Նոր տիպի կորոնավիրուսով վարակված Չարենցավան համայնքի երկու բնակիչներն ի սկզբանե մեկուսացման մեջ են գտնվել և այլոց հետ որևէ շփում չեն ունեցել։ Այս մասին սոցկայքի իր էջում գրել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։
«Եվս երկու քաղաքացիների թեստի արդյունքներին ենք սպասում, ինչի վերաբերյալ ավելի ուշ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։ Վերջիններիս սերտ շփման շրջանակը եւս մեկուսացվել է»,- գրել է Պետրոսյանը։
Մարզպետը նաև հայտնել է, որ Կոտայքի մարզի այլ բնակավայրում այս պահի դրությամբ չունեն հաստատված որևէ դեպք։ Նա խնդրում է զերծ մնալ ապատեղեկատվության տարածումից և ոչ մի պարագայում տուրք չտալ չհաստատված տեղեկատվությանը։
«Հետևեք բացառապես պաշտոնական տեղեկատվության աղբյուրներին, կատարեք անհրաժեշտ ցուցումները, հարկ եղած դեպքում՝ դիմեք համայնքի բուժկենտրոն կամ կապվեք ԱՆ թեժ գծին։
Արտակարգ դրության պայմաններում մենք 24-ժամյա ռեժիմով գործում ենք եւ անխափան կապի մեջ ենք ՀՀ կառավարության մեր գործընկերների եւ պատկան գերատեսչությունների հետ, ինչպես նաեւ պերմանենտ կապ է ապահովվելու Պարետատան հետ»,- գրել է Պետրոսյանը։
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 64-ի։
ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու որոշում ընդունեց: Որոշումը կայացվեց գործադիրի մարտի 16-ի նիստում՝ հաշվի առնելով աշխարհում և Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի տարածման և այն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից պանդեմիա որակվելու հանգամանքը: «Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն հայտարարել արտակարգ դրություն»,-նշված է ՀՀ կառավարության որոշման նախագծում: