ՇՈՈՒԲԻԶՆԵՍՑԻՆԵՐ, ՈՐՈՆՔ ԸՆՏՐԵՑԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է արվեստի հայ ներկայացուցիչների եւ շոուբիզնեսցիների,  որոնք հիմա  հայտնվել են քաղաքական դաշտում եւ ակտիվ կերպով զբաղվում են քաղաքականությամբ: Նրանցից ոմանք շարունակում են զուգահեռաբար զբաղվել մշակութային գործունեությամբ, մյուս մասը դադարեցրել է իր աշխատանքն այդ ոլորտում:

 

Հրաչյա Հակոբյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը սովորել է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժնում, աշխատել է Երեւանի խամաճիկների պետական թատրոնում, Երեւանի կամերային թատրոնում: Հրաչյա Հակոբյանին հեռուստադիտողները կհիշեն գեղարվեստական մի շարք ֆիլմերից եւ հեռուստատեսային նախագծերից, այդ թվում՝ «Կորած-մոլորվածը Հայաստանում», «Ամուսնացածների լիգա» եւ այլն: Հիմա պատգամավորը նվիրվել է քաղաքականությանը եւ իր գործունեության շրջանակում անդրադառնում է նաեւ արվեստի ոլորտին առնչվող խնդիրների: Ի դեպ, ընդդիմադիրները քննադատում են ներկայիս իշխանությանը՝ ՀՀ վարչապետ  Նիկոլ Փաշինյանի աներորդուն «քաղաքական դաշտ մտցնելու համար»:

 

Արթուր Մանուկյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանը դերասան է եւ երգիչ, սովորել է Երեւանի Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի ջութակի բաժնում, ինչպես նաեւ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեժիսուրայի բաժնում: Աշխատել է «Գոյ» ազգային փորձարարական թատրոնում՝ որպես ռեժիսոր եւ դերասան, Երեւանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում՝ որպես դերասան:  Որպես դերասան աշխատել է նաեւ Երեւանի կամերային թատրոնում, որպես երգիչ՝ «Հովեր» պետական կամերային երգչախմբում: Արթուր Մանուկյանը՝ որպես կինոյի դերասան,  մեծ ճանաչում ձեռք բերեց «Անհայտ բաժանորդ» ֆիլմում նկարահանվելուց հետո: Որպես պատգամավոր՝ Արթուր Մանուկյանը հասցրել է հայտնվել թիրախում, օրինակ՝ Ամուլսարի խնդրի հետ կապված: «Ես միանշանակ հայացք չունեմ Ամուլսարի հարցի շուրջ»,-հայտարարել էր նա եւ հայտնվել քննադատությունների կենտրոնում:

 

Հայկ Մարության

«Կարգին հաղորդում»-ից, «Կարգին սերիալից, «Ազիզյաններ»  հեռուստանախագծից, «7.5», «No Comment» հումորային ներկայացումներից, «Ալա Բալա Նիցա», «Սուպեր մամա», «Սիրո գործակից», ֆիլմերից հայտնի դերասան Հայկ Մարությանը տեւական ժամանակ է՝ նվիրվել է քաղաքականությանը եւ զբաղեցնում է Երեւանի քաղաքապետի պաշտոնը: Նա  դադարեցրել է աշխատանքը դերասանական ոլորտում եւ հիմա զբաղվում է քաղաքային կյանքի կառավարմամբ: Երբ Հայկ Մարությանը նոր էր ստանձնել քաղաքապետի պաշտոնը, քննադատությունների  հսկայական տարափ եղավ, հանրության զգալի հատված չէր վստահում նրան այդ պաշտոնը: Հետագայում հանրային տրամադրությունները զգալիորեն փոխվեցին:

Լուլու

Լուսինե Բադալյանը՝ Լուլուն, որը հեռուստա եւ ռադիոհաղորդավար էր, ի վերջո ընտրեց քաղաքական ոլորտը եւ այժմ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր է: Նա աշխատել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Նոր սերունդ» ծրագրում` որպես հաղորդավար:  «Հայ FM», «Ռադիո Վան» եւ Հայաստանի հանրային ռադիոկայաններով վարել է «Գիշերալիք», «Մեկ գավաթ սուրճ», «Ֆրի թայմ», «Թայմ աութ» եւ այլ ծրագրեր: Եղել է ռոդիոմրցանակաբաշխության մշտական հաղորդավարը: Հայկական հեռուստաընկերություններով վարել է բազմաթիվ հաղորդումներ, եղել է «Կռունկ» երաժշտական փառատոնի հաղորդավարը:  «Կենտրոն» հեռուստաընկերությամբ վարել է «Սկսենք նորից» առավոտյան ծրագիրը: Լուլուն այն պատգամավորներից է, որոնք հաճախ են հայտնվում սկանդալների կենտրոնում: Վերջերս էլ նա «փոխադարձ հրաձգության» մեջ մտավ  առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ՝ մեղադրելով նրան չարաճճի ստատուսներ գրելու եւ իրեն վերապահված աշխատանքով չզբաղվելու համար:

ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆ

 

 

 

 

 

 

«ԴԺՎԱՐ Է, ԲԱՅՑ ՊԵՏՔ Է ՀԱՂԹԱՀԱՐԵՆՔ»

«Արտակարգ դրությամբ պայմանավորված՝ հետաձգել եւ չեղարկել եմ մի շարք համերգներ: Հունվարին երաժիշտներն աշխատանքային դադար էին վերցրել, իսկ հետո վրա հասավ կորոնավիրուսը, եւ ստացվեց այնպես, որ  արդեն երեք ամիս է՝ աշխատանք չունեմ, դժվար է, բայց պետք է հաղթահարենք. մեզնից վատ վիճակում գտնվող մարդիկ էլ կան: Ինչպես ամբողջ ժողովուրդը, ես էլ սպասողական վիճակում եմ»-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց ազգային, ժողովրդական երգերի կատարող Համլետ Գեւորգյանը:

Նրա համոզմամբ՝ հայ ժողովուրդը սկզբնական շրջանում չէր գիտակցում ներկայիս վիճակի լրջությունը, վատ էր ինքնակազմակերպվում, սակայն հիմա արդեն իրավիճակը համեմատաբար ավելի լավ է: «Հիմա արդեն սպասում եմ դրական միտումների, կարծում եմ՝ պատվով կհաղթահարենք այս դժվարին պահը: Մարդիկ արդեն ինքնամեկուսացմանն ավելի լուրջ են վերաբերվում»,- նկատեց երգիչը:

Ինքնամեկուսացման ժամանակահատվածում Համլետ Գեւորգյանը ստեղծագործական կյանքով չի ապրում, հակառակը՝ փորձում է մաքսիմալ կտրվել իր աշխատանքից, հանգստանալ, զբաղվել այն ամենով, ինչով սովորական օրերին զբաղվել չի ստացվում: «Եթե ուզենամ էլ,  պետք է խոստովանեմ, որ դժվար է կենտրոնանալ ստեղծագործական որեւէ աշխատանքի վրա»,-ասաց մեր զրուցակիցը:

Նշենք, որ կորոնավիրուսի դրական դինամիկայի 3 անգամ նվազում ունենք. այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ երեկ 263 թեստավորում է իրականացվել, որից ընդամենը 11-ն է եղել դրական։ «Առաջիկա շաբաթվա ընթացքում, եթե պահպանենք պարետատան սահմանափակումները, երկուշաբթի օրվանից կսկսենք ռեժիմների թուլացումը եւ կմտածենք բնականոն կյանքին վերադառնալու մասին»,- ասել է վարչապետը։ Ապրիլի 6-ի դրությամբ մեր երկրում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 833 է, ապաքինվել է 62 քաղաքացի, փաստացի բուժում են ստանում 736-ը:

Ա. ԱՆՏՈՆՅԱՆ

 

 

 

 

 

 

ԿՀԵՌԱՆԱՆ ԹԻՄԻՑ

Մադրիդի «Ռեալը» պատրաստվում է բաժանվել թիմի միանգամից 7 ֆուտբոլիստներից։

Իսպանական AS-ը տեղեկացնում է, որ մադրիդյան ակումբի նման որոշումը կապված է ֆուտբոլիստների աշխատավարձերը կրճատելու հետ։ Մադրիդյան թիմը պատրաստվում է հրաժարվել Խամես Ռոդրիգեսի, Գարեթ Բեյլի, Մարիանո Դիասի, Խեսուս Վալյեխոյի, Դանի Սեբալյոսի, Բրահիմ Դիասի եւ Ալվարո Օդրիոսոլայի ծառայություններից։  «Արքայական ակումբը» ֆուտբոլիստների աշխատավարձերի վրա այս տարի ծախսել է 282 մլն եվրո, եւ  եթե նրանց հաջողվի վաճառել այս բոլոր խաղացողներին, ապա թիմը կխնայի 75 մլն եվրո։ Հիշեցնենք, որ Գարեթ Բեյլի եւ Խամես Ռոդրիգեսի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է անգլիական «Էվերտոնը»։ Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին, ով այժմ մարզում է «Էվերտոնը», ամեն ինչ կանի իր նախկին ֆուտբոլիստներին մերսիսայդյան ճամբար տեղափոխելու համար։  Խամեսին իրենց կազմում ցանկանում են տեսնել նաեւ «Արսենալն» ու «Վուլվզը», իսկ Բեյլին՝ «Տոտենհեմը»։ Ալվարո Օդրիոսոլան այժմ վարձակալական հիմունքներով հանդես է գալիս Մյունխենի «Բավարիայի» կազմում, եւ դեռեւս պարզ չէ՝ արդյոք գերմանական ակումբը կցանկանա ձեռք բերել ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերը։ Թիմի իսպանացի կիսապաշտպան Դանիել Սեբալյոսն էլ վարձակալական հիմունքներով Լոնդոնի «Արսենալում» է։ Նրա ապագան անգլիական ակումբում նույնպես մշուշոտ է։ «Սերուցքայինների» վաճառքի ենթակա ֆուտբոլիստներից մյուսն էլ ՝ Խեսուս Վալյեխոն է, ով այժմ իսպանական «Գրանադայում» է։ Ֆուտբոլիստը առաջնության առաջին հատվածը անցկացրեց անգլիական «Վուլվզի» կազմում, սակայն չարդարեցրեց թիմի պորտուգալացի գլխավոր մարզիչ Նունու Էշպիլիտու Սանտուի սպասելիքները։

 

 

 

ԿԵՐԿԱՐԱՁԳԻ ԱՆԺԱՄԿԵՏ

ՖԻՖԱ-ն մոտ ժամանակներս պետք է հայտարարի ընթացիկ մրցաշրջանի մնացած մասի ճակատագրի վերաբերյալ որոշման մասին, որը դադարեցված է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: The Athletic-ը տեղակցնում է, որ կազմակերպությունն անժամկետ կերկարաձգի ընթացիկ մրցաշրջանն  ու ազգային լիգաներին թույլ կտա ինքնուրույն որոշել դրա ավարտի ժամկետները: Կտեղափոխվի նաեւ ամառային տրանսֆերային պատուհանը, իսկ ակումբները կկարողանան երկարաձգել պայմանագրերը այն ֆուտբոլիստների հետ, որոնց  գործող պայմանագրերը ավարտվում են այս տարվա հունիսի 30-ին: Հիշեցնենք, որ COVID-19 կորոնավիրուսի համաճարակի պատճառով դադարեցված  են աշխարհի գրեթե բոլոր ազգային առաջնությունները: Եվրոպայում ֆուտբոլ խաղում են միայն Բելառուսում: Ավելի վաղ ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը հայտարարել էր, որ այս մրցաշրջանը Եվրոպայում պետք է ավարտվի մինչեւ օգոստոսի 3-ը:

ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

 




Լրահոս