Ում աջակցությամբ է ստեղծվել analitik.am-ը, և ինչ է խոստացել լրատվական կայքի ձերբակալված տնօրենը ազատ արձակվելու դիմաց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հայտնի դարձավ, որ մայիսի 2-ին ՀՀ Աժ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ոստիկանությանը հաղորդում է տվել այն մասին, որ analitik.am լրատվական կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանը եւ նրա օգնական Վարդուհի Գիշյանը կայքում պարբերաբար իր անձի, ընտանիքի, իր պատգամավորական գործունեությանը վերաբերող սուտ տեղեկություններ եւ այլ նյութեր հրապարակելու կապակցությամբ հանդիպումներ են ունեցել իր հետ` պահանջելով վճարել 300.000 դրամ, որպեսզի վերը նշված բնույթի նյութեր չհրապարակվեն կայքում:

Հերթական նման փորձի ժամանակ ոստիկանությունը ժամը 15-ի սահմաններում Երեւան քաղաքի Նալբանդյան փողոցի սրճարաններից մեկում 300.000 դրամ գումարը վերցնելու պահին ձերբակալել է կայքի տնօրենի օգնական Վ. Գիշյանին, ապա քիչ անց նաեւ կայքի տնօրեն Ա. Հովհաննիսյանին:

ArmLur.am-ին հայտնի է դարձել, որ analitik.am-ի թիրախում միայն Տ. Ուրիխանյանը չի եղել: Պարզվել է, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը եւս բախվել է նույն խնդրին: ArmLur.am-ի հետ զրույցում ԱԺ պատգամավորներից մի քանիսը ասել են, որ analitik.am-ի հովանավորը ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանն է: Վերջինս ամեն երեկո հանդիպել է լրատվական կայքի տնօրենի հետ եւ նրան ցուցումներ տվել, թե «ում վրա գրել»:

Ավելի ուշ մեզ հայտնի դարձավ, որ analitik.am լրատվական կայքը ստեղծվել է «Օրինաց երկիր» կուսակցության աջակցությամբ, հետագայում կայքին օժանդակություն է ցուցաբերել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, իսկ ահա ՀՀ ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանը եղել է կայքի թեւ ու թիկունքը: Ինչեւէ, օրվա ընթացքում պարզվեց, որ Տ. Ուրիխանյանը հանցագործության մասին հաղորդում ներկայացնելով հանդերձ` հրաժարվել է ներկայանալ քննչական մարմին հարցաքննության:

Սա բարդություն է ստեղծել իրավապահների համար, քանի որ Ուրիխանյանը, որպես պատգամավոր, անձեռնմխելի է, եւ նրան բերման ենթարկել այս պահին չեն կարող: Իսկ ինչ պատճառաբանությամբ է պատգամավորը հրաժարվում ներկայանալ իրավապահ մարմնին: Վերջինիս գրասենյակը հայտարարել էր, թե «սանձարձակ անձնավորությունը իգական սեռի է, եւ հուսալով, որ նա կարող է երբեւէ դարձի գալ ու ապրել բարոյական կյանքով, պատգամավորը չի պատրաստվում ցուցմունքներ տալ նրա դեմ: Թող օրենքը որոշի հետագա ընթացքը»:

Մեր տեղեկություններով` շորթման կասկածանքով ձերբակալված Անին քննության ընթացքում ասել է, որ պատրաստ է տալ այն պաշտոնյաների անունները, որոնք իր հետ համագործակցել են, երբեմն հայտնել ինչ-ինչ գաղտնի խոսակցություններ եւ տեղեկություններ այլ անձանց վերաբերյալ: Նա նաեւ ասել է, որ պատրաստ է տալ իրեն ուղղորդող պաշտոնյայի անունը` պայմանով, որ իրեն ազատ արձակեն:

Հ. Գ. analitik.am-ի հետ կատարվածը ոգեւորությամբ են ընդունել լրագրողական աշխարհում, քանի որ հույս կա, որ այս կերպ մեդիա դաշտը կսկսի մաքրվել «գրդոնչի» լրագրողներից: Սակայն մեր գործընկերները նշում են, որ շորթմամբ զբաղվող լրագրողները դաշտում շատ են, եւ եթե պատժում են, ապա թող միայն Անի Հովհաննիսյանին չպատժեն:

Քնար Մանուկյան




Լրահոս