ՀԱՅՐԵՆԻՔԸ ԿԱՐԻՔՆ ՈՒՆԻ ԱՆՀԱՊԱՂ ՔԱՅԼԵՐԻ ՁԵՌՆԱՐԿՄԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ՝ Գերագույն հոգեւոր խորհուրդը, անդրադարձ կատարելով Հայաստանում եւ Արցախում հետպատերազմյան իրավիճակին, հանդես եկավ հայտարարությամբ։ Հայտարարության մեջ ասվում է.

 

«Վերջին շաբաթներին Արցախի դեմ Ադրբեջանի, Թուրքիայի եւ միջազգային ահաբեկչական ցանցերի կողմից սանձազերծված պատերազմական գործողությունների պայմաններում մեր հավատավոր ժողովուրդը հայրենիքում եւ սփյուռքում ապրեց անհուն ցավով եւ աղոթքով առ Աստված՝ ուժերի ներածին չափով ջանալով աջակցել արցախահայությանը, Արցախի պաշտպանության բանակին եւ ի լուր աշխարհի բարձրաձայնել Արցախի ազատ ու անկախ կյանքի իրավունքի մասին՝ շարունակելով ապավինել մեր զինվորի հաղթական ոգուն։

Անվիճարկելի ու կենսական է հրադադարի պահպանումը եւ տարածաշրջանում տեւական ու հուսալի խաղաղության ապահովումը: Այնուամենայնիվ, հրադադարի վերաբերյալ նոյեմբեր 10-ի եռակողմ հայտարարությունը, դրանից բխող հետեւանքները եւ առկա անորոշությունները, Արցախի մի հատվածի կորստի փաստը հանկարծակիի բերեցին հանրությանը՝ հանգեցնելով արդար ընդվզման, ինչն իր հերթին հղի է մեր երկրի ներքաղաքական ապակայունացմամբ եւ սպառնում է կանգնեցնել հայրենիքը նոր վտանգների առջեւ։

Այս օրերին կոչված ենք տուրք չտալ մեր զգացմունքներին եւ առաջնային կերպով երախտիքի բացառիկ դրսեւորմամբ հարգել հիշատակը մեր հերոս զավակների, որոնք իրենց կյանքն ընծայեցին հանուն մեր հայրենիքի, եւ զորակցել նրանց ընտանիքներին ու մեր ողջ ժողովրդին, ինչպես նաեւ պատշաճ կերպով դիմավորել 44 օր շարունակ, ի գին այն զրկանքի, հերոսական մարտեր մղած քաջարի մարտիկներին:

Անցնող այս ժամանակահատվածում կայացված որոշումների, հակամարտության այսօրինակ հանգուցալուծման եւ ազգային համերաշխության վերականգնման համար, միմիայն օրինականության նկատմամբ անվերապահ հարգանքով, պետք է պատասխանատվություն կրեն բոլոր պատկան մարմինների իրավասու պաշտոնյաները՝ չբացառելով նաեւ հրաժարականների հավանականությունը։

Հարկ է պահպանել իրավունքի գերակայությունը եւ քաղաքական բոլոր գործընթացները լուծման առաջնորդել ՀՀ Սահմանադրության շրջանակներում։ Ընդսմին առկա պայմաններում անթույլատրելի է ավելացնել մեր ժողովրդի ցավը` ավելի վտանգելով պետության եւ մեր ժողովրդի ապագան։ Առաջին հերթին իշխանությունները, խորհրդարանական ընդդիմությունը եւ բոլոր հասարակական-քաղաքական միավորները պետք է անհապաղ ձեռնամուխ լինեն երկխոսության՝ համագործակցության մթնոլորտում լուծումներ գտնելու խնդիրների կարգավորման համար։ Որեւէ շեղում այս ուղուց չի կարող ընդունելի նկատվել մեր ժողովրդի ու Եկեղեցու կողմից։ Ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է, ի գին ամենի, պահպանել ազգային մեր միասնականությունը եւ հեռու մնալ այն խաթարող քայլերից։

Հետեւելով այս օրերին հրապարակավ հնչող պաշտոնյաների ելույթներին, Երեւանում տեղի ունեցող ընդդիմադիր ուժերի հանրահավաքներին եւ ցույցերին՝ այսու հորդորում ենք ՀՀ վարչապետին, իշխանության ներկայացուցիչներին եւ ընդդիմությանը զերծ մնալ ատելություն եւ թշնամանք հրահրող արտահայտություններից, սպառնալիքներից ու նմանօրինակ գործողություններից։ Բռնության ցանկացած դրսեւորում, կորստի ցավը կրող մեր ժողովրդին առավել վհատեցնող եւ բորբոքող արարք պետք է արժանանա պարսավանքի։ Դատապարտում ենք Ազգային ժողովի նախագահի եւ որեւէ այլ անձի նկատմամբ կիրառված բռնությունները, միեւնույն ժամանակ քաղաքական ենթատեքստով որեւէ բռնաճնշում:

Մեր հորդորն է Ազգային ժողովին եւ հատկապես մեծամասնական խմբակցությանը երկրի շահերի բարձր գիտակցությամբ քաղաքական պատասխանատվություն դրսեւորելու եւ վերականգնելու ԱԺ բնականոն աշխատանքը՝ իրավիճակի թելադրությամբ դրանից բխող բոլոր պարտավորություններով հանդերձ։ Հարկ է ականջալուր լինել ժողովրդի ձայնին եւ հաղորդ հանրության հիասթափություններին եւ պահանջներին, գործել անձնական եւ կուսակցական շահերից վեր, պետական մտածողության բարձր գիտակցությամբ ու պատասխանատվությամբ։ Հայրենիքն այսօր կարիքն ունի անհապաղ քայլերի ձեռնարկման:

Ամենքիս սրբազան պարտքն է Հայաստանում եւ սփյուռքում մեր գործուն ներդրումը բերելու այս վիճակի հաղթահարմանն ի նպաստ։ Հանձնառություն պիտի դրսեւորենք նաեւ ըստ ամենայնի զորակցելու արցախահայությանը եւ Արցախի իշխանություններին՝ վերակազմակերպելու մեր ժողովրդի զավակների կյանքը։ Այդ ուղիով պետք է պաշտպանենք հայրենի հողի վրա ապրելու մեր իրավունքը։ Արցախը չպետք է հայաթափվի։

Առանձնակի ցավով ենք անդրադառնում հանձնվելիք տարածքներում մեր ինքնության բազմադարյա վկաների՝ մատուռների, եկեղեցիների ու վանքերի, ամրոցների, պատմամշակութային կոթողների ու թանգարանների որբացման իրողությանը։ Կոչ ենք անում պատկան պետական մարմիններին եւ սփյուռքյան կարող ուժերին, համախորհուրդ Հայոց Եկեղեցու հետ, ամեն ջանք ի գործ դնելու՝ փրկելու դրանք Ադրբեջանի հայատյաց քաղաքականության հետեւանքով հետագա ավերից:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Գերագույն հոգեւոր խորհրդի զորակցությամբ պիտի շարունակի իր ջանքերը ներդնել երկրում միասնականության ու համերաշխության մթնոլորտի հաստատման եւ անհրաժեշտ գործընթացները օրինական ուղիներով առաջնորդելու համար»։

 

 

 

ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑ՝ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ 

Նյու Յորքում հայերը բողոքի ցույց են անցկացրել Թուրքիայի հյուպատոսարանի դիմաց:  Հավաքվածները ծածանել են Հայաստանի եւ Արցախի դրոշները, վանկարկել՝ «Արցախը Հայաստան է»,  «Թուրքերը ժխտողներ են, ադրբեջանցիները՝ ստախոսներ», «Ամոթ Թուրքիային, ամոթ Էրդողանին», «Շուշին հայկական է, Գետաշենը հայկական է», «Թուրքիան ֆինանսավորում է ցեղասպանությունը», «Այլեւս ոչ մի ցեղասպանություն»,  «Ճանաչել Արցախը»: Հայ համայնքի ներկայացուցիչները բարձրացել էին նաեւ պաստառներ, որոնց վրա գրված էին «Խաղաղություն Արցախին», «Հայերը պահանջում են արդարություն» եւ Արցախին սատարող այլ կոչեր: Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ սանձազերծած պատերազմում Ադրբեջանին բացահայտ աջակցում ու միջամտում էր Թուրքիան՝ այդ թվում ներգրավելով ահաբեկիչների:

 

 

 

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ 549 ԴԵՊՔ

Հայաստանում նոյեմբերի 16-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, նոր կորոնավիրուսով վարակվելու  549 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 117 886 դեպքի. այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 465 551, վերջին մեկ օրում` 1550 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 39 779 պացիենտ. մեկ օրում նվազել է 361-ով: Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 75 865 անձ, վերջին մեկ օրում՝ 881 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 25 քաղաքացի, մահացածների թիվը 1788 է: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 454 է:

 

 

 

ԵՐԵՎԱՆ-ՎԱՐԴԵՆԻՍ-ՔԱՐՎԱՃԱՌ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ

Արցախ մուտքը թույլատրվում է միայն Երեւան-Վարդենիս-Քարվաճառ ճանապարհով։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին ստորագրված Փաշինյան-Ալիեւ-Պուտին հայտարարության համաձայն՝ Քարվաճառն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Սակայն ադրբեջանական կողմը համաձայնվել է հայկական ուժերի կողմից ժամանակավոր վերահսկողությանը։ Երեւան-Գորիս-Բերձոր-Սռեփանակերտ ճանապարհը ժամանակավորապես փակ է Բերձոր-Ստեփանակերտ հատվածում։ Պատճառն այն է, որ ճանապարհիր որոշ հատվածներ մնում են Ադրբեջանի վերահսկողության տակ եւ դեռեւս չեն անցել ռուս խաղաղապահների պահպանությանը։

 

 

ԵՎՍ 18 ԻՆՔՆԱԹԻՌ

Խաղաղապահներ տեղափոխող Ռուսաստանի Օդատիեզերական ուժերի եւս 18 ռազմատրանսպորտային Իլ-76 ինքնաթիռ է վայրէջք կատարել Երեւանի օդանավակայանում. հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ «Ռուսաստանի Օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի հերթական 18 Իլ-76 եւ երկու Ան-124 «Ռուսլան» ինքնաթիռները՝ տեխնիկայով եւ 15 խաղաղապահ բրիգադի անձնակազմով, որ ուղարկվել են Հայաստան Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղապահ գործողություններ անցկացնելու համար, վայրէջք են կատարել Երեւանի օդանավակայաններում։ Ռուս զինվորականները բենաթափել են նյութական միջոցները, սպառազինությունը եւ ռազմական տեխնիկան»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ռուսաստանի ՕՏՈՒ ինքնաթիռները Հայաստան են բերել 58 միավոր տեխնիկա՝ զրահափոխադրիչներ, մեծ անցանելիության բեռնատարներ եւ նյութատեխնիկական ապահովման այլ տեխնիկա։

 

 

 




Լրահոս