-ի դիմաց. հետաքրքիրն այն է, որ այդ հարվածներից միայն 1-ն է եղել դիպուկ: «Լիոնը» ատամներով կրծեց եւ կարողացավ պատասխան խաղից առաջ պահել դիմակայության ինտրիգը:
«Յուվենտուսը» Սարիի գլխավորությամբ դեռեւս չի կարողանում գտնել իր խաղը եւ ցուցադրում է անկանոն ֆուտբոլ: Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Օլիմպիկ Լիոնի» դեմ խաղը դրա վառ ապացույցն է: Այս մրցաշրջանում եղել են հանդիպումներ, երբ թվացել է, որ թուրինյան թիմը հարմարվել է «սարիբոլին», բայց դեռեւս այդպես չէ: Անշուշտ, պետք է նշել նաեւ այն, որ Ծեր սինյորան ուներ խնդիր խաղի մեջ մտնելու: Թուրիցիների համար առաջիկա երկու հանդիպումները շատ ծանր են լինելու. նախ՝ հանդիպում «Ինտերի» հետ Ա սերիայի շրջանակներում, ապա՝ դիմակայություն Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի պատասխան խաղի շրջանակներում «Միլանի» դեմ: Այս երկու խաղերից առաջ ե՛ւ Սարին, ե՛ւ ֆուտբոլիստները մտածում էին «Լիոնին» «քայլելով» հաղթելու մասին. հենց սա էլ չար կատակ խաղաց Ապենինյան թերակղզու ներկայացուցիչների հետ:
Պատասխան հանդիպումը կկայանա Թուրինում մարտի 17-ին: Իհարկե, շատ դժվար է պատկերացնել, որ «Յուվենտուսը» դուրս կմնա հետագա պայքարից: Չնայած տհաճ հաշվով պարտությանը՝ «Յուվեն» շարունակում է մնալ այս դիմակայության բացահայտ ֆավորիտը:
Թուրինցիները խաղին պատրաստվելու երկար ժամանակ ունեն եւ հանգիստ կարող են վերադասավորել իրենց ուժերը: Նախորդ մրցաշրջանում Ռոնալդուն եւ ընկերները առաջին խաղում 0:2 հաշվով զիջել էին Մադրիդի «Ատլետիոյին», սակայն պատասխան խաղում հաղթելով 3:0 հաշվով՝ դուրս եկան քառորդ եզրափակիչ:
Վերադառնալով այս խաղին՝ նշենք՝ «Յուվեն» օլիմպիկցիներին պարտվեց ոչ թե մրցակցի իդեալական խաղի պատճառով, այլ սեփական մեծ սխալների. չկար կարգապահ ֆուտբոլ, չկար վերջին փոխանցումների ճշգրտություն, անհասցե էին բոլոր երկար փոխանցումները տուգանային հրապարակ, եւ չկար, ի վերջո, այն «սարիբոլը», որը «Յուվեից» սպասում են բոլորը:
Ինչեւէ, այս արդյունքը դիմակայության երկրորդ «պարտիան» ե՛ւ ավելի սպասված, ե՛ւ ավելի հետաքրքիր է դարձնում

ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

 

 

ԲԱԼ ՉԻ ՎԱՃԱՌՎԻ
Սեպտեմբեր ամսին, երբ արդեն ոստիկանության աշխատակիցների կողմից արձանագրությունները նաեւ բալ կհաշվեն, ղեկին ծխելու համար կհանվի 1 բալ. այս մասին ասել է ՃՈ պետ Եգոր Կարապետյանը: Անդրադառնալով հասարակական տրանսպորտի վարորդների ծխելու փաստին՝ Կարապետյանը նշել է, որ ամսական մի քանի անգամ կոնկրետ միջոցառումներ են իրականացնում այդ առիթով: «ՃՈ աշխատակիցները կանգնեցնում, ստուգում են հասարակական տրանսպորտային միջոցը. եթե լինում են խախտումներ, ապա մեքենան տեղափոխում են հատուկ պահպանվող տարածք»,-ասել է ՃՈ պետը:
«Նկատել ենք, որ համացանցում բալեր են վաճառվում, եւ պատկան մարմինները զբաղվում են դրանով: Ճանապարհային ոստիկանությունն ունի հնարավորություն՝ տեսնելու, թե ով է տվյալ տրանսպորտային միջոցի մեջ, ուստի հնարավոր է բացահայտել նմանատիպ դեպքերը»,-ասել է Ե. Կարապետյանը:

 

 

 

ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ԿԱՐԳԵԼՎԻ
Հայաստանի Հանրապետության կառավարության նիստում որոշվել է հաստատել Հայաստանի տարածքից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններ արտահանման ենթակա, հայկական ծագում ունեցող արգելված ապրանքների ցանկը: Հարցը ներկայացրել է շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը՝ նշելով, որ այս որոշմամբ առաջարկվում է արգելել փայտանյութի եւ դրանից պատրաստված որոշ ապրանքների արտահանումը երրորդ երկրներ: Նա հավելել է, որ այս արգելքը վերաբերում է մասնավորապես վառելափայտին, գերաններին:
Նախարարի խոսքով՝ այս արգելքը 6 ամսով է, քանի որ այն պետք է ուղարկվի ԵԱՏՄ երկրներին՝ հաստատման. եթե նրանք չհաստատեն, ապա, միեւնույնն է, 6 ամսով արգելքը գործելու է, իսկ եթե հաստատվի, ապա կարգավորումը կգործի ավելի երկար ժամանակով:

 

 

 

ՏԵՂԱՓՈԽՎԵԼ Է ՀՈՍՊԻՏԱԼ
Երեկ Գեղարքունիքի մարզում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 08:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 23-ամյա Արման Պ.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 80 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել փայտյա էլեկտրասյանը եւ հայտնվել դաշտում: Վթարի հետեւանքով վարորդ Արման Պ.-ն մարմնական վնասծաքներով տեղափոխվել է Գեղարքունիքի կայազորային զինվորական հոսպիտալ: Հարվածի հետեւանքով էլեկտրասյունը տապալվել է: Նշենք, որ վարորդ Արման Պ.-ն ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող:

 

 

 

ՄԱՅՐ ՏԱՃԱՐԻ ՀԱՄԱՐ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարում է համազգային հանգանակություն՝ ի նպաստ Մայր Տաճարի հիմնանորոգության եւ բարեզարդության: Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի հրատապ ամրակայման եւ հիմնանորոգության աշխատանքները սկսվել են 2017թ.-ից: Հաստատվել է աշխատանքային խումբ: Սփյուռքի տարբեր թեմերում եւ համայնքներում ձեւավորվել են տեղական հանձնախմբեր:




Լրահոս