Վերին Լարսի անցակետում գտնվում են մոտ 140 ՀՀ քաղաքացիներ. ԱԳՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ներկայացնում ենք ԱԳՆ մամուլի խոսնակի հայտարարությունը Վերին Լարսի անցակետում ստեղծված դրության վերաբերյալ:

Ներկայումս Վերին Լարսի անցակետում գտնվում են մոտ 140 ՀՀ քաղաքացիներ:
Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանը ժամանել է անցակետ և տեղում համակարգում է ՀՀ քաղաքացիներին սննդով և առաջին անհրաժեշտության պարագաներով ապահովելու գլխավոր հյուպատոսության կողմից տարվող աշխատանքները:

Հայտնում ենք, որ քաղաքացիների մի մասը, անսալով գլխավոր հյուպատոսի հորդորին, արդեն իսկ նախընտրել է օդային ճանապարհով Հայաստան վերադառնալու տարբերակը:
Բանակցություններ են տարվում վրաց գործընկերների հետ խնդրի հնարավոր լուծման տարբերակներ գտնելու ուղղությամբ:
ՀՀ քաղաքացիներին կոչ ենք անում սթափ գնահատել ներկա իրավիճակը, վստահել միայն պաշտոնական լրահոսին և ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից տրամադրվող տեղեկատվությանը:


Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացրել էր, որ անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով շարունակում է փակ մնալ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը։

Հիշեցնում ենք, որ Վրաստանի կառավարության որոշման համաձայն՝ մարտի 18-ից սկսած բոլոր արտասահմանցիների մուտքը Վրաստան արգելված է: Հետևաբար նույնիսկ եղանակային պայմանների բարելավման և դեպի Լարս տանող ավտոճանապարհի բացման պարագայում ռուս-վրացական սահմանը հնարավորություն կունենան հատել միայն բեռնատարները և իրենց հայրենիք վերադարձող Վրաստանի և ՌԴ քաղաքացիները։ Վերին Լարսի անցակետն անժամկետ փակ է օտարերկրացիների համար։

Եվս մեկ անգամ հորդորում ենք մեր քաղաքացիներին Ռուսաստանից Հայաստան վերադառնալու համար օգտվել բացառապես օդային ուղիներից, մասնավորապես՝ մոտակա Կրասնոդար և Դոնի Ռոստով քաղաքների օդանավակայաններից:




Լրահոս