ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչու է «Լոկոմոտիվ» ակումբը հայտնվել ՀՖՖ-ի թիրախում. մարզիչն ու ֆուտբոլիստները պատրաստ են պայքարել մինչև վերջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 3-ին տեղի ունեցած ՀՖՖ Գործադիր կոմիտեի արտահերթ նիստում որոշում էր կայացվել որակազրկել «Արագած», «Տորպեդո», «Մասիս», «Լոկոմոտիվ» եւ «Երեւան» ֆուտբոլային ակումբները, ինչպես նաեւ տարբեր ժամկետներով՝ 58 անձանց (այդ թվում 45-ին՝ ցմահ):

Երեւանի «Լոկոմոտիվ» ակումբի գլխավոր մարզիչ Սերգեյ Լիտովչենկոյի համար անակնկալ, նույնիսկ շոկային  է եղել ՀՖՖ  Գործադիր կոմիտեի կայացրած որոշումը՝ այն էլ առանց նախապես իրենց զգուշացնելու կամ քննարկելու այն: ArmLur.am-ն այսօր զրուցել է ակումբի գլխավոր մարզիչ Սերգեյ Լիտովչենկոյի եւ մի քանի ֆուտբոլիստների հետ՝ հասկանալու համար, թե ըստ իրենց, ինչը կարող էր նման որոշման հիմք հանդիսանալ:

Մարզիչը մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, որ ամեն ինչ սկսվել է դեռ անցած ձմռանը, երբ ընտրվել է ՀՖՖ-ի նոր նախագահ Արմեն Մելիքբեկյանը: «Ինձ համար շոկային է՝ կայացնել նման որոշում առանց հետաքննության ու դատարանի: Ինչո՞ւ որակազրկված ոչ մի մարդու չեն կանչել հարցաքննության, ինչո՞ւ ոչ մի հետաքննություն չի եղել: 6 մարդ հավաքվել է չորս պատի ներսում ու որոշում են կայացրել», – նկատեց մարզիչը:

«Լոկոմոտիվ» ակումբի ֆուտբոլիստների համար առհասարակ անհասկանալի է ՀՖՖ-ի նման որոշումը եւ սա այն դեպքում, երբ մինչեւ այժմ հենց «Լոկոմոտիվ» ակումբն էր ընթանում առաջին հորիզոնականում եւ շանսեր ուներ Բարձրագույն խումբ դուրս գալու, իսկ այժմ այդ որոշումից հետո փաստորեն «Վան» ակումբը միավորներով հավասարվել է «Լոկոմոտիվ»-ին ու լրացուցիչ ցուցանիշներով նույնիսկ առաջ անցել:

«Լոկոմոտիվ»-ի ֆուտբոլիստներից մի քանիսն անգամ ընտանիքներով էին Հայաստան տեղափոխվել, մտածում էին այստեղ հաստատվելու մասին, սակայն այժմ հայտնվել են անելանելի վիճակում՝ չիմանալով ինչ անել: Ամեն դեպքում «Լոկոմոտիվ» ակումբի ղեկավարությունը չի պատրաստվում ձեռքերը ծալած նստել եւ գլխավոր մարզիչ Սերգեյ Լիտովչենկոն մեզ հետ զրույցում մանրամասնեց, թե ինչ քայլեր կարող են լինել:

Ի վերջո, ինչու է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որոշում կայացրել՝ առանց այդ ակումբի ներկայացուցիչների հետ զրուցելու, առանց նրանց հակափաստարկները լսելու: ArmLur.am-ը փորձել է այդ հարցերի պատասխանները ստանալ հենց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից: Ֆեդերացիայի մամուլի քարտուղար Հայկ Կարապետյանը հորդորեց հարցը գրավոր ուղարկել: ArmLur.am-ը կհրապարակի նաեւ երկրորդ կողմի տեսակետը:

Մանրամասները՝ տեսանյութում

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս