ՌՈՆԱԼԴՈՒՆ ԵՎ ՄԵՍՍԻՆ՝ ՆՈՐ ՏՐԱՆՍՖԵՐԱՅԻՆ «ՍԵՐԻԱԼԻ» ԳԼԽԱՎՈՐ ԴԵՐԱԿԱՏԱՐՆԵ՞Ր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՖԻՖԱ-ն արդեն հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ եւ նշել, որ առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանը կտեղափոխվի։ Ֆուտբոլային գերատեսչությունը տրանսֆերային պատուհանի նոր ժամկետների մասին խոստացել է տեղեկացնել առաջիկայում։ ՖԻՖԱ-ն նաեւ նշել է, որ այն  ֆուտբոլիստները, որոնց պայմանագրերը իրենց ակումբների հետ ավարտվում են առաջիկա ամռանը, պետք է  երկարաձգեն դրանք։ Կա նաեւ եւս մեկ հստակ պահանջ՝ ֆուտբոլիստների աշխատավարձերը պետք է կրճատվեն՝ ճգնաժամից, որքան հնարավոր է, հեշտ դուրս գալու համար։ Եթե, ամեն դեպքում, կողմերը համաձայնության չգան, ապա պայմանագրերի խզման գործընթացը կքննի ՖԻՖԱ-ն՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ՝ ակումբի տվյալ պահի տնտեսական դրությունը, ֆուտբոլիստի նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքը եւ այլն։

 

Ստեղծված ոչ նորմալ իրավիճակը խառնել է բոլոր ակումբների տրանսֆերային ծրագրերը։ Շատերը փորձում են ավելի մատչելի տրանսֆերային արժեքով ֆուտբոլիստներ գնել, ոմանք էլ ստեղծված իրավիճակը ցանկանում են օգտագործել իրենց շահերի համար՝ թիմում պահելով առաջատարներին։ Առաջիկա տրանսֆերային պատուհանը շատ հետաքրքիր զարգացումներ է ունենալու. դա փաստ է։ Եթե  1 ամիս առաջ կարելի էր ենթադրել, որ ամառային շուկայի գլխավոր քննարկումները պպտվելու էին Նեյմարի, Պոգբայի եւ Մբապեի շուրջ, ապա հիմա ամեն ինչ այլ է։ Տրանսֆերային  նոր «սերիալի» գլխավոր դերակատարներըհամաշխարհային ֆուտբոլի պատմության լավագույններից երկուսն են՝ Թուրինի «Յուվենտուսի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն եւ կատալոնական «Բարսելոնայի» ավագ Լեո Մեսսին։ Վերջին շրջանում շատ են խոսակցությունները, որ այս երկու գիգանտները կարող են հեռանալ իրենց ակումբներից։ Ռոնալդուն կարող է լքել Թուրինը իր շատ բարձր աշխատավարձի պատճառով, իսկ Մեսսին՝ ղեկավարության հետ ունեցած կոնֆլիկտի եւ  միգուցե նոր մարտահրավեր փնտրելու համար։ Կարծում ենք՝ պարզ է, որ նրանց հավանական տեղափոխության մասին կխոսեն մինչեւ տրանսֆերային պատուհանի  փակվելը։ Թե որքանով են ճիշտ այս խոսակցությունները, ցույց կտա ժամանակը։ Հիմա փորձենք հասկանալ՝ որոնք են ներկայիս ֆուտբոլի երկու լավագույնների հավանական կանգառները իրենց ակումբներից հեռանալու պարագայում։ Սկսենք արգենտինացի վիրտուոզից։ Լեո Մեսսիի՝ Կատալոնիայի մայրաքաղաքը լքելու մասին  խոսակցությունները թեժացան այն ժամանակ, երբ արգենտինացին կոնֆլիկտ ունեցավ ակումբի սպորտային տնօրեն Էրիկ Աբիդալի հետ։ Այնուհետեւ Իսպանիայի գործող չեմպիոնի կազմում եղավ մարզչական փոփոխություն՝ Էռնեստո Վալվերդեին փոխարինեց Էնրիկե Սետյեն։ Սետյենի ակումբը գլխավորելը այդքան էլ Լեոյի սրտով չէ։ Ըստ արգենտինացու՝ Կիկեն այն մարզիչը չէ, ով արժանի է գլխավորել «Բարսելոնան»։ Կատալոնական թիմի պաշտպան Ժերարդ Պիկեն ժամանակին բացահայտել էր, որ Մեսսիի պայմանագրում կա կետ, որի համաձայն՝ արգենտինացին կարող է լքել ակումբը  ազատ գործակալի կարգավիճակով յուրաքանչյուր տարվա հունիսին։ Այս ամենից հետո աշխարհի գրեթե բոլոր ակումբները սկսեցին հետաքրքրվել Լեոյով։ Սակայն համաշխարհային ֆուտբոլին հյուր եկավ  մի ճգնաժամ, որը Մեսսիի համար պայքարողների թիվը կտրուկ նվազեցրեց՝ ոչ գրանդ ակումբներից թողնելով միայն «Նյուելս Օլդ Բոյզին», որը արգենտինացու հարազատ ակումբն է։ Արգենտինական թիմում վստահ են, որ Մեսսին կհամաձայի խաղալ նրանց կազմում շատ չնչին աշխատավարձով։ Մի շարք հեղինակավոր պարբերականներ էլ հաղորդում են, որ «Նյուելս Օլդ Բոյզը» արդեն առաջարկ է կատարել Լեոյին։ «Ոսկե գնդակի» 6-ակի դափնեկրի ծառայություններով շատ լրջորեն հետաքրքրված է նաեւ Միլանի «Ինտերը», որը միգուցե արդեն սկսել է բանակցել արգենտինացու հետ։ Ավելի վաղ կարեւոր հայտարարությամբ էր հանդես եկել «ներաձուրիների» նախկին նախագահ Մասիմո Մորատին, ով նշել էր, որ Մեսսիի տրանսֆերը  այլեւս արգելված երազանք չէ «Ինտերի» համար։ Հիմա անցնենք Լեոյի  հավերժական մրցակցին՝ Կրիշտիանու Ռոնալդուին։ Պորտուգալացին իսկական թափ էր հավաքել այս մրցաշրջանի կարեւոր հատվածում եւ ռմբակոծում էր մրցակիցների դարպասները։ Ամեն դեպքում, հիմա որոշակի անորոշություն կա Ռոնալդուի թուրինյան ապագայում։ Խնդիրն այն է, որ Կրիշտիանուի տարեկան աշխատավարձը «Ծեր սինյորայի» կազմում 31մլն եվրո է, որը թիմը, հնարավոր է, չկարողանա վճարել ստեղծված ճգնաժամի պատճառով։ Հնարավոր է՝ որտուգալացին կկնքի նոր պայմանագիր «Յուվենտուսի» հետ՝ գնալով աշխատավարձի կրճատման։ Ամեն դեպքում, այս խոսակցությունները արթնացրին եվրոպական գրանդներին, որոնք սկսեցին մտածել Ռոնալդուի տրանսֆերը ձեռք բերելու մասին։ Մասնավորապես, Ռոնալդուի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում անգլիական «Մանչեստեր Յունայթեդն» ու ֆրանսիական ՊՍԺ-ն։ Շահարկվում էր նաեւ Մադրիդի «Ռեալի» անունը, սակայն  այդ տեղեկությունները հետագայում հերքվեցին։ Tuttosport-ն էլ իր հերթին հայտնում է, որ «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրը կմնա «Յուվեում», եւ այդ հարցը նույնիսկ քննարկման ենթակա չէ։ Իհարկե, «բիանկոներիների» մոտ կսկսվի ճգնաժամ, սակայն փաստ չէ, որ իրենց առաջատարին վաճառելով՝ նրանք կկարողանան  հաղթահարել դա, մանավանդ այն պարագայում, որ պորտուգալացու դիմաց սպասվելիք գումարը այդքան էլ մեծ չէ՝ 70մլն եվրո։ Ռոնալդուն, միանշանակ, իր ներկայությամբ կօգնի թիմին ավելի հեշտ դուրս գալ ստեղծված իրավիճակից։ Իհարկե, եթե այս ամենին նայենք ռեալ աչքերով, ապա քիչ հավանական է թե՛ Ռոնալդուի, թե՛ Մեսսիի հեռանալը իրենց ակումբներից, սակայն քիչ հավանական էր նաեւ այն, որ Կրիշտիանուն 2018-ին կլքի «Ռեալի» ճամբարը։ Առաջիկա տրասնֆերային պատուհանի ընթացքում այս երկուսը, ամենայն հավանականությամբ, կլինեն ուշադրության կենտրոնում. այս տարվա տրանսֆերային շուկան նույնպես կվերածվի «սերիալի», որի գլխավոր հերոսները կլինեն Կրիշտիանու Ռոնալդուն եւ Լեո Մեսսին։

ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

 

 

 

 

ՄԱՔՍԱԿԵՏԻ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼԸ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ է

Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի  բնակիչ, 1966թ. ծնված Հովհաննես Մարաբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Արեւելյան մաքսատուն-վարչության «Բագրատաշեն» մաքսային կետ-բաժնի պետի տեղակալի պաշտոնը եւ հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, անձնական շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքը դիտավորությամբ օգտագործել է ծառայության շահերին հակառակ։

Ըստ առաջադրված մեղադրանքի՝ նա 2019 թվականի մայիսի 18-ի լույս 19-ի գիշերը կազմակերպել եւ հսկել է ենթակա աշխատակիցների կողմից մաքսային կետի խորը զննման անգար մուտք գործած ավտոմեքենաների եւ դրանցում առկա բեռների զննման, կշռման, հաշվառման եւ ձեւակերպման ողջ գործընթացը։ Ներկրված բեռների մաքսային հսկողության ընթացքում Հ. Մարաբյանը դիտավորությամբ չի կատարել իր ծառայողական պարտականությունները, ամբողջ ծավալով չի կշռել եւ չի հաշվառել անգարում առկա բեռները, ներկրողները բեռնատար ավտոմեքենայում բեռնել են չհայտարարագրված եւ անգարի ելքի դռան մոտ կուտակված 13191.89 կգ քաշով ապրանքներ, որոնք մաքսային հսկողության տարածքից դուրս են բերվել՝ օգտագործելով որոշ ապրանքների ձեւակերպման փաստը հաստատող թվով 4 հայտարարագրերը։ Սակայն դրանց տեղափոխումը Երեւան քաղաք խափանվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում։ Հ. Մարաբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասով («Պաշտոնեական լիազորություններ չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ»)։ Այս քրեական գործով մեղադրանքը պաշտպանում է ՀՀ գլխավոր դատախազությունը։ Հ. Մարաբյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Հ. Մարաբյանի դատավարությունը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում նշանակված է  ապրիլի 10-ին։

ՈՍԿԱՆ  ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

 

 

 

ԿԵՐԿԱՐԱՁԳԻ ԺԱՄԿԵՏԸ

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը եւ նպատակ ունենալով մեղմելու մեր հաճախորդների համար կորոնավիրուսի պատճառով ստեղծված հետեւանքները՝ «Յունիբանկը» կերկարաձգի վարկերի մարման ազատ գրաֆիկի ժամկետը մինչեւ 2020թ.-ի մայիսի 31-ը, որից հետո վարկերի մարման ժամանակացույցերում կկատարվեն հետեւյալ փոփոխությունները`

ֆիզիկական անձանց տրամադրված անգրավ սպառողական վարկերի մարման վերջնաժամկետը կերկարաձգվի 6 ամսով, եւ 2020թ. մարտի 16-ից մինչեւ մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում գրաֆիկով սահմանված մարման ենթակա մայր գումարների եւ տոկոսների մարումները համամասնորեն կբաշխվեն վարկի մնացորդային ժամկետի վրա: Այս վարկերի համար հերթական մարման օրն է համարվելու հունիսի նույն ամսաթիվը, որը սահմանված էր գործող գրաֆիկով: Օրինակ` մարտի 20-ին մարում ունեցող հաճախորդի առաջին մարումը կլինի հունիսի 20-ին: Այս առաջարկը համարվում է հանրային օֆերտա, եւ այն հաճախորդները, որոնք 2020թ.-ի մայիսի 31-ից հետո այս կարգով կկատարեն առաջին վճարումը, կհամարվեն նշված պայմաններին համաձայնություն տված: Բոլոր այն հաճախորդներին, որոնք չեն ցանկանա օգտվել ընձեռված հնարավորությունից, խնդրում ենք հրաժարման մասին տեղեկացնել բանկին՝ գրավոր դիմումի տեսքով: Իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերին, ինչպես նաեւ ֆիզիկական անձանց տրամադրված, գրավով ապահովված վարկերի մարման վերջնաժամկետը կերկարաձգվի 6 ամսով, եւ 2020թ.-ի մարտի 16-ից մինչեւ մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում գրաֆիկով սահմանված մարման ենթակա մայր գումարների եւ տոկոսների մարումները համամասնորեն կբաշխվեն վարկի մնացորդային ժամկետի վրա: Բանկի կողմից ընձեռված հնարավորությունից օգտվել ցանկացող հաճախորդներին խնդրում ենք ներկայացնել գրավոր դիմում՝ սկսած 2020թ. մայիսի 1-ից, համապատասխան համաձայնագիր կնքելու նպատակով:

Դիմումները բանկ կարելի է նաեւ ներկայացնել[email protected] հասցեով: «Յունիբանկը» վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից: Տեղեկատու կենտրոն՝ +374 10 59 55 55

 

 

 

 

5 ՏՐԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ

Նոր կորոնավիրուսի տարածման պատճառով համաշխարհային տնտեսության համար ընդհանուր վնասը երկու տարվա ընթացքում ավելի քան 5 տրիլիոն դոլար կկազմի: Հրապարակման մեջ նշվում է. «Աշխարհը մտնում է 1930-ական թվականներից ի վեր խաղաղ ժամանակներում ամենախորը ռեցեսիայի մեջ` հաշվի առնելով, որ վիրուսի պատճառով իշխանությունները մասնավոր ձեռնարկություններին կարգադրել են դադարեցնել աշխատանքը, իսկ մարդկանց` մնալ տանը»: Չնայած անկումը, կանխատեսումների համաձայն, տեւական չի լինի, (երկրների) տնտեսություններին ժամանակ կպահանջվի կորուստները վերականգնելու համար։

 

 

 




Լրահոս