Այդ ժամանակ մամուլը խոսում էր, որ նա քիչ է վազում եւ գլուխ է պահում. Սանյան պատասխանել է Ֆաբրեգասի հայտարարությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոնդոնի «Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Բակարի Սանյան, պատասխանել է անգլիական թիմում իր նախկին թիմակից Սեսկ Ֆաբրեգասի կոշտ հայտարարությանը:

«Զինագործների» նախկին ավագը Arsecast Poscast-ում ելույթի ժամանակ անդրադարձել էր իր կարիերայի լոնդոնյան հատվածին եւ նշել, որ «Արսենալում» իր մակարդակի ֆուտբոլիստներ եղել են միայն Սամիր Նասրին ու Ռոբին վան Պերսին.«Ես եղել եմ թիմի ավագը եւ միշտ ճնշում եմ զգացել ինձ վրա: Ես պետք է առաջնորդեի թիմը ինչ-որ բան հաղթելու համար: Ես ամեն ինչ տվել եմ «Արսենալին»: Երբեմն պարտություններից հետո տուն էի վերադառնում եւ սկսում էի արտաավել, տառապում էի ու ունենում անքուն գիշերներ: Պարտվում ես խաղը ու ոչնչացած նստում ավտոբուս, ապա լսում ` ինչպես են որոշ խաղացողներ ծիծաղում ու որոշում, թե ուր պետք է գնան եւ այդ ամենը շարունակվում է մի քանի տարի: Այո, մենք հրաշալի ֆուտբոլ էինք խաղում եւ դա ինձ դուր էր գալիս, բայց եկավ ժամանակ, երբ ես ինձ սկսեցի միայնակ զգալ: Դա այդպես էր հատկապես վերջին 2-3 տարիներին, ու ես զգում էի, որ Ռոբին վան Պերսին եւ Սամիր Նասրին միակ ֆուտբոլիստներն են, որ միեինույն մակարդակի վրա են գտնվում ինձ հետ: Սրանք ոչ թե ինքնահավան խոսքեր են, այլ այն, ինչը ես զգում էի այդ ժամանակ»,- հայտարարել էր Սեսկ Ֆաբրեգասը:

Լոնդոնյան թիմի նախկին առաջատարի խոսքերը անպատասխան չի թողել Բակարի Սանյան, ով նշել է, որ զարմացած է Ֆաբրեգասի հայտարարությունից.«Ֆաբրեգասը թիմի առաջատարն էր, իսկական աստղը եւ նա իրավունք չուներ այսպես արտահայտվելու իր թիմի մասին: Ես զարմանքով եմ կարդացել նրա խոսքերը: Ես զարմացած եմ, քանի որ նա լավ տղա է եւ կշարունակի մնալ լավը. այս խոսքերը ոչինչ չեն փոխում:Հենց «Արսենալ»-ն է նրան դարձրել այնպիսին, որ նա մակարդակով բարձր լինի մյուս խաղացողներից: Նրա խոսքերը շատ կոպիտ էին եւ անկեղծ ասած` ես վստահ չեմ, որ Ֆաբրեգասը «Արսենալում» անցկացրած իր բոլոր մրցաշրջաններում եղել է օրինակելի ֆուտբոլիստ:

Այդ ժամանակ մամուլը շատ էր խոսում այն մասին, որ Ֆաբրեգասը քիչ է վազում եւ գլուխ է պահում: Այնպես որ մյուս ֆուտբոլիստները նույնպես կարող էին պահանջել Ֆաբրեգասից ավելի շատ վազել եւ անել ավելին: Եթե մենք նայենք այօրվա «Լիվերպուլին», ապա կտեսնենք` նրանց թիմից բոլորն են պայքարում: Հենց դա է թիմը: Գուցե մենք ճիշտ չէինք տրամադրվում խաղերին եւ այդ ժամանակ չէինք ներդնում այդ հավելյալ ուժը, որն էլ գուցե հաղթանակներ չտանելու պատճառն էր:Ակնհայտ է, որ թիմում բոլորս տարբեր մակարդակներում ենք եղել, ոմանք լավն էին ֆիզիկապես, ոմանք էլ տեխնիկապես, բայց դա չի կարող առիթ հանդիսանալ նրանց մասին խոսելու համար: Ես համաձայն չեմ Ֆաբրեգասի խոսքերի հետ. դա, իհարկե, նրա կարծիքն է, եւ նա իրավունք ունի ունենալ իր կարծիքը, բայց կարող եմ ասել մենք բոլորս էլ մեր կարիերայում ունենք եւ լավ պահեր եւ վատ պահեր ու ես չեմ կարծում, որ նա միայն հիանալի պահեր է ունեցել «Արսենալի» հետ:
Այո, նա մեծագույն ֆուտբոլիստ է, ունի հրաշալի որակներ, բայց գուցե որոշ մարդիկ նրանից ավելին էին ակնկալում»,- Սանյայի խոսքերն է փոխանցում Goal-ը:

Հիշեցնենք, որ Ֆաբրեգասն ու Սանյան միմյանց հետ «Արսենալում» հանդես են եկել 2007-ից 2011 թվականներին:

Էդմոն Մարտիրոայան




Լրահոս