ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԵՍԻՋՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանում ռուսական լրատվամիջոցների մասնակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մամուլի ասուլիս անցկացրեց, որի ժամանակ նաեւ հետաքրքիր շեշտադրումներ եղան:

 

Մասնավորապես, Քոչարյանը որքան էլ նշեց, թե աջակցում է 17 կուսակցությունների  վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին, սակայն միեւնույն ժամանակ բացահայտ հայտարարեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու եւ հաղթելու է հենց իր դեմքով:

Նախկին նախագահը միաժամանակ վստահություն հայտնեց, որ արտահերթ ընտրությունների դեպքում ինքը կմասնակցի այդ ընտրություններին եւ կհաղթի։ «Եթե արտահերթ ընտրություններ լինեն, կմասնակցեմ։ Կարծում եմ՝ ես բավականաչափ փորձառություն ունեմ դրա համար։ Արդյոք վստա՞հ եմ, որ կհաղթեմ. համենայնդեպս, ընտրություններում երբեք չեմ պարտվել», – հայտարարել է Քոչարյանը։

Նկատենք, որ արտահերթ ընտրությունների համար միայն մեկ մեխանիզմ գոյություն ունի, այն է՝ վարչապետ Փաշինյանը հրաժարական է տալիս, այնուհետեւ «Իմ քայլը» խմբակցությունը երկու անգամ վարչապետ չի ընտրում, որից հետո նոր սկսվում է արտահերթ ընտրությունների գործընթացը. բացատրում է երկրորդ նախագահը։

Ընդդիմադիրները, այդ թվում՝ երկրորդ եւ երրորդ նախագահները, կարծում են, որ Վազգեն Մանուկյանը փորձառու քաղաքական գործիչ է եւ կարող է երկիրը դուրս բերել հետպատերազմյան քաոսից։ Նա Հայաստանի անկախության առաջին տարիներին մի շարք ղեկավար պաշտոններ է զբաղեցրել, եղել է առաջին վարչապետը, պաշտպանության նախարարը ու նաեւ առանցքային դեր է ունեցել խորհրդարանում՝ ղեկավարելով ընդդիմադիր խմբակցություններից մեկը, այնպես որ ունի բոլոր անհրաժեշտ որակները ղեկավարելու ընդդիմադիր շարժումը եւ դառնալու կառավարության ժամանակավոր ղեկավարը։ Սակայն իշխանությունները այլ կարծիք ունեն. երկրի ղեկավարի ճակատագիրը կարող է որոշել միայն ժողովուրդը ընտրությունների միջոցով։

Հետաքրքիր է, որ Հայաստանում արտահերթ ընտրություններին Ռոբերտ Քոչարյանի մասնակցության հարցը քննարկել է նաեւ Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք Քոչարյանը ընտրություններին իր մասնակցության հարցը քննարկել է Վլադիմիր Պուտինի հետ, Պեսկովը ասել է, թե Քոչարյանը չի համաձայնեցրել այդ հարցը Պուտինի հետ։

«Հայաստանում քաղաքական գործընթացների մասնակիցները կարիք չունեն իրենց քայլերը համաձայնեցնել Ռուսաստանի նախագահի հետ: Դա բացարձակապես անհեթեթ հարցադրում է», – արձագանքել է Ռուսաստանի նախագահի խոսնակը լրագրողին։

Դմիտրի Պեսկովը նաեւ ավելացրել է, որ Քոչարյանը «Ռուսաստանի մեծ բարեկամն է եւ Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանի համագործակցության խորացման համոզված կողմնակիցը»։

Պուտինի խոսնակը գոհունակությամբ նշել է նաեւ, որ Հայաստանում քաղաքական գործիչների ճնշող մեծամասնությունը Ռուսաստանի հետ հարաբերությունների ամրապնդման կողմնակից է։ Ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես այդպիսի գործիչների շարքում է։

«Անշուշտ, մենք կողմնորոշվում ենք վարչապետի կատարած համապատասխան հայտարարություններով։ Շատ ակտիվ երկխոսություն է գնում նրա եւ Ռուսաստանի նախագահի միջեւ։ Գիտեք, թե ինչպիսի լարված աշխատանք է նախորդել փաստաթղթի ստորագրմանը, որով վերջ տրվեց Ղարաբաղյան պատերազմին», – ասել է Պեսկովը։

Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ Ռոբերտ Քոչարյանը կասկած է հայտնել, որ պատերազմի օրերին իշխանությունները փոխել են կորոնավիրուսի թեստի իր արդյունքները, որպեսզի նա չկարողանա գնալ Մոսկվա եւ հանդիպել Վլադիմիր Պուտինին։

«Ես կասկածում եմ, որ Քովիդով հիվանդ եմ եղել։ Իշխանությունները ամեն ինչ արել են, որ այդ այցելությունը չկայանա», – հայտարարել է Քոչարյանը ռուսական լրատվամիջոցների համար կազմակերպված ասուլիսում։

Ն.Հ.

 

 

ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ռոման Սմբատյանը նշանակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի կրթության, առողջապահության եւ աշխատանքի ոլորտների համակարգման եւ մեթոդաբանության վարչության պետ: ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Արա Մկրտչյանը նշանակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի որակի վարչության պետ:

 

 

 

ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐ

Վահագն Թեւոսյանը եւ Վահրամ Մարտիրոսյանը նշանակվել են Հանրային հեռարձակողի խորհրդի անդամներ։ Համապատասխան որոշումները Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է երեկ: Հանրային հեռարձակողի խորհուրդը, «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի համաձայն, հանրային հեռարձակողի կառավարումն ապահովող եւ հսկողություն իրականացնող մարմինն է: Խորհուրդը բաղկացած է 7 անդամից՝ նախագահ եւ 6 անդամ: Խորհրդի անդամներին մրցութային կարգով նշանակում է վարչապետը 6 տարով:

 

 

 

ՀԱՄԱԿԱՐԳԸ ՉԻ ԳՈՐԾՈՒՄ

«Այն, որ մենք տեւական ժամանակ գտնվում ենք համակարգային քաղաքական եւ տոտալ ճգնաժամի պայմաններում, փաստ է: Այդ ճգնաժամը վաղ թե ուշ պետք է կարգավորվի»,- ասել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ անդրադառնալով արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ հարցին: «Այսինքն՝ արտահերթ ընտրությունների անցկացումը նաեւ մեր օրակարգում է, խնդիրն այդ ընտրություններն անցկացնելու ժամկետի եւ պայմանների մեջ է: Մենք օրական կորցնում ենք 5-7 մլն դոլար, պետական կառավարման համակարգը չի գործում: Հետո սա հաղթահարելը շատ բարդ է լինելու. եթե սա ամիսներով շարունակվի, մենք փաստի առաջ ենք կանգնելու»,-նշել է նա:

 

 

 

ԿՍԿՍԵՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Իրանն ու Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) շուտով կսկսեն բանակցությունները ազատ առեւտրի գոտի ստեղծելու շուրջ. հայտարարել է իսլամական հանրապետության փոխարտգործնախարար Ռասուլ Մոհաջերը։ Դիվանագետի հավաստմամբ՝ մինչ այդ կնքված ժամանակավոր համաձայնագրով արդեն իսկ հաջողվել է ավելացնել առեւտրաշրջանառությունը Իրանի եւ Եվրասիական տնտեսական միության անդամների միջեւ, որոնցից մեկն էլ Հայաստանն է։ 2019-ին Իրանի նախագահն այցելել էր Երեւան՝ ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստին մասնակցելու, վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարել էր, թե Հայաստանը կարող է միավորման կետ դառնալ Եվրասիական տնտեսական միության եւ Իրանի էներգահամակարգերի միջեւ։

 

 

 

ԱՆՁՆԱԿԱՆ ԲԺԻՇԿ

Վարչապետի աշխատակազմը հանդես է եկել մի օրենսդրական նախաձեռնությամբ, որի փոփոխություններից մեկով առաջարկվում է սահմանել, որ ԱԺ նախագահը կունենա անձնական բժիշկ: Բանն այն է, որ ներկայումս օրենքի ուժով հանրապետության նախագահի եւ վարչապետի առողջական վիճակին հետեւելու նպատակով առանձնացվում է անձնական բժիշկ, մինչդեռ նման երաշխիք նախատեսված չէ բարձրագույն ներկայացուցչական մարմնի, այն է՝ Ազգային ժողովի նախագահի համար: Հետաքրքիր է, որ այսպիսի օրենք է ներկայացվում այս պահին՝ Աժ նախագահ Արարատ Միրզոյանի հայտնի ծեծի հետո։ Այս երեք տարիների ընթացքում ոչ մեկի մտքով չէր էր անցել այսպիսի նախաձեռնությամբ հանդես գալ, սակայն հիմա՝ նոյեմբերի 9-ի հայտնի դեպքերից հետո, երբ Միրզոյանը ծեծի ենթարկվեց, որոշեցին այդպիսի նախաձեռնությամբ հանդես գալ։

 

 

ԱԼԻԵՎԻ ՊՆԴՈՒՄՆԵՐԸ

Բաքուն, Անկարան եւ Թեհրանը մտադիր են համատեղ զարգացնել տարածաշրջանի ճանապարհային նախագծերը, եւ Երեւանը եւս կարող է շահել դրանցից, եթե իրեն նորմալ պահի. հայտարարել է Ադրբեջանի նախագահը Տնտեսական համագործակցության կազմակերպության նիստում։ Իլհամ Ալիեւը վերստին պնդել է, թե 44-օրյա պատերազմից հետո ղարաբաղյան հակամարտությունը մնացել է անցյալում։ «Հիմա մենք մտածում ենք ապագայի մասին եւ սկսել ենք քննարկել տրանսպորտային նախագծեր, որոնք կմիավորեն բազմաթիվ երկրներ՝ տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն ապահովելու համար», – պնդել է Ադրբեջանի առաջնորդը։

 

 

 

ԱԶԱՏ ԱՐՁԱԿՎԵՑ

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բավարարեց ՀՀ աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանին կալանավորելու մասին առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանների բողոքը. նա ազատ արձակվեց։ Հիշեցնենք, որ Սաղաթելյանը կալանավորվել էր փետրվարի 21-ին՝ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանի որոշմամբ։ Դատարանն արձանագրել էր, որ Արա Սաղաթելյանի ձերբակալությունը եղել է ոչ իրավաչափ, բայց այդուհանդերձ նրան կալանավորելու որոշում կայացրել։ Արա Սաղաթելյանը մեղադրվում է «Գագիկ Սողոմոնյան» ֆեյսբուքյան ֆեյքի գործով։ Նա մեղադրվում է ՀՀ ՔՕ 226-րդ (կազմակերպված խմբի կողմից ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), 226.2 -րդ (կազմակերպված խմբի կողմից բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայինորեն արդարացնելը կամ քարոզելը), 307.4-րդ հոդվածների հատկանիշներով։

 

 

 

 




Լրահոս