Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նիստում մարտի 23-ին հերթական անգամ քննարկվելու են նախագծեր, որոնք վերաբերում են զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների փոխհատուցման կարգին: Նշենք, որ 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո մի քանի փոփոխություններ են եղել, եւ ընդլայնվել է փոխհատուցում ստացողների շրջանակը: Սակայն, չնայած դրան, «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի փոփոխությունների շուրջ բուռն քննարկումները կրկին չեն դադարում:
Նախ նշենք, որ այժմ այս օրենքում ասվում է, որ փոխհատուցում տրվում է այն դեպքում, երբ զինծառայողի կյանքին կամ առողջությանը վնաս է պատճառվել ՀՀ պաշտպանության, մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ: Եվ, ահա, Պաշտպանության նախարարության կողմից առաջարկվում է ցանկում լրացում կատարել ու ընդգծել, որ այս կարգավորումը տարածվում է նաեւ հակառակորդի նախահարձակ գործողության հետեւանքով զինծառայողների կյանքին կամ առողջությանը վնաս լինելու պարագայում:
Պաշտպանության նախարարության կողմից ներկայացված հիմնավորման մեջ ասվում է, որ Զինված ուժերի գործունեության ընթացքում եղել են դեպքեր, երբ հակառակորդի կողմից զինծառայողների կյանքին կամ առողջությանը վնասը պատճառվել է այնպիսի պայմաններում, երբ տեղի չեն ունեցել անմիջական մարտական գործողություններ, կամ զինծառայողները չեն գտնվել մարտական հերթապահության մեջ կամ չեն կատարել հատուկ առաջադրանք: Եվ, օրինակ, նման դեպքեր տեղի են ունեցել հակառակորդի հեռահար հրետանակոծության կամ առաջնագծից երկրի խորք ընկած տարածքում դիվերսիոն-հետախուզական խմբի գործողության արդյունքում: Ընդ որում, Պաշտպանության նախարարության սոցիալական պաշտպանության ստորաբաժանման կողմից ներկայումս հաշվառված է 2008 թվականից սկսած հակառակորդի նախահարձակ գործողության արդյունքում թվով 9 զինծառայողի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի դեպք: Ընդ որում, օրենքի նախագծի ընդունման արդյունքում, հաշվի առնելով նաեւ, որ ներկայումս, զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից ընդունված որոշումների համաձայն, օրենքով սահմանված դեպքերի շրջանակներում հատուցում է տրվում նաեւ 2008-2016թթ. տեղի ունեցած դեպքերով զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների դիմաց, հատուցում կստանան նաեւ թվով 9 զինծառայող (ընտանիք):
Ընդ որում, նախագիծն անցել է փորձաքննության ԱԺ փորձագիտական եւ վերլուծական վարչությունում, եւ էական խնդիրներ չեն հայտնաբերվել, եղել են միայն տեղխնիկական վրիպակներ: Այսինքն՝ այս 9 նախկին զինծառայողները կդառնան 1000-դրամների հիմնադրամի շահառու: Նկատենք, սակայն, որ կառավարությունը մինչ այս բացասական եզրակացություն էր տվել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությանը, որով ընդդիմադիր խմբակցությունն առաջարկում էր փոխհատուցել ծառայության ընթացքում զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված բոլոր վնասները, այդ թվում՝ ոչ մարտական գործողությունների ժամանակ ստացած վնասը: ԼՀԿ-ն առաջարկում էր նաեւ օրենքի կարգավորման առարկան սահմանել՝ ներառյալ Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցումը, բացի այդ, որպես օրենքի կիրառման դեպք, համարել նաեւ առողջական վիճակի վատթարացումը:
Պաշտպանության նախարարությունն իր եզրակացության մեջ նշել էր, որ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ» եզրույթն իր մեջ ներառում է նաեւ Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցումը, եւ այդ կապակցությամբ օրենքում հատուկ նշումը ճիշտ չէ ու անընդունելի է: Միեւնույն ժամանակ նշվել էր, թե առողջական վիճակի վատթարացումը որպես հասցված վնասի հանգամանք սահմանելու առաջարկության անհրաժեշտությունը չկա, քանի որ օրենքը վնասների հատուցում է նախատեսում 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ստանալու դեպքում:
Հիշեցնենք, որ ԱԺ երկրորդ նստաշրջանի սկզբում էլ կառավարությունը մերժել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցության մեկ այլ նախաձեռնություն, որով առաջարկվում էր զորացրվող զինծառայողներին համալիր փորձաքննության ենթարկել այնպես, ինչպես ենթարկում են զորակոչելիս, եւ եթե պարզվի, որ զինծառայողի առողջական խնդիրներն առաջացել են ծառայության ժամանակ կամ հետեւանքով, ապա պետությունը պարտավոր է հոգալ բուժծախսերը։
Միաժամանակ նույն օրը կքննարկվի նաեւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանի կողմից ներկայացված նախագիծը, որով առաջարկվում է ամրագրել, որ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրվում է տարկետում (6 ամիս) այն քաղաքացուն, որի ընտանիքի անդամը մահացել է հայտարարված զորակոչի ընթացքում: Որպես հիմնավորում՝ պատգամավորը նշում է, որ գործող օրենքի 24-րդ հոդվածով նախատեսված դեպքերում, ընտանեկան պայմաններից ելնելով, հայտարարված զորակոչին ենթակա քաղաքացուն տրվում է տարկետում, սակայն բաց է թողնված ընտանիքի անդամի մահվան դեպքը, որը խախտում է ընտանիքի մյուս անդամների կյանքի բնականոն ընթացքը, խախտվում է մարդու հոգեկան հավասարակշռությունը:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԿՀԱՍՑՎԵՆ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻՆ
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության փոխանցմամբ՝ կենսաթոշակների եւ նպաստների վճարման ուշացում չի լինի, դրանք կհասցվեն շահառուի բնակության վայր: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը բանակցություններ է վարում «Հայփոստ» ՓԲԸ-ի հետ այն մասին, որ ընկերության աշխատակիցներն անձամբ այցելեն շահառուներին՝ կանխիկ եղանակով ստացվող կենսաթոշակներն եւ նպաստները նրանց բնակության վայր հասցնելու նպատակով: Բացի այդ, եթե կենսաթոշակի եւ նպաստների բնագավառում որոշակի գործողություններ կատարելու ժամկետները լրանում են 2020թ. մարտ եւ ապրիլ ամիսներին, ապա համապատասխան պարտականությունը կատարելու ժամկետը, իրավունքի ուժով, երկարաձգվում է մինչեւ 2020թ. մայիսի 31-ը։ Առաջարկվում է նաեւ երկարաձգել կենսաթոշակի համար բանկ ներկայանալու ժամկետը, եթե այն լրանում է մինչեւ ս.թ. ապրիլի 30-ը, եւ կենսաթոշակառուն գտնվում է ՀՀ-ում:
ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել: Դիանա Զարգարյանը նշանակվել է վարչապետի անվտանգության խորհրդի գրասենյակի ռազմական անվտանգության վարչության պետի պաշտոնում:
ՉԵՂԱՐԿՎԵԼ Է
«Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերությունը չեղարկել է դեպի Հայաստան, Տաջիկստան, Ղրղզստան, Ադրբեջան եւ այդ երկրներից չվերթները. հաղորդում է ավիաընկերության մամուլի ծառայությունը: Թռիչքների ծրագիրը շտկվել է՝ կապված արտասահմանցիների մուտքի՝ ՌԴ կառավարության արգելքի, ինչպես նաեւ ԱՊՀ երկրներ արտասահմանցիների մուտքի արգելքի հետ:
ԲԱՑԱՍԱԿԱՆ
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ առայսօր հանրապետությունում կորոնավիրուսով վարակման դեպք չի գրանցվել։ Հիշեցնենք, որ Արցախից, ընդհանուր առմամբ, 13 քաղաքացիներից փորձանմուշ է վերցվել, ուղարկվել լաբարատոր փորձաքննության: 13-ի դեպքում էլ պատասխանը բացասական է եղել։