Ասպիրանտների կրթաթոշակները կբարձրանան 35 հազար դրամով․ ԿԳՄՍՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ 35 հազար դրամով
բարձրացվել է ասպիրանտուրայում սովորողների կրթաթոշակը: Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍՆ-ն։

Ըստ այդմ` 2020 թվականի սեպտեմբերից հետբուհական կրթություն ստացողներին տրվող կրթաթոշակի չափը սահմանվում է`

հայագիտական ուղղվածությամբ մասնագիտությունների համար՝ 65000 դրամ, նախկին
30000 դրամի փոխարեն,

բնագիտական և այլ մասնագիտությունների համար` 60000 դրամ, նախկին 25000
դրամի փոխարեն,

տնտեսագիտական և իրավաբանական մասնագիտությունների համար` 55000 դրամ,
նախկին 20000 դրամի փոխարեն,

դոկտորանտների համար` 65000 դրամ, նախկին 30000 դրամի փոխարեն:
Հարցը զեկուցող ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի խոսքով` այս որոշման
ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 8-ին` N 65-Ա
որոշմամբ հաստատված ծրագրից և նպատակ ունի խթանել մարդկային ներուժի
զարգացումը և որակյալ կրթության ապահովումը:

«Սա ավելի քան կրկնակի բարձրացում է և մենք հույս ունենք, որ այն կնպաստի երիտասարդ մասնագետների ներգրավմանը հետազոտական աշխատանքների ոլորտում և դրական ազդեցություն կունենա գիտական արդյունքի զարգացման վրա»,- նշել է Արայիկ Հարությունյանը և եզրափակել, որ կրթաթոշակների բարձրացումը նախատեսված էր նախարարության 2020-2022 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրով:




Լրահոս