ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐՎԵԼ Է ՄԱՐԶԻ ՀԱՇՎԱՌՈՒՄ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ հաշվեքննիչ պալատը ուսումնասիրել է Սյունիքի մարզպետարանի 2017-2018 թվականների ֆինանսական գործունեությունը: Այլ կերպ ասած` Պալատը ուսումնասիրության առարկա է դարձրել Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի եւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական Կարեն Համբարձումյանի պաշտոնավարման ժամանակահատվածը:

ՀՀ հաշվեքննիչ պալատը ստուգել է 2017 եւ 2018 թվականների Սյունիքի մարզպետարանի կողմից պետական բյուջեի մուտքերն ու ելքերը: Նշենք, որ հաշվեքննությունն ընդգրկել է 2017 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2018 թվականի դեկտեմբերի 31-ը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մարզպետարանի աշխատակազմի թվով 4 աշխատակիցներ 24 աշխատանքային օրեր գտնվել են արտերկրում, սակայն նրանց հաշվարկվել եւ վճարվել է 401 հազար դրամ աշխատավարձ: Պարզվել է, որ թվով 16 հանրակրթական դպրոցներում 43 աշխատակիցներ 2017-2018 թվականներին 862 աշխատանքային օրեր գտնվել են արտերկրում, բայց վերջիններիս ներկայությունը ամրագրված է եղել հաշվետախտակներում, եւ, չնայած սրան, հաշվարկվել եւ վճարվել են աշխատավարձեր՝ ընդամենը 3 մլն 919 հազար 240 դրամ: Մեզ հայտնի դարձավ, որ այդ գումարից միայն 3 մլն 86 հազար դրամն է վերականգնվել դպրոցների կողմից: Պարզվում է, որ Սյունիքի մարզի առողջապահական եւ բժշկական 4 ընկերությունների թվով 43 աշխատակիցներ 198 աշխատանքային օրեր եւս գտնվել են արտերկրում (նրանց ներկայությունները եւս ամրագրված են հաշվետախտակներում), բայց դարձյալ ստացել են աշխատավարձ՝ 1 մլն 146 հազար դրամի չափով: Ստացվում է, որ 2017-2018 թվականներին մարզպետարանի եւ նրա ենթակայության 23 հիմնարկների 92 աշխատակիցներ 1157 աշխատանքային օրեր գտնվել են արտերկրում եւ ստացել են աշխատավարձ՝ 5 մլն 690 հազար 400 դրամ:
Ըստ Հաշվեքննիչ պալատի՝ մարզպետարանում բացակայել է դրամական օգնությունները տրամադրելու համապատասխան հրամանով հաստատված կանոնակարգը, որի հետեւանքով արձանագրվել են անհամապատասխանություններ: Մարզպետի հրամանով ստեղծված հանձնաժողովը ոչ բոլոր դիմումներն է ուսումնասիրել եւ պատշաճ հետազոտել պահանջվող փաստաթղթերը: Արդյունքում արձանագրվել են թվով 7 դեպքեր, երբ շահառուն դիմել է դրամական կարիքի հետ բովանդակային կապ չունեցող խնդրով, եւ նրան տրամադրվել է ֆինանսական օգնություն: Նկատենք, որ մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության կողմից առանց անհատական դիմումների կազմվել են ցուցակներ, ներկայացվել են մարզպետին, եւ հրամանով ցուցակում ընդգրկված անձինք ստացել են օգնություններ: Կատարվել է համադրություն ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից մարզպետարանի 2017-2018 թվականների աշխատակիցների ցուցակների հետ, սակայն համադրությամբ պարզվել է, որ վճարված 1560 դրամական օգնությունների դեպքերից 37-ը վճարվել է մարզպետարանի աշխատակիցների գրանցման թվով 29 հասցեներում՝ 1 մլն 878 հազար դրամ ընդհանուր գումարով: Օրինակ՝ 2017-2018-ին վճարված 1560 դրամական օգնությունների դեպքերից 679-ը տրամադրվել են 294 հասցեներում հաշվառված 378 անձանց: Նշված 294 հասցեներում տրամադրվել են օգնություններ երկու եւ ավելի անգամներ, որը կազմել է տրամադրված ամբողջ գումարի 38.1 տոկոսը: Սա դեռ ամենը չէ: Պարզվել է, որ դրամական օգնությունների բաշխվածությունը խիստ կենտրոնացված է եղել մարզկենտրոնում եւ Կապանի բնակավայրերում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2017-2018 թվականներներին վճարված 1560 դրամական օգնությունների դեպքերից 1186-ը վճարվել է Կապանի տարածաշրջանի հասցեներում հաշվառված անձանց, որը կազմում է 41 մլն 176 հազար դրամ: Իսկ, ահա, վճարված 1560 դրամական օգնությունների դեպքերից թվով 37 դեպքերում վճարումը կատարվել է Սյունիքի մարզում հաշվառում չունեցող անձանց՝ ընդհանուր 1 մլն 475 հազար դրամ գումարով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Սյունիքի մարզպետարանը 2017 թվականին չմատուցված ծառայությունների դիմաց 2 մլն 914 հազար դրամ փոխանցել է «Յուքոմ» ՍՊԸ-ին: Օրինակ՝ 2017 թվականի հոկտեմբեր եւ նոյեմբեր ամիսներին «Յուքոմ»-ի կողմից մարզպետարանին մատուցված ծառայությունների դիմաց հեռախոսների վարձավճարների գծով փոխանցված գումարները կտրուկ ավելացել են՝ ամսական միջինը 115 հազար դրամից դառնալով 1 մլն 457 հազար դրամ: Ըստ Հաշվեքննիչ պալատի՝ մարզի որոշ դպրոցներ լաբորատորիաներ չեն ունեցել, բայց առկա են եղել լաբորանտների հաստիքներ: Խոսքը Կապանի թիվ 7 միջնակարգ դպրոցի մասին է, որտեղ չկան լաբորատորիաներ, փոխարենը հաստիքացուցակով առկա են 2 լաբորանտ աշխատակիցներ: Թվով 2 դպրոցներում աշակերտները ավել են կոմպլեկտավորվել, իսկ մեկ դպրոցում երկու աշակերտներ ստացել են կրկնակի ֆինանսավորում:
Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ առանձին ուսումնասիրվել է մարզպետարանի ներքին աուդիտի բաժնի գործունեությունը. 2017-2018 թվականներին մարզպետարանի ներքին աուդիտի գործունեությունը գնահատվել է թերի: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Սյունիքի մարզպետարանի իրավաբանական վարչություն, որտեղից խոստացան ավելի ուշ արձագանքել: Իսկ, ահա, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանը, անդրադառնալով Պալատի բացահայտումներին, ասաց, որ դեռ չի կարող արձագանքել, քանի որ չի հասցրել ուսումնասիրել. «Բայց ես աշխատել եմ օրենքի տառին, բառին համապատասխան: Անգամ հեռախոսազանգերը միշտ արել եմ իմ սեփական հեռախոսով»: Նախկին մարզպետ Վահե Հակոբյանը եւս ծանոթ չէր Հաշվեքննիչ պալատի իրականացրած ուսումնասիրություններին. «Ես ընդհանրապես տեղեկություն չունեմ, ծանոթ չեմ այդ ուսումնասիրություններին: Ես ի՞նչ իմանամ՝ պալատն ինչ է ուսումնասիրել»:

 

 

 

ՀԱՆՔԵՐԻ ԻՐԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐԻՆ ՔԻՉ ՄՆԱՑ

ՀՀ արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագրում ներառված, հրապարակման ենթակա տվյալների ցանկը սահմանելու մասին որոշման նախագիծը։ Այն e-draft պաշտոնական կայքէջում երեկ ուշ երեկոյան հավաքել էր 57 դիտում, 0 կողմ եւ 1 դեմ ձայն։

Տեղեկացնենք, որ իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագրում ներառված հրապարակման ենթակա տվյալների ցանկը սահմանում է ՀՀ կառավարությունը։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Արդարադատության նախարարության կողմից ներկայացված նոր նախագծով սահմանվում է, որ ենթակա են հրապարակման իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագրում առկա բոլոր տեղեկությունները, բացի անձը հաստատող փաստաթղթի տվյալների, հանրային ծառայության համարանիշի, նրանց հաշվառման եւ բնակության հասցեների մասին տեղեկատվության:
Այսինքն՝ այս նախագծի ընդունման դեպքում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից ՀՀ քաղաքացիները կարող են առանց սահմանափակումների, անվճար իրական սեփականատերերի հայտարարագրերին ծանոթանալ։
Ըստ Արդարադատության նախարարության՝ իրական սեփականատերերի հայտարարագրերը հասանելի կլինեն մարտի վերջին։ Հուսանք՝ ժամկետի հարցում նախարարությունը չի սխալվի, քանի որ այս հայտարարագրերին հանրությունը վաղուց է սպասում։ Կհիշեք՝ իրական սեփականատերերի անունները կառավարությունը պետք է հրապարկեր նախորդ տարի, սակայն այն անհասկանալի պատճառներով երկարաձգվեց։ Կառավարությունը հանքերի իրական սեփականատերերի մասին տեղեկատվությունը պետք է հրապարակեր նախորդ տարվա նոյեմբերի 30-ին, հետո հետաձգվեց հունվարի 30-ը: Բայց այսօր մարտի 10-ն է, այն դեռեւս անհասանելի է։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման եւ այդ նպատակով երկրաբանական ուսումնասիրության իրավունք ունեցող կազմակերպությունները մինչեւ փետրվարի 20-ը նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստր են ներկայացրել իրենց կազմակերպության իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագիրը: Բայց, մյուս կողմից, կարելի է ասել, որ մեր հանրապետությունում հանքերի իրական սեփականատերերին բացահայտելու գործը դարձել է անհնարին։ Անգամ այս գործին է լծվել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, բայց, չնայած սրան, հանրության համար դեռեւս հասանելի չէ հանքերի՝ բառի բուն իմաստով իրական սեփականատերերի ցանկը, հայտարարագրերը։

Նյութերը՝ ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ

 

 

 

 

ՊԱՇՏՊԱՆԸ ՄԻՋՆՈՐԴԵՑ՝ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԸ ԿԱՐՃԵՆ
Դիլիջանի ազգային պարկի տնօրեն, Դիլիջան քաղաքի բնակիչ, 1955թ. ծնված Սուրեն Աղաջանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2019թ. դեկտեմբերի 1-ին՝ ժամը 13.15-ի սահմաններում, «Գետափ» ռեստորանային համալիրի բակում կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք դրսեւորելու դիտավորությամբ իրեն ամրակցված «ՏՕԶ-16» մոդելի որսորդական ակոսափող հրազենով շան գլխի հատվածին կրակելու միջոցով ընդհատել է կենդանու կյանքը: Ս. Աղաջանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258.2 հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Սույն քրեական գործով մարտի 6-ին Բերդ քաղաքում՝ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում, դատական նիստ կայացավ: Դատավոր Զոյա Զաքինյանը Սուրեն Աղաջանյանին ծանոթացրեց նրա իրավունքներին եւ պարտականություններին: Ս. Աղաջանյանը հայտարարեց, որ ներկայացված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում:
Նրա պաշտպան, փաստաբան Ռոբերտ Ալիխանյանը դատարանին 2 միջնորդություն ներկայացրեց: Նա դատարանին միջնորդեց առաջադրված մեղադրանքն անհիմն համարել եւ Ս. Աղաջանյանի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճել: Պաշտպանը հայտնեց, որ հայտնաբերված չէ շան մարմինը, հրազենը դատաձգաբանական փորձաքննության չի ենթարկվել, դրա վերաբերյալ միջնորդությամբ նախաքննության փուլում հանդես է եկել պաշտպանական կողմը: Պաշտպանը ընդգծեց, որ շան կյանքի ընդհատումը ապացուցված չէ, դեպքից հետո այդ շանը երկաթգծի ռելսերի մոտ տեսնողներ են եղել: Ռ. Ալիխանյանի խոսքերով՝ եթե նույնիսկ ընդունենք, որ Ս. Աղաջանանը կրակել է շան վրա, չի ապացուցվում, որ նա կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք դրսեւորելու դիտավորություն է ունեցել, քանզի շան գլխին կրակելը շան կյանքը տանջալից կամ ցավոտ ընդհատել չէ: Պաշտպանը նշեց, որ քրեական գործով նախաքննությունը տեւել է ընդամենը 20 օր, ինչը բավական չէր գործը հանգամանորեն, լիարժեք քննելու համար: Մեղադրող Ազատ Մարգարյանն առարկեց այդ միջնորդության դեմ՝ նշելով, որ դատավարության այդ փուլում քննվում են քրեական գործում նոր ապացույցներ ներգրավելու վերաբերյալ միջնորդությունները, եւ հարկ չկա հղում անել դատարանում դեռեւս չհետազոտված ապացույցներին: Դատավոր Զոյա Զաքաինյանը որոշեց այդ միջնորդության քննարկումը հետաձգել: Պաշտպան Ռ. Ալիխանյանը դատարանին միջնորդեց 3 անձանց նախաքննական ցուցմունքները որպես քրեական գործով ապացույց ընդունելու եւ նրանց դատարան դատակոչելու մասին: Մեղադրողը առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ այդ անձանց ցուցմունքներում գործի համար էական փաստեր չկան, նրանց կարծիքներն են կամ ուրիշներից լսած խոսակցություններ: Դատավոր Զոյա Զաքինյանը որոշեց միջնորդության առաջին հատվածի քննությունը հետաձգել, նշված 3 անձանց դատարան դատակոչել: Քանի որ նախապես դատակոչված վկաները չէին ներկայացել նիստին, դատական նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը նշանակվեց մարտի 27-ին՝ ժամը 12-ին:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս