Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի մտերիմն ու ներման խնդրագիրը. ում համար է նախարար դիմել Սերժ Սարգսյանին

«Ժողովուրդ» օրաթերթը մարտի 8-ին գրել էր, որ Սերժ Սարգսյանն օրերս ներում է շնորհել մի շարք դատապարտյալների: Մասնավորապես, մեզ հասած տեղեկություններով, նա ներում է շնորհել ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյանին, որը 1997թ. դեկտեմբերի 25-ին գերագույն դատարանի կողմից դատապարտվել էր մահապատժի` սպանությանը մասնակից լինելու համար: Այնուհետեւ մահապատիժը փոխարինվել էր ցմահ ազատազրկմամբ, եւ նա 23 տարի է` գտնվում է անազատության մեջ: Ներում են ստացել «Քիմիկների գործով» մեղադրյալներ Աշոտ Առաքելյանը, Արմեն Լեպեջյանը, Սամվել Խաչատրյանը: Հիշեցնենք, որ «Քիմտեխ» գիտահետազոտական ինստիտուտում աշխատած քիմիկները դատապարտվել էին ազատազրկման` թմրանյութ (ամֆետամին տեսակի) արտադրելու եւ իրացնելու համար:

Հատկապես այս վերջին գործի շրջանակներում «Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել: ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը Սերժ Սարգսյանին դիմել է «Քիմիկների գործով» մեղադրյալներից Սամվել Խաչատրյանին ազատ արձակելու խնդրանքով: Բանն այն է, որ Սամվել Խաչատրյանի ընտանիքը քավոր- սանիկական հարաբերութունների մեջ է ՀՀ երկրորդ նախագահի ընտանիքի անդամների հետ: Ուստի չի բացառվում, որ երկրորդ նախագահի ընտանիքը դիմել է արդարադատության նախարարին, որ նա անձամբ Սերժ Սարգսյանին դիմի եւ Սամվել Խաչատրյանի համար ներում խնդրի: Սամվել Խաչատրյանը 2010 թվականից անազատության մեջ է եւ առաջին ատյանի դատարանի կողմից ազատազրկման է դատապարտվել 12 տարի ժամկետով: Ասել է, թե Խաչատրյանը արդեն 8 տարի է, ինչ կրում է իր պատիժը, եւ նրա պատժի կրմանը մնացել է ընդամենը 4 տարի:
Ինչեւէ: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի հետ զրուցեց այս եւ այլ թեմաների շուրջ:

-Պարո՛ն Հարությունյան, տեւական ժամանակ է, ինչ խոսվում է, որ Սերժ Սարգսյանը կոնկրետ անձանց ներում է շնորհել, Ձեզ Սերժ Սարգսյանի կողմից դիմում չի ներկայացվե՞լ, որ կոնկրետ աձանց ազատ արձակեք, քանի որ նրանք արժանացել են Սերժ Սարգսյանի ներմանը:

-Նախագահը պարբերաբար ներմում է շնորհում տարբեր անձանց, եւ այդ պրոցեսը ավտոմատիզմ է, առանց նախարարի մասնակցության, անմիջապես այն կատարվում է քրեակատարողական ծառայության կողմից, նախագահի իրավասություն է ներում շնորհել:

-Մեզ հասած տեղեկությունների համաձայն` Դուք դատապարտյալներից մեկին ներմում շնորհելու համար անձամբ Սերժ Սարգսյանին եք դիմել: Ո՞ւմ համար եք միջնորդել:

-Որեւէ մեկի հետ կապված ներման հարցով չեմ դիմել:

-Բայց մենք անգամ լուրեր ունենք, թե Դուք կոնկրետ որ դատապարտյալի համար եք Սերժ Սարգսյանին դիմել. 2010 թվականին «Քիմիկների գործ» անվանումը ստացած քրեական գործով դատապարտյալ Սամվել Խաչատրյանի համար:

-Կասեք` ո՞րն է քիմիկների գործը:

-«Քիմտեխ» գիտահետազոտական ինստիտուտում աշխատած քիմիկները դատապարտվել էին ազատազրկման` թմրանյութ (ամֆետամին տեսակի) արտադրելու եւ իրացնելու համար, եւ Սամվել Խաչատրյանը այս գործով մեղադրյալներից մեկն է:

-Ո՛չ անունն եմ հիշում, ո՛չ քիմիկների գործն եմ հիշում:

-Այսինքն` երբեւէ որեւէ մեկի համար չե՞ք միջնորդել, որ ներում շնորհեն, մեր տեղեկությունները հավաստի են:

-Շատ լավ է, որ Ձեր տեղեկությունը հիմնավոր է, բայց ես Սամվել Խաչատրյան բարեկամ ունեմ, որը երբեւէ դատապարտված չի եղել եւ զբաղվում է գյուղատնտեսությամբ: Կրկնում եմ` չեմ հիշում նման մարդ, չեմ հիշում նման քրեական գործ եւ որեւէ մեկ անգամ որեւէ մեկին չեմ դիմել նման հարցով:

-Ձեր թույլտվությամբ կցանկանայի անդրադառնալ վերջերս ԱԱԾ բացահայտմանը, 400.000 կաշառքի համար ձերբակալվել էր ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի պետական ծառայության, Երեւան քաղաքի առաջին բաժնի պետ Ա.Մ.-ն: Նա այդ քայլին գնացել էր` դատապարտյալին պատժի կրումից ազատելու համար: Կոնկրետ Ձեր ենթակայության տակ գտնվող ծառայությունում նման դեպքերը բացառելու համար ի՞նչ մեխանիզմներ եք պատրաստվում ներդնել, որ պետերը դատապարտյալների հետ գործարքի չգնան:

-Գիտեք` յուրաքանչյուր նման դեպք չէ, որ մեզ ստիպում է մշակել պաշտպանիչ միջացառումներ, եւ նմապատիպ միջացառումներ տարվում են: Օրինակ` եթե անձը չի վճարում տուգանք, պրոբացիոն ծառայողը որեւէ կերպով չի կարող ազդել գործընթացի վրա, այլ պարտավոր է գործերն ուղարկել դատարան, եւ վերահսկողական մեխանիզմով ստուգում ենք` արդյո՞ք նա կատարում է իր հրահանգը, թե՞ ոչ: Այսինքն` հրահանգներ, որոնք նվազեցնում են անձանց հայեցողությունը:

զրուցեց Քնար Մանուկյանը