ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն առաջարկում է փոփոխություն կատարել «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում եւ ամրագրել, որ Փաստաբանների պալատի խորհրդի որոշումները կարող են կայացվել ոչ միայն առկա նիստով, այլ նաեւ առցանց, ինչպես նաեւ առանց նիստ հրավիրելու՝ հարցման միջոցով։ Առցանց ձեւով խորհրդի նիստն անցկացվում է տեղեկատվական տեխնոլոգիաների կամ հեռահաղորդակցության միջոցներով՝ խորհրդի անդամների անմիջական մասնակցությամբ:
Հարցման ձեւով խորհրդի որոշումը կայացվում է խորհրդի նախագահի կողմից խորհրդի անդամներից սահմանված կարգով ստացված քվեարկության տվյալներն ամփոփելու միջոցով: Նախագծի հեղինակը նկատում է, որ ներկայիս իրավակարգավորումներով Պալատի խորհրդի գործունեության իրավական ձեւը նիստն է, այսինքն՝ Պալատի խորհրդի անդամների համատեղ հավաքը, որը պահանջում է վերջիններիս ֆիզիկական ներկայությունը: Նրա խոսքով՝ առցանց տարբերակը հնարավորություն կտա նվազեցնել քվորումի բացակայության հետեւանքով Պալատի խորհրդի նիստերի հետաձգման դեպքերը: Ավելին, առաջարկվող կառուցակարգի ներդրմամբ՝ փաստաբանների կարգապահական գործերը քննության կառնվեն առավել սեղմ ժամկետներում՝ թույլ տալով փաստաբանին իր վարույթային իրավունքներն իրացնել առավել օպտիմալ ձեւով:
Նախագծով առաջարկվում է եւս մեկ կառուցակարգի սահմանում, որը թույլ կտա նվազեցնել Պալատի խորհրդի աշխատանքային ծանրաբեռնվածությունը եւ միաժամանակ արագացնել փաստաբանների նկատմամբ կարագապահական այն վարույթների հանգուցալուծումը, որոնք համեմատաբար պարզ փաստակազմ ունեն եւ չեն ենթադրում ապացուցման բարդ գործընթաց եւ, հետեւաբար, կարգապահական գործով կողմերի անմիջական մասնակցությունը: