Մենք ոչ մի թիզ հող չունենք թշնամուն տալու, ունենք միայն վերցնելու. Մակիչ Մկրտչյանն Արցախում վիրավորում է ստացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազատամարտիկ, ազգագրական երգերի կատարող Մկրտիչ Մկրտչյանը (Մակիչ) արցախա-ադրբեջանական շփման գծում  հակառակորդի ագրեսիան հետ մղելու ընթացքում ստացել է բազմաբեկորային վիրավորում: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պատմել է Մկրտիչ Մկրտչյանը:

Մեզ հետ զրույցում  երգիչը նշում է, որ ռազմաճակատ է մեկնել  Արցախյան պատերազմի առաջին իսկ օրվանից ՝ իր պարտքը հայրենիքի եւ ժողովրդի առաջ կատարելու:

«Պատերազմի հենց երկրորդ օրը  վիրավորվել եմ, ստացել եմ բեկորային վնասվածք եւ ոտքի կոտրվածք: Փառք Աստծո, մեր լավ բժիշկների շնորհիվ հիմա ինձ հետ ամեն ինչ կարգին է»,-ասում է նա:

Մկրտիչ Մկրտչյանի փոխանցմամբ՝  նրան առաջին օգնությունը, ինչպես նաեւ վիրահատությունը, կատարվել է Խոջալուում, այնուհետեւ վիճակը կայունանալուց հետո տեղափոխել են Երեւան՝ Առաջին համալսարանական հիվանդանոց, որտեղ երգիչը կրկին ենթարկվել է վիրահատության. «Երկրորդ վիրահատությունը տեղի է ունեցել Երեւանում, որտեղ տեղադրել են երկաթներ»:

«Մեզ մոտ ամեն ինչ գալիս է գենետիկորեն, եւ այդ ամենին գումարած մեր պատրաստակամությունն է: Մեր պատրաստակամությունը, տրամադրությունն ու կամքն շատ բարձր է …: Եվ ուզում եմ նշել, որ պատերազմի գոտում մենք ոչ մի բացասական բան չունենք մեր մեջ, միասնական ենք, ինչպես մեր լեռները»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

Անդրադառնալով միջազգային կառույցների եւ գերտեությունների արձագանքին՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից Արցախի վրա հարձակման վերաբերյալ, Մկրտիչ Մկրտչյանը շեշտում է, որ լինելով առաջնագծում, կռվելով թշնամու հետ դեմ հանդիման ոչ մի բանի մասին  չի մտածել:

«Անկեղծ ասած, երբ դու թշնամու հետ մարտում ես, դու քո գործն ես անում: Դրսից ոչ մի լուր, ոչ մի տեղեկություն չունես, եւ դու անում ես այն, ինչ-որ պարտավոր ես հանուն հայրենիքի անել, եւ իրականում շատ լավ է, որ չունենք: Մենք պետք է մեր հողն ու ջուրը պաշտպանենք, թեկուզ մահվան գնով, եւ դա ոչ թե միայն Արցախի խնդիրն է, այլ դա ամբողջ հայության խնդիրն է: Մենք ոչ մի թիզ հող չունենք  թշնամուն տալու, այլ հակառակը ունենք վերցնելու, որովհետեւ դրանք մերն են: Մենք մեր կյանքի գնով ենք պաշտպանում մեր հողը, իսկ վարձկանը կատարում է զուտ աշխատանք, որը հետո պետք է վայելի: Թշնամին արդեն հասել է այն կետին, որ դուռը բացում ներս է մտնում, եւ դու պետք է ընտանիքդ պաշտպանես, թեկուզ կյանքիդ գնով»,-ասում է մեր զրուցակիցը:

Ըստ նրա՝ թշնամին մեր հողերի վրա ոչ մի հաջողության հասնել չի կարող:

«Սա մեր ճակատագիրն է, ոը փառքով եւ պատվով պետք է մինչեւ վերջ տանենք: Ես խորհուրդ եմ տալիս մեր մայրերին ունենալ բազմազավակ ընտանիքներ, որը մեր փրկության առաջին գրավականն է: Քանի կանք այս երկրագնդի վրա, քանի ապրում ենք, պետք է պայքարենք: Այլ տարբերակ չկա, պարզապես իրավունք չունենք հետ նահանջելու»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում եզրափակում է Մկրտիչ Մկրտչյանը:

Լիդա Եղիազարյան




Լրահոս