Մարտի 5-ին Գյումրի քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկում մորը եւ դստերը դաժանորեն ծեծի ենթարկելու դեպքը խիստ մտահոգության տեղիք է տալիս: Ի՞նչ աստիճան դաժան պետք է լինի տղամարդը, որ այնպես ծեծի կնոջն ու երեխային, որ կինը մահանա, իսկ երեխան պայքարի ապրելու համար:
Ի՞նչ է եղել մարտի 5-ին
Ժամը 15:40-ին հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժին հաղորդում է ստացվել, որ «տրավմային շոկ, գանգուղեղային փակ վնասվածքով» Պռոշյան փողոցի տներից մեկից բուժօգնության է տեղափոխվել 13-ամյա մի աղջիկ: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները բնակարանում հայտնաբերել են աղջկա մոր՝ 43-ամյա Մարինե Խ.-ի դիակը՝ բռնության հետքերով։
Ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներով Գյումրու ոստիկանները պարզել են դեպքի որոշ հանգամանքներ: Հայտնաբերվել եւ հանցագործություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել 28-ամյա մի տղամարդ:
Նա ներկայացվել է նախաքննությունն իրականացնող մարմնին: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Ո՞վ եւ ինչո՞ւ էր ծեծել մորը եւ աղջկան
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ 43-մյա Մարինե . Խ-ի եւ նրա 13-ամյա դստերը ծեծի է ենթարկել 28-ամյա Դավիթ Պողոսյանը: Իսկ ի՞նչն էր եղել դաժան ծեծի պատճառը: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ 43-ամյա Մարինե Խ.-ի ամուսինը մահացել էր, եւ վերջինս ապրում էր դստեր հետ մենակ: Մարինեն ունեցել է ընկեր` 28-ամյա Դավիթ Պողոսյանը, որը պարբերաբար այցելել է նրանց տուն, իսկ երբեմն էլ գիշերել այնտեղ: Եվ, ահա, մարտի 5-ին Մարինեի եւ Դավիթի միջեւ կենցաղային հարցերի շուրջ կռիվ է եղել, մասնավորապես՝ Դավիթը խանդի թեմայի շուրջ վիճել է Մարինեի հետ եւ սկսել է ծեծի ենթարկել նրան: 13-ամյա աղջիկը, տեսնելով, թե ինչպես է Դավիթ Պողոսյանը ծեծումմորը, սկսել է միջամտել` խնդրելով, որ չհարվածի: Դավիթը, փոխանակ զգաստանալու, իրեն միջամտող 13-ամյա աղջկան եւս սկսել է հարվածել:
Ամեն անգամ աղջիկը, ընկնելով հատակին, կրկին ոտքի է կանգնել եւ խնդրել է չծեծել, սակայն ամեն միջամտության ժամանակ Դավիթ Պողոսյանը ծեծել է աղջկան: Եւ այս վիճաբանությունն ու ծեծը տեւել է մի քանի ժամ, որից հետո Դավիթ Պողոսյանը հանդարտվելով նկատել է, որ Մարինե Խ.-Ն մի քանի ժամ է, ինչ ընկած տեղից չի շարժվում. մոտենալով նրան՝ հասկացել է, որ ծանր վիճակում է, զանգահարել է շտապօգնություն: Եվ, ահա, շտապօգնությունը տեղ է հասել, եւ բժիշկները արձանագրել են, որ կինը մահացել է, իսկ երեխային տեղափոխել են հիվանդանոց:
Ծայրահեղ ծանր
Այժմ 13-ամյա աղջիկը գտնվում է «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոցում, եւ բժիշկները նրա վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր: Ըստ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանի՝ կատարվել է կրկնակի պոլիօրգան համակարգչային տոմոգրաֆիա, որի միջոցով հաստատվել է, որ աղջիկն ունի ծանր զուգակցված բազմակի տրավմա, գլխուղեղի փակ տրավմա, սալջարդ, ուղեղի այտուց, սուբարախնոիդալ արյունազեղում, քթի բազմակի ոսկորների, ծնոտի, ամրակի, 10-րդ կողի կոտրվածքներ, կրծքավանդակում արյան կուտակումներ:
Ո՞վ է դաժան ծեծի ենթարկող Դավիթ Պողոսյանը
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ վերջինս նախկինում երեք անգամ դատապարտված է եղել: 2011 թվականին նա 2 տարի ժամկետով ազատազրկման է դատապարտված եղել ՀՀ քր. օր-ի 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ գողության համար: Պատժի կրումից ազատվել է համաներումով:
2012 թվականին ազատազրկման է դատապարտվել 1 տարի ժամկետով, ՀՀ քր. օր-ի 137 հոդվածի 1-ին մասով՝ սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքի համար:
2013թվականին 2 տարի ժամկետով ազատազրկման է դատապարտվել կողոպուտի համար:
Եւ այսպես, 2017 թվականին Դավիթ Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ. ապրիլի 6-ին՝ ժ.15:30-ի սահմաններում, կատարել է խուլիգանություն, որը զուգորդվել է հասարակական կարգի խախտումը խափանող ՀՀ քննչական կոմիտեի ՇՄ քննչական վարչության ավագ քննիչներ Շ.Իկիլիկյանի եւ Ա.Փիլոյանի նկատմամբ դիմադրություն ցույց տալով եւ նրանց նկատմամբ բռնություն գործադրելով:
Դատելով իրավիճակից՝ բազմաթիվ անգամ իրավապահների տեսադաշտում հայտնված, ազատազրկման դատապարտված Դավիթ Պողոսյանը այդպես էլ դասեր չի քաղել եւ հայտնվելով ազատության մեջ՝ այս անգամ կյանք խլեց , իսկ 13-ամյա աղջկան էլ հասցրեց ծայրահեղ ծանր վիճակի` թողնելովորբ:
Ինչի՞ մասին է խոսում վիճակագրությունը
Իսկ ի՞նչ իրավիճակ ունենք ընտանեկան բռնության դեպքերի մասով: Ինչպես հայտնի է, 2017 թվականի դեկտեմբերի 13-ին՝ մեծ աղմուկից եւ բազմաթիվ քննադատություններից հետո, ընդունվեց «Ընտանեկան բռնության մասին»օրենքը։ Օրենքի ընդունումը, ըստ էության, պետք է շատերի համար դաս լիներ, սակայն վիճակագրությունը այլ բան է ասում:
Մասնավորապես, ՀՀ քննչական կոմիտեում ուսումնասիրվել են ՔԿ վարույթում 2018 թվականի ընթացքում ընտանիքում բռնության վերաբերյալ քննված քրեական գործերը։
Այսպիսով, կոմիտեում 2018 թվականի ընթացքում քննվել է ընտանիքում բռնության վերաբերյալ 519 քրեական գործ՝ նախորդ տարվա 458-ի դիմաց:
Քրեական գործերի մեծ մասը վերաբերել են ամուսնու կողմից կիրառված բռնությանը, գրանցվել են նաեւ ընտանիքի այլ անդամների կողմից կատարված առերեւույթ հանցագործության դրսեւորումներ։
Այսպես, 519 քրեական գործերից 267-ը վերաբերել է ծեծին, 66-ը՝ սպանության կամ առողջությանը ծանր վնաս պատճառելուն կամ գույք ոչնչացնելու սպառնալիքին, 34-ը՝ դիտավորությամբ առողջությանը թեթեւ վնաս պատճառելուն, 17-ը՝ սեռական հարաբերությանը 16 տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելուն 16 տարին չլրացած անձի հետ, 15-ը՝ ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելուն, 12-ը՝ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելուն: Վարույթում գտնվող գործերովորպեստուժող ճանաչվել է 493 անձ, որոնցից 25-ը՝ մինչեւ 12 տարեկան, 8-ը՝ 12-14 տարեկան, 24-ը՝ 14-16 տարեկան, 9-ը՝ 16-18 տարեկան, 183-ը՝ 18-35 տարեկան, 244-ը՝ 35 տարեկանից բարձր:
2019 թվականի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի մարմինների եւ ստորաբաժանումների կողմից նախապատրաստվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 422 նյութ:
2019 թվականի ընթացքում Կոմիտեի վարույթում է գտնվել ընտանեկան բռնության վերաբերյալ 635 քրեական գործ, որից 8-ը՝ Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում:
2019 թվականի ընթացքում Կոմիտեի վարույթում եղած ընտանեկան բռնության վերաբերյալ վերը նշված 635 քրեական գործերից 14-ը հարուցված են եղել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածով (սպանությունը), 2-ը` ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածով (անզգուշությամբ մահ պատճառելը), 4-ը` ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածով (ինքնասպանության հասցնելը), 11-ը` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը), 12-ը` ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածով (դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը),338-ը` ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով (ծեծը):
Ստացվում է, որ գրեթե ամեն տարի ունենք ընտանեկան բռնության դեպքերի 100-ով ավելացում, ինչը խիստ մտահոգության տեղիք է տալիս: Մի շարք իրավաբաններ այս հանգամանքը բացատրում են նրանով, որ հասարակությունը իրազեկված է. եթե նախկինում չեն բողոքել, ապա հիմա, երբ ենթարկվում են բռնության, դիմում են իրավապահներին, սակայն անգամ այս իրավիճակում իրավաբանները ահազանգում են, որ պատկերը մտահոգիչ է, եւ ոչ մի նոր օրենք որեւէ կերպ չի շտկում իրավիճակը:
Քնար Մանուկյան