Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակն այսօր պատասխան գրություն է ուղարկել 2016թ. ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրելու նպատակով ստեղծված հատուկ քննիչ հանձնաժողովին: Այս մասին հայտնում են երրորդ նախագահի գրասենյակից:
Գրության մեջ ասվում է.
«Ապրիլի 8-ին ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ ուղարկված Ձեր թիվ ԱԺՀ.2/2514 գրության մեջ պարզորոշ ներկայացված չէ հանձնաժողովի դիրքորոշումը` ի պատասխան գրասենյակի հարցադրումների: Մասնավորապես, հասկանալի չէ, թե բավարարվե՞լ է արդյոք ՀՀ երրորդ նախագահի առաջադրած պայմանը` հանձնաժողովի լսումներին ներկայանալու միայն իր մասնակցությամբ նիստի ձայնագրությունը (կամ տեսաձայնագրությունը) ստանալու դեպքում»:
Ապա գրության մեջ նշվում է, որ եթե նիստի ընթացքում հանձնաժողովը պատրաստվում է Սերժ Սարգսյանին հայտնել պետական և ծառայողական գաղտնիք կազմող` նրան անհայտ տեղեկություններ, ապա, «ղեկավարվելով «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով, Սերժ Սարգսյանը դեմ է դրան և առաջարկում է նման տեղեկություններ չհայտնել»:
«Իսկ եթե խոսքը վերաբերում է պետական և ծառայողական գաղտնիք կազմող այնպիսի տեղեկությունների, որոնց ՀՀ երրորդ նախագահը տիրապետում է ի պաշտոնե, ապա «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա արդեն իսկ առկա է դրանք չհրապարակելու պարտավորություն` անկախ հանձնաժողովի նիստում դրանք հրապարակելուց կամ չհրապարակելուց:
Ելնելով վերոհիշյալից` ակնկալում ենք հանձնաժողովի հստակ դիրքորոշումը` տրամադրվելո՞ւ է արդյոք ՀՀ երրորդ նախագահին` նրա կողմից հանձնաժողովի նիստում հնչեցված հայտարարությունների և պատասխանների տեսաձայնագրությունը»,- նշված է գրության մեջ:
Նաև ասվում է, որ այս պատասխանից է կախված նիստին մասնակցելու` Սարգսյանի որոշումը, ինչի մասին գրասենյակը իր նախորդ գրությամբ տեղեկացրել էր:
«Խնդրում ենք նաև պարզաբանել, թե ՀՀ օրենսդրության որոշակիորեն ո՞ր նորմերից է բխում հանձնաժողովի նիստին պաշտոնաթող նախագահի չներկայանալու դեպում հանձնաժողովին գրավոր հիմնավորումներ ներկայացնելու Ձեր խնդրանքը»,- այսպիսով եզրափակվում է գրությունը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ երրորդ նախագահի գրասենյակից հայտնել էին, որ նա պատրաստ է ապրիլի 16-ին մասնակցել ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի նիստին, սակայն միևնույն ժամանակ Սերժ Սարգսյանի գրասենյակը գրություն էր ուղարկել հանձնաժողովը ղեկավարող Անդրանիկ Քոչարյանին՝ խնդրելով պարզաբանել՝ արդյոք հանձնաժողովի փակ նիստը ձայնագրվո՞ւմ, սղագրվում և պատշաճ կարգով արխիվացվո՞ւմ է: