Ինչու են Հայաստանին մեկուսացնում

Ինչու են Հայաստանին մեկուսացնում

Հունիսից իր աշխատանքները կսկսի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին. այդ մասին հայտարարել է Թուրքիայի կապի եւ տրանսպորտի նախարար Ահմեթ Արսլանը` հավելելով, որ Կարսից դեպի Բաքու կգործի երկաթուղային մեկ գիծ, իսկ հետագայում երթուղին կշարունակվի մինչեւ Ղազախստան ու Թուրքմենստան` հասնելով մինչեւ Չինաստան:

Փաստորեն, այս երկաթուղու կառուցման ծրագիրը, որ ՀՀ իշխանությունները մշտապես համարել են Հայաստանը մեկուսացնելու նախաձառնություն, արդեն իրականություն է, եւ շատ կարճ ժամանակ անց այն շահագործման կհանձնվի: Ընդ որում, այս երկաթուղու կառուցումը բավական թանկ է արժեցել. տարբեր հաշվարկներով ծրագրի վրա ծախսվել է 1 մլրդ ԱՄՆ դոլար:

Մինչդեռ կարելի էր օգտվել ավելի շահավետ տարբերակից. նոր երկաթուղի կառուցելու փոխարեն հնարավոր էր գործարկել գոյություն ունեցող Կարս-Գյումրի երկաթգիծը` այդպես կապելով Թուրքիան, Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը. մի տարբերակ, որ մշտապես պնդել են ՀՀ իշխանությունները: Պնդել են, բայց չեն կարողացել իրագործել, քանի որ Ղարաբաղյան հիմնահարցը կարգավորված չէ, ինչը խանգարում է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը:
Հետեւաբար տարածաշրջանային ծրագրերից չմեկուսանալու, այլ դրանց մաս կազմելու համար հարկավոր է նախ եւ առաջ լուծել հարեւանների հետ կոնֆլիկտները` միաժամանակ խորացնելով հարաբերություններն այն հարեւանների հետ, որոնց հետ արդեն իսկ բարիդրացիական հարաբերություններ ունենք:

Իսկ ի՞նչ են անում ՀՀ իշխանություններն այդ ուղղությամբ: Պատասխանը պարզ է. եթե չհաշվենք կենացների մակարդակով ասված ճառերն ու խոստումները, ապա գործնական ոչինչ: Եթե հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը շատ ավելի բարդ ու ժամանակատար խնդիր է, ապա հայ-վրացական եւ հայ-իրանական հարաբերությունների խորացման ուղղությամբ արվող քայլերն ամենեւին էլ չի կարելի բավարար համարել:

ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները՝ նախագահ, ԱԺ նախագահ, վարչապետ, ԱԳ նախարար, տարեկան առնվազն մեկ անգամ աշխատանքային կամ պաշտոնական այցով մեկնում են Վրաստան. քննարկվող թեմաներն էլ կրկին նույնն են՝ երկկողմ հարաբերությունների խորացում, տնտեսական կապերի զարգացում, տարբեր ոլորտներում համագործակցություն եւ այլն:

Սերժ Սարգսյանը, օրինակ, տնտեսական հարաբերությունների խորացման մասին խոսել է ե՛ւ 2008, ե՛ւ 2011, ե՛ւ 2014, ե՛ւ 2015 թվականներին Վրաստան այցերի ժամանակ, նաեւ տարբեր ոլորտներում համագործակցության փաստաթղթեր են ստորագրվել: Բայց եթե նկատի ունենանք փաստը, որ Վրաստանում Հայաստանից եւ Հայաստանում Վրաստանից արված ներդրումների ծավալներն այս տարիներին չնչին չափեր են եղել, պարզ է՝ ստորագրված փաստաթղթերն այդպես էլ մնացել են փաստաթղթեր: Նույնը կարելի է ասել ներկա ու նախին վարչապետների այցերի մասին:

Երեկ Հայաստան էր ժամանել Վրաստանի ԱԳ նախարար Միխեիլ Ջանելիձեին, որ հանդիպել է Սերժ Սարգսյանի, վարչապետ Կարեն Կարապետյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Թեեւ խոսվել է բոլոր հիմնական ուղղություններով՝ քաղաքական երկխոսության, առեւտրատնտեսական հարաբերությունների, տրանսպորտային հաղորդակցության, էներգետիկայի, մշակույթի եւ կրթության ոլորտում համագործակցության մասին, սակայն առանց կոնկրետացումների:

Հիշեցնենք, որ Հայաստանի իշխանությունները՝ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, այս տարվա փետրվարին նրա՝ Վրաստան այցից հետո հայտարարեցին Վերին Լարսից բացի՝ Վրաստանով դեպի ՌԴ այլընտրանքային ճանապարհներ գտնելու համատեղ մտադրությունների մասին: Բայց այս հարցում առայժմ խիստ անորոշություն է. իշխանություններին երկկողմ հարաբերություններում չի հաջողվում կոնկերտ լուծումներ գտնել Հայաստանի համար կենսական նշանակության խնդրում: Ու որքան էլ Հայաստանի վարչապետը խոսի Վրաստանի հետ բիզնես կապերի խթանման, ինտեգրացիոն միավորումների եւ ազատ տնտեսական գոտիների շրջանակում համագործակցության, զբոսաշրջության եւ ՏՏ ոլորտներում փորձի փոխանակման եւ այլ ուղղություններով նախանշված նախագծերի իրականացման մասին, իսկ Վրաստանի ԱԳ նախարարը վերահաստատի իրենց կառավարության շահագրգռվածությունը ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու հարցում, միեւնույն է՝ սա դեռ փաստ չէ, որ նախանշված ծրագրերն իրականություն կդառնան:

Դեռ ավելին՝ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Ջանելիջեի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ուշագրավ խոստովանությամբ է հանդես եկել. «Երկու կողմերն էլ պարբերաբար կրկնում են, որ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ չկան խնդիրներ, կան հարցեր, որոնք համատեղ ջանքերով լուծվում են։ Մեր այսօրվա հանդիպումը եւս դրա ապացույցն էր»։ Այսինքն՝ Նալբանդյանն անուղղակի խոստովանել է, որ Հայաստանի ու Վրաստանի հարաբերություններն այնքան էլ հրաշալի, այնքան էլ բարիդրացիական չեն, եւ երկու երկրների մեջ եթե ոչ խնդիրներ, ապա առնվազն հարցեր կան, որոնք էլ համատեղ լուծվում են:

Ի դեպ, մեկ ուշագրավ փաստ եւս. Իրանի նախագահ Հասան Ռոհանին երեկ հայտարարել է, որ իր աշխատակազմն առաջնահերթ ուշադրություն է դարձնում հարեւան երկրների՝ մասնավորապես Ռուսաստանի եւ Ադրբեջանի հետ կապերին: Ավելին՝ նրա խոսքով՝ վերջին տարիներին Ադրբեջանի եւ Ռուսաստանի հետ կապերը զգալիորեն բարելավվել են:

Ռոհանին, շեշտելով ՌԴ-ի հետ ապրանքաշրջանառության մեծ աճի մասին, նաեւ կանխատեսել է՝ հյուսիսային Ամիրաբադ նավահանգստում նոր ենթակառուցվածքների ստեղծումը կնպաստի երկու երկրների միջեւ առեւտրային կապերի հետագա ամրապնդմանը: Փաստորեն, ԻԻՀ նախագահը հարեւան երկրների հետ հարաբերությունները խորացնելու առաջնահերթությունների մասին խոսելիս չի թվարկել Հայաստանի անունը: Դեռ ավելին՝ հիմա Իրանը փորձում է ՌԴ-ի հետ Ամիրաբադի նավահանգստով ծովային կապ հաստատել. մի ծրագիր, որն էլ իր հերթին կարող է նպաստել Հայաստանի՝ էլ ավելի մեկուսացմանը:

Համաձայնեք, մեր երկրի համար բավական տխուր է լինելու, քանի դեռ Հայաստանում այս որակի իշխանություն է, որն այդպես էլ չի կարող հարեւանների հետ ճկուն դիվանագիտություն վարել ու իր շահերն առաջ տանել:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ