Իմ առաջին սերը դարձավ իմ կինը, մինչ այդ ունեցել եմ պարզապես հրապույրներ. Արաբո Իսպիրյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը շարունակում է ընթերցողների դատին հանձնել «Աստղերի առաջին սերերը» շարքը, որի շրջանակում անդրադառնում ենք շոուբիզնեսցիների կյանքից քչերին հայտնի կամ անհայտ դրվագների, նրանք կատարում են խոստովանություններ, ներկայացնում անձնական կյանքի մանրամասներ: Այս անգամ մեր զրուցակիցը ազգային, ժողովրդական երգերի կատարող Արաբո Իսպիրյանն է:

Արաբոյի առաջին սիրո պատմությունը, թերեւս, եզակի է այն առումով, որ դեմ է սեւակյան պնդմանը, թե առաջին սերը կուտ է դառնում: Արի ու տես, որ Արաբոն առաջին անգամ սիրահարվել է 28 տարեկանում եւ հետո արդեն ամուսնացել է իր սիրելիի հետ. «Իմ առաջին սերը դարձավ իմ կինը, իհարկե, մինչեւ Նարինեին հանդիպելը ունեցել եմ հրապույրներ, սակայն դրանք լուրջ չեն եղել: Կնոջս հանդիպել եմ հարսանեկան խնջույքի ժամանակ: Նա անմիջապես հետաքրքրեց ինձ: Նարինեին, կարելի է ասել, սիրահարվել եմ առաջին հայացքից: Հետագայում, արդեն, երբ սկսեցի նրան ավելի լավ ճանաչել, ավելի շատ սիրեցի»,-անկեղծացավ Արաբոն:

Մինչեւ ամուսնությունը զույգը շփվել է մեկ տարի: Իսկ 2017 թվականի հունիսին՝ Արաբոյի մենահամերգի օրը, երգիչը անակնկալ կերպով ամուսնության առաջարկ է արել սիրելիին. «Կատարում էի «Աննման» երգը, որը դադարեցրի եւ առաջարկ արեցի նրան: Իմ մտադրության մասին գիտեին միայն հայրս եւ մայրս: Ի դեպ, ասեմ, որ հայրս մի փոքր պատրաստել էր Նարինեին՝ ասելով, որ անակնկալ է սպասվում, սակայն չէր բացել փակագծերը: Այդպիսով՝ սիրելիս ընդունեց առաջարկս»,-նշեց երգիչը:

Այժմ Արաբոն եւ կինն ապրում են Հայաստանում: Նրանք երկուսն էլ արմատներով մշեցի են՝ ավանդապաշտ ընտանիքներից: Նարինեն մինչեւ Արաբոյի հետ ծանոթանալը լսել, հավանել է նրա երգերը, կարելի է ասել՝ եղել է երգչի երկրպագուն: Հարցին, թե կինը, որը կապ չունի երգարվեստի հետ, Արաբոյի բեմական գործունեության առնչությամբ խանդի տեսարաններ չի՞ սարքում, երգիչը պատասխանեց. «Ոչ, մենք իրար լավ ենք հասկանում եւ վստահում ենք միմյանց»:

Արաբոն հավաստիացնում է, որ երբ առաջին սիրո հետ ընտանիք կազմեց, իրենց զգացմունքներն ավելի ամրացան. «Դեռ չամուսնացած ընկերներիս շրջանում կարծես քարոզիչ լինեմ, բոլորին կոչ եմ անում ամուսնանալ, պետք է պոզիտիվ տրամադրվել, որ ամեն բան լավ լինի»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս