Նույն չլուծված խնդիրները. Արարատում գյուղացիները կանգնել են ջուր չունենալու վտանգի առաջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Արարատի մարզի Դվին եւ Վերին Դվին գյուղերի բնակիչները կրկին կանգնել են ոռոգման ջուր չունենալու վտանգի առաջ: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ երեկ այս խնդրի շուրջ Վերին Դվին գյուղի բնակիչները բողոքի ակցիա են անցկացրել, քանի որ օրերով ջուր չեն ունեցել:

Հիշեցնենք, որ նախորդ տարի էլ Արարատի մարզի Դվին, Վերին Դվին, Այգեստան եւ այլ գյուղեր կրկին կանգնել էին ոռոգման ջուր չունենալու խնդրի առաջ: Ամառվա տապին գյուղացիներն իրենց հողատարածքները պետք է ջրեին, սակայն ջուր չլինելու պատճառով նրանց հեկտարներով այգիներն ու բանջարանոցները արեւից փչանում էին:

Այս տարի ոռոգման ջրի խնդրից ավելի շատ դժգոհում են Վերին Դվին գյուղի բնակիչները, ովքեր հենց երեկ բողոքի ակցիա են անցկացրել գյուղապետարանի մոտ եւ պահանջել են անհապաղ լուծել խնդիրը: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը կապ հաստատեց Վերին Դվինի գյուղապետ Լյուդմիլա Պետրովայի հետ, ով շտապեց տեղեկացնել, որ հարցը կարգավորվել է: «Ջրամբարը ստուգել են ու տեսել են, որ ջուր կա: Անհրաժեշտ ջրի քանակություն կա: Ջուր եղել է, ուղղակի երկու օր գյուղի մի մասին է ոռոգման ջուր հասել, իսկ մյուս մասը մնացել է առանց ջրի: Բայց հիմա արդեն ամեն բան կարգին է»,- արդարացավ գյուղապետը:

Իսկ մյուս՝ Դվին գյուղում դեռ նախորդ տարվա նման մարդիկ գրաֆիկով են ռոգոման ջուր ունենում՝ 3 կամ 4 օրը մեկ: «Մեր գյուղում ոռոգման ջուրն ընդհատումներով ենք ունենում, քանի որ Ազատի ջրամբարը նստել է, բայց ընդհանուր առմամբ նորմալ է: Կարողանում ենք յոլա գնալ»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ներկայացրեց Դվինի գյուղապետ Արծրուն Աբրահամյանը:

Նրանից տեղեկացանք նաեւ, որ բնակիչների ահազանգից հետո Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն այցելել է Ազատի ջրամբար: «Ամեն բան արվում է, որպեսզի բոլորն էլ ոռոգման ջուր ունենան: Հիմա թե՞ ջրամբարը կլցնեն, թե՞ պոմպ կդնեն ու այդ տարբերակով ջուր կտան, հայտնի չէ: Բայց հավանական է, որ պոմպի միջոցով միայն այս խնդիրը հնարավոր կլինի լուծել»,- ենթադրեց Դվինի գյուղապետը:
Չնայած գյուղացիների բողոքի ակցիային՝ Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Հայկազ Տերտերյանը պնդում է, որ գյուղացիները ոռոգման ջրի խնդիր չեն ունեցել եւ չունեն: «Ոչ մի Դվինում մենք ոռոգման ջրի խնդիր չենք ունեցել: Գուցե մեկ-երկու ժամով ջուր չի եղել: Ազատի ջրամբարում ոչ միայն բավարար քանակությամբ ջուր կա, այլեւ մենք նախորդ տարի այնտեղ պոմպ ենք տեղադրել եւ դրանից կարողանում ենք օգտվել: Իհարկե, լավ չէ, որ էլեկտրաէներգիայի միջոցով ենք ջուր ունենում: Միայն պետք է պոմպով մղենք»,- վստահեցրեց պաշտոնյան:

Ու թեեւ գործադիրը հայտարարում է, որ կանգնած է գյուղացու կողքին եւ մշտապես նրան աջակցում է, այնուամենայնիվ, ամեն ինչ հակառակն է:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս