Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին․
« Հարգելի՛ պարոն Հարությունյան,
Ընդունեք իմ ջերմագույն շնորհավորանքները Արցախում տեղի ունեցած մրցակցային ընտրությունների արդյունքում Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Մեր հայրենիքի ու մեր ժողովրդի համար մեծ հնարավորություններով և միաժամանակ ամենատարբեր մարտահրավերներով լի այս ժամանակաշրջանում ստանձնելով Արցախի ղեկավարի պաշտոնը՝ Դուք ստանձնում եք Արցախի անվտանգության ապահովման, տնտեսական զարգացման, արցախցիների սոցիալական խնդիրների լուծման, արմատական ժողովրդավարական բարեփոխումների և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման առաքելությունը, ինչպես նաև մեր երկու հանրապետություններում այդ գործընթացների ներդաշնակության և համաչափության ապահովման պատասխանատվությունը։
Համատեղ ջանքերի միջոցով մենք պիտի ապահովենք արցախահայերի ազատ ինքնորոշման անսակարկելի իրավունքի պաշտպանությունը։ Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը պիտի շարունակեն համատեղ գործուն քայլեր ձեռնարկել մեր միասնական անվտանգային համակարգի ամրապնդման և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակներում Արցախին բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու ուղղությամբ։ Հարգելի պարոն Հարությունյան, Ձեզ մեծ ուժ, տոկունություն, իմաստություն և լայնախոհություն եմ մաղթում Ձեր նոր, անչափելի պատասխանատու գործում՝ ի փառքս Արցախի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և հանուն մեր համահայկական իղձերի կատարման։ Ձեր այս առաքելության մեջ Ձեզ մշտապես սատարելու պատրաստակամությամբ՝ Արարատ Միրզոյան Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ»: