Մայրն իր 2,5 ամսական տղային օրեր շարունակ սոված է պահել՝ կեղտի, առնետների ու թափառող շների ընկերակցությամբ (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 30-ին արտակարգ դեպք է գրանցվել Վանաձորում՝ «աղբի գարաժներ» կոչվող տարածքից. այստեղից ծայրահեղ ծանր վիճակում Վանաձորի բժշկական կենտրոնի «Նարեկ» մանկական բաժանմունք է տեղափոխվել 2,5 ամսական Ալեն Կարապետյանը:

Ամեն ինչի մասին, սակայն, սկզբից

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ մոտ մեկուկես ամիս առաջ թաղամասային մանկաբույժը այցելություն է կատարել Վանաձորի «աղբի գարաժներ» կոչվող տարածք՝ Նարինե Կարապետյանի 2,5 ամսական երեխայի հերթական ստուգման համար եւ արդյունքում տղային հայտնաբերել է սոված ու գրեթե անգիտակից վիճակում, մարմինն էլ թարախային խոցերով պատված: Տեղամասային մանկաբույժը անմիջապս ահազանգել է իր ղեկավարությանն ու մարզպետարան՝ հայտնելով, որ երեխայի՝ Ալեն Կարապետյանի (ծնված 16.07.2016 թ-ին) կյանքին ու առողջությանը վտանգ է սպառնում: Հենց նույն օրը կազմակերպվել է երեխայի տեղափոխումը հիվանդանոց: Վանաձորի բժշկական կենտրոնի «Նարեկ» մանկական բաժանմունքում նա հոսպիտալացվել է:

14971639_1359399980766716_941384405_o

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Նարեկ» մանկական բաժանմունքի ղեկավար, գլխավոր մանկաբույժ Արփինե Համբարյանը նշեց, որ փոքրիկն իրենց մոտ է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում. «Այն պայմանավորված է իր խայտառակ վատ խնամքով, քաշը՝ տուժած, գիտակցությունը՝ մթագնած, ջերմությունը՝ 35 աստիճան, մարմինը՝ սառած, ռեակցիաները՝ կորցրած: Հաշվի առնելով երեխայի ծագումը, ընտանեկան ծանր սոցիալական վիճակը, պայմանները, որտեղ ապրել է, ինչպես նաեւ ծնողի վարքը, երեխան վանաձորյան պայմաններում անցել է բոլոր հնարավոր հետազոտությունները՝ անգամ սեռակավարակությունը»,- տեղեկացրեց գլխավոր մանկաբույժը՝ հավելելով, որ հիվանդանոցում գտնվելու 10-12 օրերի ընթացքում փոքրիկի վիճակը լավացել է, քաշը՝ ավելացել. «Մեր կոլեկտիվի շնորհիվ երեխան դուրս եկավ կյանքի վտանգի շեմից ու հարց դրվեց երեխային մանկատուն տեղափոխելու մասին: Հոկտեմբերի 14-ին խնամակալության հանձնաժողովի կողմից որոշում կայացվեց, որ երեխան չպետք է տրվի մոր խնամքին, լավ կլինի տանել մանկատուն»: Գլխավոր մանկաբույժի խոսքով՝ եթե փոքրիկը շարունակեր անգամ մեկ օր ավել մնալ այդ ընտանիքում, պարզապես կմահանար:

14963709_1359399977433383_898389721_o

Ծանր պայմաններում

Տեղեկացնենք, որ չունենալով մշտական բնակության վայր՝ Նարինե Կարապետյանն ու նրա երեք մանկահասակ երեխաները բնակվում են մի տնակում, որը չունի դուռ ու պատուհան, նվազագույն կոմունալ ու կենցաղային պայմաններ:
Դրա համար էլ հոկտեմբերի 14-ին Վանաձորի խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովի քարտուղարի, Լոռու մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների բաժնի գլխավոր մասնագետի, ոստիկանության Բազումի բաժնի անչափահասների բաժանմունքի պետի եւ մանկատան աշխատակիցների հետ համատեղ որոշում է կայացվել երեխային հիվանդանոցից տեղափոխել անմիջապես մանկատուն: Որոշման հիմքում եղել է մոր` Նարինե Կարապետյանի կոմունալ կենցաղային անբավարար ծայրահեղ պայմանները, ծնողավարության հմտությունների պակասը:

Փոքրիկը լավացել է եւ տեղափոխվել Վանաձորի մանկատուն, որտեղից սակայն երեկոյան կրկին տեղափոխվել է հիվանդանոց, քանի որ մանկատունը չի կարողացել անհատական խնամք կազմակերպել: Օրեր անց Ալենին կրկին մանկատուն են տեղափոխում, որտեղից 4 օր հետո դարձյալ ծայրահեղ ծանր վիճակում՝ փսխումներով, ջրազրկում` հիվանդանոց: «Մանկատնից տեղափոխվել է խայտառակ վատ վիճակում, ինֆեկցիոն տոքսիկ շոկով: Բարեբախտաբար հաջողվեց փրկել փոքրիկի կյանքը»,-ասաց Արփինե Համբարյանը:
Լոռու մարզպետարանի ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների բաժնից հայտնեցին, որ Ալեն Կարապետյանի ոչ միայն առողջական վիճակը, այլ նաեւ հետագա ճակատագիրն ու խնամքը որոշելու ուղղությամբ քայլերը շարունակվում են: Ներկայումս երեխան հաշվառվել է որպես առանց ծնողական խնամքի մնացած երեխա: «Վանաձորի համայնքապետարանից Ալեն Կարապետյանին Վանաձորի մանկատուն տեղավորելու համար անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուն պես երեխան օրենքով սահմանված կարգով կտեղափոխվի Վանաձորի մանկատուն»,-հայտնեցին Լոռու մարզպետարանից:
Տեղեկացնենք, որ փոքրիկի կյանքին վտանգ չի սպառնում: Բայց այժմ այդ խայտառակ պայմաններում` դուռ ու պատուհան չունեցող տնակում նույն մոր հետ բնակվում են փոքրիկ Ալենի 2 եղբայրները: Նկատենք, որ Նարինե Կարապետյանը ամուսին չունի, իսկ 4 երեխաներից 3-ը տարբեր հայրերից են:

Ազգային անպատասխանատվություն

Հիշեցնենք, որ դեռ մեկ ամիս առաջ Վանաձորում կատարվածը ցնցեց հանրապետությանը: 4 տարեկան երեխան եռման ջուր էր լցրել վրան ու 4 օր անց մահացել: Եւ այդ 4 օրերի ընթացքում փոքրիկի մայրը ո՛չ շտապօգնություն էր զանգահարել, ո՛չ էլ հիվանդանոց տեղափոխել փոքրիկին:
Իսկ ի՞նչ ընդհանրություն կա 2,5 ամսական Ալենի եւ մահացած 4-ամյա Ռոզայի միջեւ: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ նրանք մորաքրոջ երեխաներ են: Երկու քույրերով ապրում են հարեւան տնակներում` նույն ծայրահեղ ծանր պայմաններում: Եւ ստացվում է, որ քրոջ երեխայի մահն անգամ չսթափեցրեց Նարինեին, որը իր 2,5 ամսական տղային օրեր շարունակ սոված է պահել՝ կեղտի, առնետների ու թափառող շների ընկերակցությամբ:

Էդվարդ Արզումանյան
Վանաձոր




Լրահոս