ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչու են դիտորդներին մեղադրում Արայիկ Հարությունյանի դեմ աշխատելու մեջ․ փաստերն ու մեկնաբանությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախում կայացած ընտրությունները այդքան դժգոհություն չեն հարուցել արցախցիների մոտ, որքան Հայաստանի որոշ շրջանակների են նյարդայնացրել: Անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը չսաստեց որոշ գործիչների. նրանք շարունակում են Արցախում անկայունության հաստատման ուղղությամբ քայլեր ձեռնարկել:

Ինչպես հայտնի է, «Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակ»-ը 2020 թ. մարտի 31-ին Արցախի Հանրապետության նախագահի եւ Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում Հայաստանի վարչապետի աշխատակազմի դրամաշնորհային ծրագրով իրականացրել է դիտորդական առաքելություն։ Եվ, ահա, գրասենյակը միջանկյալ զեկույց է ներկայացրել, սակայն մինչեւ դրան անդրադառնալը նկատենք, որ ի սկզբանե շատերն էին մտահոգություն հայտնում եւ բարձրաձայնում այն հարցը, որ այս միավորումն ու այն համակարգող Դանիել Իոաննիսյանը թեկնածուներից մեկի, կոնկրետ երկրորդ փուլ անցած Մասիս Մայիլյանի կողմնակիցն են, եւ ավելի շատ փորձում էին մյուս թեկնածուների հետ կապված թերություններ արձանագրել։

Միավորման կողմից հրապարակված զեկույցում եւս նկատում ենք, որ երբ նշված են թեկնածուների անուններ, ապա դրանք միայն Արայիկ Հարությունյանի եւ Վիտալի Բալասանյանի անուններն են։ Օրինակ՝ նշված է, որ ընտրողների կազմակերպված տեղափոխում նկատվել է 3 տեղամասի շրջակայքում։ Եթե երկու դեպքում տեղափոխումը թեկուզ եւ կազմակերպված էր, բայց չէր կրում համակարգային բնույթ, ապա մի դեպքում տեղափոխումն անընդհատ էր եւ կազմակերպված Արայիկ Հարությունյանի աջակիցների կողմից։

Իսկ մյուս դեպքը, երբ նշված է Արայիկ Հարությունյանի անունը, բավականին ուշագրավ եզրահանգումների արդյունքում է արվել։ Մասնավորապես, զեկույցում նշվում է, որ ընտրողների վրա ազդեցության ոչ քաղաքական մեխանիզմների մասին է անուղղակի վկայում տեղամասերում մասնակցության տոկոսի եւ թեկնածուներից Արայիկ Հարությունյանի (որոշակի մասով՝ նաեւ Վիտալի Բալասանյանի) հավաքած ձայների տոկոսների կորելացիան: Սովորաբար նման պատկերը ստացվում է քվեարկության մասնակիցների արհեստական աճի կամ ընտրողների նկատմամբ պարտադրանքի արդյունքում:

Այսինքն՝ ընտրություններին այդքան մեծ թվով մարդկանց մասնակցությունն ու Արայիկ Հարությունյանի ստացած ձայները փորձ է արվում ներկայացնել ոչ թե որպես ժողովրդի կամարտահայտություն, այլ սպառնալիք կամ դրա հետեւանք։ Սակայն այստեղ նկատենք, որ Արցախում ընտրություններին քաղաքացիների մասնակցության տոկոսը միշտ էլ բարձր է եղել: Օրինակ՝ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցել էր 72296 մարդ, իսկ 2012 թվականի նախագահական ընրություններին էլ` 72958 մարդ: Հետեւաբար այս տարվա ցուցանիշը չի կարող որեւէ սպառնալիքի հետեւանք լինել։ Ինչպես նշեցինք, երբ Դանիել Իոաննիսյանը կոնկրետ որեւէ թեկնածուի անուն է տալիս, ապա խոսքը Արայիկ Հարությունյանի մասին է. այս զեկույցում մեկ անգամ էլ նշված է Վիտալի Բալասանյանի անունը․ իսկ, ահա, երկրորդ փուլ անցած մյուս թեկնածու Մասիս Մայիլյանի մասին զեկույցում ոչ մի տող առկա չէ։ Օրինակ՝ երեկ էլ ֆեյսբուքյան էջում նա անդրադարձել է նաեւ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին եւ նշել, թե իր համար հեղափոխությունն արժեքներ են, ժողովրդավարական ու կոռուպցիայի մերժման արժեքներ, եւ ապա եզրակացնում, թե դրանք Արցախում պարտվել են։ Սա եւս անանուն, անուղղակի կերպով ակնարկ է՝ հաշվի առնելով, թե թեկնածուներից ով է շատ ձայն հավաքել, եւ ում անունն են իրենց զեկույցներում ներկայացրել դիտորդները։

Նկատենք, որ մինչեւ ընտրություններն Արցախի գրասենյակը զբաղված էր Արցախի նախագահական ընտրությունների վերաբերյալ տարբեր տեղեկությունների լուսաբանմամբ, որոնք հիմնականում արվում են տարատեսակ տեսանյութերի թողարկման կամ պաստառների միջոցով։ Եվ հետաքրքիր է, որ դրանք հաճախակի հայտնվում էին Մասիս Մայիլյանի աջակիցների սոցցանցերի էջերում եւ խմբերում։ Անգամ Մասիս Մայիլյանի աջակիցներ խումբը կիսվել էր միավորման մի հայտարարությամբ, որտեղ նշված էր. «Հիշեք՝ էական չէ, թե որ թեկնածուն ինչ լավություն է արել անձամբ ձեզ, որովհետեւ ընտրություններում որոշվում է Արցախի ապագան, որը չի կարելի ծախել անձնական լավության դիմաց»։ Բացի այդ, դեռեւս անցած տարի Մայիլյանը ընդունել էր «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում Մայիլյանին ներկայացվել էին Արցախում նախատեսվող ծրագրերը։

Այսպիսով, ինչո՞ւ է փորձ արվում արհեստականորեն ավելի վեր դասել թեկնածուներից մեկին: «Ժողովուրդ» օրաթերթը «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանից փորձեց պարզել՝ ինչու է տպավորություն ստեղծվում, թե իրենք հանդիսանում են Մասիս Մայիլյանի աջակիցները: «Իրազեկ քաղաքացիների միավորումը՝ որպես դիտորդություն իրականացնող կազմակերպություն, թե՛ ես՝ որպես դրա առաջնորդ, մենք որեւիցէ նախընտրած թեկնածու չունենք, մենք որեւիցէ բան ուսումնասիրելիս չենք կաշկանդվում նրանով, թե այս կամ այն թեկնածուն լավն է, թե վատը։ Մենք, նույնիսկ հակառակը․ երբ հիմնավոր տեղեկություն ենք ստանում, թե խախտում է եղել այս կամ այն թեկնածուի շրջանակներից, քանի դեռ վստահ չենք կարող պնդել՝ դա այդպես է, չենք տալիս նաեւ թեկնածուի անունը։ Արցախում բազմաթիվ հանցագործություններ ենք գտել, նաեւ՝ ընտրացուցակների հետ կապված, բայց չնայած ներքին կասկածներ ունենք, թե ում օգտին են արել, բայց մենք զուսպ ենք եւ չենք էլ ասում՝ որ թեկնածուին կամ կուսակցությանն ենք կասկածում։ Ընդամենը արձանագրում ենք, որ եղել են հանցագործություններ։ Եվ այն դեպքերում, երբ ապացուցելի է, միայն ակնհայտ դեպքերում ենք տալիս թեկնածուի անուն», – նշեց նա։

Իոաննիսյանը սխալ է համարում այն պնդումները, թե իրենք այս կամ այն թեկնածուի կողմնակիցն են։ «Առհասարակ այս պնդումները, թե մենք այս կամ այն թեկնածուի կողմից ենք, մանիպուլատիվ են, քանի որ մենք այս կամ այն թեկնածուին չենք սատարել, դրան ուղղված որեւէ քայլ չենք արել անգամ եւ մենք միշտ ենք այդպես աշխատել, ու նույնիսկ ասեմ՝ Արցախի դեպքում մենք ավելի զգույշ ենք աշխատել, քան, օրինակ, 2017 թվականին, երբ մեզ մեղադրում էին, թե ինչու էինք դպրոցների տնօրենների հայտնի ձայնագրություններն արել ՀՀԿ-ի մասով, բայց Արցախի մասով ավելի զգույշ եւ նետրալ ենք աշխատել», – հավելեց նա։

Եվ վերջում տեղին է հիշեցնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը Արցախի ընտրությունների մասին։ «Եկեք նայենք թվաբանությանը. եթե խոսքը կեղծիքների մասին է, ապա նախագահի թեկնածուներից Արայիկ Հարությունյանին առաջին փոլում հաղթելու համար չի հերիքել մի քանի հարյուր ձայն։ Եթե ընտրությունները կեղծում են, ապա որեւէ կեղծող մեքենա 600 ձայնի առաջ կկանգնի՞… Ինչ վերաբերում է խորհրդարանական ընտրություններին, ապա երկրորդ եւ երրորդ տեղերը գրավել են ընդդիմադիր ուժերը։ Հայաստանի Հանրապետությունում ընտրությունների կեղծման այն ժամանակներում երբեք այսպիսի բան չէիք տեսնի։ Եթե կեղծում ենք, ապա ինչի՞ ենք կեղծում այնպես, որ բավական կոշտ ընդդիմությունը զբաղեցնի երկրորդ կամ երրորդ տեղը»։

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս