Լուսանկարը՝ համացանցից
Զուգարանի թուղթն այնքան թանկարժեք իր է դարձել, որ որոշել են այն չկորցնելու համար հատուկ միջոցների դիմել։
ԿԱՐԳ
ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ՝ լիցենզավորված իրավաբանական անձի վերակազմակերպման դեպքում լիցենզավորված անձն ինչ ժամկետում պետք է դիմի լիցենզիայի վերաձեւակերպման համար:
Հարություն Օհանյան (53 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ լիցենզավորված իրավաբանական անձի վերակազմակերպման կամ նրա անվանման կամ գտնվելու վայրի փոփոխման դեպքում լիցենզավորված անձը պարտավոր է այդ փոփոխություններն իրավական ուժ ստանալու օրվանից ակսած` 15 օրվա ժամկետում հայտ ներկայացնել լիցենզիայի վերաձեւակերպման համար` կցելով նշված տեղեկությունները հավաստող համապատասխան փաստաթղթերը:
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ լիցենզիայի վերաձեւակերպման հայտը կարող է լիցենզավորող մարմին հանձնվել առձեռն, փոստով կամ էլեկտրոնային համակարգի միջոցով:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ
ՀԱՐՑ. Ուսումնական հաստատության ուսուցիչ աշխատելու համար ի՞նչ է անհրաժեշտ, ո՞վ կարող է աշխատել։
Միլենա Խաչատրյան (36 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Մ. Խաչատրյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ համաձայն «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի՝ «ուսումնական հաստատության ուսուցիչ կարող է լինել այն անձը, որը ստացել է մանկավարժական համապատասխան որակավորում (բակալավրի, մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճանով) կամ ունի բարձրագույն կրթություն եւ վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական (կամ ուսուցչական) գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ»։
Համաձայն նույն օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի՝ «ուսումնական հաստատությունում աշխատող այն ուսուցիչները, որոնք չեն համապատասխանում սույն օրենքի 26-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված պահանջներին, կարող են շարունակել իրենց մասնագիտական գործունեությունը մինչեւ 2023 թվականի օգոստոսի 20-ը»։
ՀՀ կրթության, գիտության, սպորտի եւ մշակույթի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ պետական ուսումնական հաստատությունում ուսուցչի թափուր տեղ առաջանալու դեպքում այն համալրվում է մրցութային հիմունքներով՝ համաձայն կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած մրցույթի օրինակելի կարգի եւ ուսումնական հաստատության կանոնադրության՝ բացառությամբ նպատակային ուղեգրով մասնագիտական կրթություն ստացած թեկնածուի առկայության դեպքերի: Յուրաքանչյուր տարի ուսումնական հաստատության ուսուցիչների մեկ հինգերորդը ենթակա է ատեստավորման՝ ըստ ուսումնական հաստատության հաստատած ժամանակացույցի։