Նոր զարգացումներ «Յուքոմ»-ում․ կողմերը «կառերեսվեն»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Յուքոմ» ընկերությունում նոր զարգացումներ են սպասվում։ Ինչպես հայտնի է, ապրիլի 14-ին տեղի ունեցած խորհրդի նիստում տնօրեն է նշանակվել Արա Խաչատրյանը, այնուհետև երկու օր անց՝ ապրիլի 16-ին, դիմում է եղել ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստր՝ «Յուքոմ» ՓԲ ընկերության գործադիր մարմնի ղեկավարի փոփոխության պետական գրանցում կատարելու համար:

Սակայն ուշագչավ է, որ նույն օրը մեկ այլ դիմում ևս ներկայացվել է, այս անգամ մյուս թևի՝ Ալեքսանդր Եսայանի կողմից։ Սակայն նրա դիմումում այլ բան է նշված, մասնավորապես  տնօրենների խորհրդի նիստի կարգի խախտման եւ այլ հարցերի մասին։ Եվ ահա այս ամենից հետո հարցը պետք է կարգավորվի լրացուցիչ լսումների միջոցով։

Մասնավորապես, «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին»  ՀՀ օրենքի 20-րդ հոդվածը սահմանում է, թե ինչ է արվում, երբ նույն ընկերության կողմից տարբեր դիմումներ են առկա։ «Գրանցման գործընթացում իրականացվում են լսումներ, երբ առկա է այլ անձի գրավոր դիմում կամ հաստատված աղբյուր ունեցող այլ տեղեկություն, որը վիճարկում է պետական գրանցման համար էական որևէ փաստի գոյությունը կամ հավաստիությունը»։ Եվ ահա, այս պարագայում լսումների հիմք է հանդիսացել Ալեքսանդր Եսայանի դիմումը, որով նա հայտնել է կարգի խախտման մասին։

Ընդ որում, լսումների մասին որոշումը կայացնելու պահից կասեցվում է օրենքով սահմանված գրանցման ժամկետի ընթացքը ոչ ավել, քան քսան օրով, որը կարող է երկարաձգվել ևս տասը օրով, եթե քսանօրյա ժամկետում հնարավոր չի եղել պարզել վիճելի հանգամանքները: Այս դեպքում ընդունվում է պատճառաբանված որոշում: Ընդ որում, լսումները չեն կարող ավելի ուշ լինել, քան լսումների մասին որոշումը ընդունելուց հետո` հնգօրյա ժամկետում: Եվ լսումներին որևէ անձի չներկայանալը, անկախ պատճառից, հիմք չէ լսումների հետաձգման համար: Արդարադատության նախարարության մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը ArmLur.am-ին հայտնեց, թե լսումները տեղի կունենան ապրիլի 21-ին:

Հիշեցնենք, որ «Յուքոմ»-ի բաժնետոմսերի  29 տոկոսը պատկանում է  Ֆինանսների նախկին նախարար, այժմ կալանավորված Գագիկ Խաչատրյանի որդիներին: Մեկ   այլ անդամ՝ Արամ Խաչատրյանն ունի 24 տոկոս բաժնեմաս, 10 տոկոսը պատկանում է ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի «Ֆորա-բանկ»-ին, 6 տոկոսը՝ Կարապետյանի քրոջ ամուսնուն՝ Սուրիկ Պողոսյանին, մոտ 6 տոկոսն էլ՝ Հայկ և Ալեքսանդր Եսայան եղբայրներին։

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս