«Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է հինգ հայ աստղերի, որոնք ժամանակին մեծ փառք ու հռչակ էին վայելում շոու-բիզնեսում, սակայն այժմ ընդհատակ են անցել: Նրանք սիրված էին, ժամանակին հայտնվում էին ամենահայտնի ամսագրերի շապիկներին, հաճախ երեւում էին էկրաններին, սակայն այսօր նրանց միանշանակ կարելի է դասել «կորած աստղերի» շարքը:
Աիդա Սարգսյան
Երգչուհի Աիդա Սարգսյանը տեւական ժամանակ է՝ լքել է հայրենիքն ու բնակություն հաստատել Միացյալ Նահանգներում: Ուսումնասիրելով նրա ֆեյսբուքյան էջը՝ տեղեկանում ենք, որ երգչուհին բնակվում է Լոս Անջելեսում: Ամուսնալուծությունից հետո տեւական ժամանակ էր՝ նա հարցազրույցներ չէր տալիս, ապա հանդես եկավ մի քանի անկեղծ խոստովանություններով: Օրինակ՝ հարցազրույցներից մեկի ժամանակ Աիդան նշել է, որ երեխային չի արգելում շփվել հոր հետ: Հիմա երգչուհին ԱՄՆ-ում է հենց դստեր հետ: Նա էկրաններին չի երեւում, վերջին շրջանում խուսափում է հարցազրույցներից:
Մայա Մարգարյան
Ժամանակին հայկական շոու-բիզնեսի ամենավառ աստղերից մեկը, տղաների սիրելի Մայա Մարգարյանը եւս բավականին երկար ժամանակ է՝ Հայաստանում չի ապրում: Նա ավելի քան 8 տարի է՝ բնակություն է հաստատել Ֆրանսիայում: Մայան այնտեղ պարային ու երաժշտական գործունեություն է ծավալում, ինչպես նաեւ աշխատում է Ռուանի քաղաքապետարանում: Բացի այդ, Մայան իր երկու ընկերուհիների հետ ստեղծել է «Կիլիկիա» հայկական միությունը: Երգչուհին ամուսնացել է, ունի որդի: Ինչպես ինքն է նշում, որդու ծնունդից հետո երգչուհու կյանքն առանձնակի իմաստ է ստացել:
Էլլա Տարունց
Երբ երգչուհին մեկը մյուսի ետեւից թողարկում էր «Եկել եմ», «Քեզ սիրեմ, սիրեմ», «Top 10 of Yerevan», «Խռովել է», «Ապրի Էլլան» ձայնասկավառակները, հայկական էստրադայում իսկական բում էր անում: Վերջին տարիներին, սակայն, նա էկրաններին չի երեւում՝ ո՛չ որպես երգչուհի, ո՛չ որպես հաղորդավար: Դեռեւս 2018-ին Էլլան հայտնել էր, որ բնակվում է Բրյուսելում, ելույթներ է ունենում երգիչ Հայկ Կասպարովի եւ DJ Արմանի հետ: «Ինձ համար տարբերություն չկա՝ որ երկրի հայերի համար եմ երգում. բոլորն էլ ջերմ են: Երգերը կատարում եմ հաճույքով ու ստանում փոխադարձ վերաբերմունք»,- ասել էր Տարունցը: Նա հավելել էր, որ հայրենիքից նեղացած չէ, հակառակը՝ միշտ գնահատված է եղել Հայաստանում եւ իրեն երջանիկ մարդ է համարել:
Արփինե Բեկջանյան
Արփինեն երկար տարիներ է՝ բնակություն է հաստատել Միացյալ Նահանգներում: Նրա դուստրն այնտեղ է դպրոց հաճախում: Երգչուհին աղջկա հետ ԱՄՆ-ում է, իսկ նրա ամուսինը՝ երգիչ, երգահան Արման Էլբերտը, իրենց որդու հետ՝ Հայաստանում: Երկուսն էլ տարբեր հարցազրույցների ժամանակ հաճախ են նշում, որ անչափ կարոտում են միմյանց եւ անելու են ամեն ինչ, որպեսզի ընտանիքով նորից մեկ տեղ ապրեն: Իհարկե, Արփինեն պարբերաբար գալիս է Երեւան, Արմանն էլ իր հերթին գնում է Միացյալ Նահանգներ: Ինչպես Երեւանում, արտերկրում էլ երգչուհին ելույթ է ունենում կորպորատիվների շրջանակում, սակայն, ցավոք, նա պասիվացրել է գործունեությունը շոու-բիզնեսում:
Սրբուհի Քեքեջյան
1990-ականների ամենահայտնի աստղերից մեկն էր Սրբուհին, սակայն, կարելի է ասել, նոր ժամանակներում նա չդիմացավ մրցակցությանը: Ժամանակին նա բավականին սիրված էր, ուներ բազում հիթեր եւ տեսահոլովակներ։ Այժմ Սրբուհին չի երգում, գրանցված չէ սոցցանցերում, եւ նրա մասին դժվար է որեւէ տեղեկություն գտնել: Ամեն դեպքում, Սրբուհու վաղեմի երկրպագուները շարունակում են յութուբյան ալիքներում ներբեռնել նրա երգերն ու տարածել: Կա մի զանգված, որը հիշում է Սրբուհուն:
ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆ
ԴՊՐՈՑՆԵՐԻ ԳԱԶԱՖԻԿԱՑՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
«Բուրժույկաներից» մինչեւ ժամանակակից ջեռուցման համակարգ. «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունն իրականացնում է դպրոցների գազաֆիկացման լայնամասշտաբ նախագիծ:
«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը ռեգիոնների դպրոցների գազաֆիկացման նախագծի իրականացմանը տրամադրել է 110 մլն ՀՀ դրամ /230 հազ.դոլար/:
«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը Գեղարքունիքի եւ Արարատի մարզերի հանրակրթական հաստատություններում ավարտին է հասցնում ջեռուցման համակարգերի անցկացման ծրագիրը: Ծրագրի առաջին փուլը նախատեսում է հինգ դպրոցների գազաֆիկացում եւ ջեռուցման համակարգերի տեղադրում, որտեղ գրեթե 30 տարի դասասենյակների ջեռուցման խնդիրը լուծվում էր «բուրժույկաների» եւ հեղուկ վառելիքի միջոցով:
Ծրագրի առաջին փուլն ավարտվել է: Վարդենիսի 3 հիմնական դպրոցներն արդեն օգտվում են ջեռուցման լոկալ համակարգից:
Սոթք գյուղի դպրոցում, դպրոցին կից գործող մանկապարտեզում եւ Արարատ քաղաքի դպրոցներից մեկում ջեռուցման համակարգերի մոնտաժման աշխատանքները եւս մոտենում են ավարտին, եւ 2020թ. մարտին նախատեսվում է դրանք հանձնել շահագործման:
Ծրագրի իրականացման կոորդինատոր «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության արտաքին կապերի եւ սոցիալական քաղաքականության ղեկավար Ռուզաննա Գրիգորյան. «Ծրագրի իրականացման արդյունքում ներդրվել են ջեռուցման ժամանակակից եւ անվտանգ համակարգեր, կառուցվել է 1350 գծամետր լոկալ գազատար, մոնտաժվել են ընդհանուրը 15 000 քառակուսի մետր մակերեսով ջեռուցման համակարգեր: Ծրագրի ամբողջ արժեքը կազմում է 150 մլն ՀՀ դրամ, որից 40 մլն դրամը ներդրվել է դպրոցների խնայված միջոցներից, իսկ 110 մլն դրամը /230 հազ. դոլարը/ տրամադրել է «ԳեոՊրոմայնինգ» ընկերությունը: Երկու տարի շարունակ մենք աշխատել ենք այս ծրագրի նախապատրաստման եւ իրականացման ուղղությամբ եւ այսօր շատ ուրախ ենք դրա հաջող ավարտի համար: Մեր երեխաների ուսման համար տաք եւ հարմարավետ պայմանների ապահովումը մեր գործընկերների եւ կապալառուների համատեղ աշխատանքի այդյունքն է, որոնք աջակցեցին մեզ այս նախագծի իրականացման գործում:
4STOPPED
«ԳեոՊրոՄայնինգ» ընկերության նախագահ Ռոման Խուդոլի. «Կրթական ենթակառուցվածքներում սոցիալական ներդրումները մեր ընկերության կորպորատիվ եւ սոցիալական քաղաքականության առաջնահերթություններից են: Մենք մեր սոցիալական ծրագրերում շեշտը դնում ենք երիտասարդ սերնդի կրթության եւ առողջության ապահովման վրա, որին հնարավոր չէ հասնել առանց այդ գործընթացների համար հարմարավետ պայմանների ստեղծման եւ ճիշտ մոտիվացիայի: Կրթությունը եւ սպորտը այն ոլորտներն են, առանց որոնց հնարավոր չէ դաստիարակել ուժեղ եւ արդյունավետ ապագա սերունդ, եւ այդ հարցում մենք միշտ աջակցում ենք տեղական իշխանությունների եւ քաղաքացիների առողջ նախաձեռնություններին»:
Հաշվի առնելով ծրագրի առաջին փուլի հաջող փորձը՝ մենք մտադիր ենք շարունակել այս գործընթացները: Մենք վճռականորեն կաջակցենք, որպեսզի Հայաստանի Հանրապետության մեր ներկայության մարզերի բոլոր դպրոցներում եւ նախադպրոցական հաստատություններում ապահովենք ուսման հարմարավետ պայմաններ:
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան. «Մեր դպրոցներում ժամանակակից եւ քաղաքակիրթ ջեռուցման կազմակերպման հարցը իսկապես բարդ խնդիր է: Ցավոք, տեղական բյուջեն թույլ չի տալիս այդ մասշտաբի նախագծեր իրականացնել: Ամեն տարի մենք վառելիք ենք գնում դժվարությամբ տնտեսած միջոցներով, ինչը մեր երեխաների ուսման համար հարմարավետ պայմաններ չի ապահովում: Այս խնդրի լուծման գործում «ԳեոՊրոմայնինգ» ընկերության ֆինանսական օժանդակությունն ու ավանդն անգնահատելի են. այն տեղից շարժեց եւ լուծելի դարձրեց երկար տարիներ օդում կախված հարցը: Բացի դրանից, ընկերությունն աշխատում է նաեւ մարզում առկա մի շարք այլ սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ, որոնցով էլ սոցիալական լուրջ աջակցություն է ցուցաբերում սահմանամերձ բնակավայրերի զարգացմանը»:
ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱՅԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Կայացան Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի պատասխան հանդիպումները: Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի «Ռոման» 1:1 հաշվով ավարտեց Բելգիայում կայացած խաղը «Գենտի» հետ եւ հաղթելով ընդհանուր 2:1 հաշվով՝ նվաճեց 1/8 եզրափակչի ուղեգիր:
Բելգիացիներից խաղի 25-րդ րոպեին աչքի ընկավ Ջոնաթան Դեյվիդը, իսկ հռոմեացիներից պատասխան գոլը Հենրիխ Մխիթարյանի հրաշալի փոխանցումից հետո խփեց Ջաստին Կլյուվերտը (29‘):
Մյուս խաղերում գրանցվեցին հետեւյալ արդյունքները`
«Բաշակշեիր» – «Սպորտինգ»`4:1 (առաջին հանդիպում` 1:3, ընդհանուր հաշիվ` 5:4)
«Բազել» – ԱՊՕԵլ` 1:0, (3:0), (4:0)
«Էսպանյոլ» – «Վուլվզ»` 3:2, (0:4), (3:6)
«Պորտու» – «Բայեր Լեւերկուսեն»` 1:3, (1:2), (2:5)
«Լասկ» – ԱԶ` 2:0, (1:1), (3:1)
«Մալմյո» – «Վելֆսբուրգ»` 0:3, (1:2), (1:5)
«Այաքս» – «Խետաֆե»` 2:1, (0:2), (2:3)
«Արսենալ» – «ՕԼԻՄՊԻԱԿՈՍ»` 1:2, (0:1), (2:2)
«Բենֆիկա» – «Շախտյոր Դոնեցկ»` 3:3, (1:2), (4:5)
«Սելտիկ» – «Կոպենհագեն»՝1:3, (1:1), (2:4)
«Ինտեր» – «Լուդոգորեց»` 2:1, (2:0), (4:1)
«Մանչեստեր Յունայթեդ» – «Բրյուգե»` 5:0, (1:1), (6:1)
«Սեւվիլիա» -«Կլյուժ»` 0:0, (1:1), (1:1):
ՀԱՅՏՆԻ Է ԼԱՎԱԳՈՒՅՆԸ
Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Մանչեստեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կեւին դե Բրույնեն: Բելգիացին 1/8 եզրափակչի առաջին խաղում «Ռեալի» դեմ դարձել էր գոլի ու գոլային փոխանցման հեղինակ:
Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանն էին հավակնում նաեւ «Բավարիայի» ֆուտբոլիստ Սերժ Գնաբրին, «Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկեցը եւ «Լիոնի» կիսապաշտպան Հուսեմ Օարը:
70 ՄԼՆ ԵՎՐՈ` ՌՈՒԻՍԻ ԴԻՄԱՑ
Ինչպես տեղեկացնում է Calciomercato-ն, Մադրիդի «Ռեալը» պատրաստվում է ամռանը գնել իտալական «Նապոլիի» ֆուտբոլիստ Ֆաբիան Ռուիսի տրանսֆերը: Ըստ աղբյուրի՝ իսպանական ակումբը պատրաստ է Ռուիսի համար վճարել 70մլն եվրո: Իսպանացու ծառայություններով հետաքրքրված է նաեւ կատալոնական «Բարսելոնան»:
Հիշեցնենք, որ կիսապաշտպանն այս մրցաշրջանում անցկացրած 21 խաղում դարձել է 2 գոլի ու նույնքան գոլային փոխանցման հեղինակ:
ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ