ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեծ աղմուկով պաշտոնազրկված Արտակ Դավթյանը կփոխարինի Օնիկ Գասպարյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հրամանով նշանակվել է Հատուկ հանձնարարություններով ավագ սպա: Սակայն իրականում այս նշանակումով իշխանությունները նպատակ ունեն նրան արդեն նշանակել Գլխավոր շտաբի պետի պաշտոնում:

Ինչպես հայտնի է, այսօր առավոտյան ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարություն տարածեց, համաձայն որի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով ազատված է իր պաշտոնից եւ չեն դադարում խոսակցություններն այն մասին, որ հենց Արտակ Դավթյանն է այդ պաշտոնը զբաղեցնելու: Այստեղ հետաքրքիր է, որ Օնիկ Գասպարյանը նշանակվեց գլխավոր շտաբի պետի պաշտոնում հենց Արտակ Դավթյանի փոխարեն: Վերջինս ազատվել էր 2020 թվականի հունիսի 8-ին՝ կորոնավիրուսի բուռն շրջանում, արտակարգ դրության պայմաններում, երբ բազմամարդ միջոցառումներն արգելված էին՝ որդու հարսանեկան արարողությունը կազմակերպելու համար:

Ավելին, մի քանի զինվորականներ տարբեր շրջաններում բացասական են արտահայտվել Արտակ Դավթյանի հասցեին: Դեռևս 2018 թվականի մայիսի 24-ին, երբ ՀՀ նախագահի հրամանագրով Արտակ Դավթյանը նշանակվեց Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, Արցախի Հանրապետության նախկին փոխվարչապետ, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Արթուր Աղաբեկյանը իր մտահոգությունն էր հայտնել Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի պաշտոնում գեներալ-մայոր Արտակ Դավթյանի նշանակմամբ։ «Արտակին ճանաչում եմ 1994 թվականից, երբ դեռ Մեղրիի գնդի շտաբի պետն էր՝ խիզախ կապիտան։ Իր հետագա կարիերիայում մեծ դեր եմ ունեցել։ Պարտավոր եմ ահազանգել, ամենաանպատրաստ գեներալը նշանակվել է ամենապատասխանատու պաշտոնին։ Անկեղծ անհանգիստ եմ», – գրել էր Աղաբեկյանը:

Իր հերթին Արտակ Դավթյանի մասին խոսել էր նաեւ ԳՇ նախկին պետ գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը: «Արտակ Դավթյանը սկսել է բանակի քանդման գործընթացը: Շտաբի պետ է նշանակվել ամենաանպատրաստ մարդը: Այսօր կռվածները տեսել են բոլոր խնդիրները: Գլխավոր Շտաբի եւ ՊՆ կառույցը 98 տոկոսով ավելացել է: Խոսքը օպերատիվ օղակի մասին է, անձնակազմի թվաքանակն ավելացել է 95 տոկոսով», – նշել է նա:

Նկատենք, որ իշխանություններն այս պարագայում այլ ելք չունեին եւ ստիպված եղան Արտակ Դավթյանին սկզբում այլ պաշտոն տալ՝ հետո միայն նշանակել Գլխավոր շտաբի պետ: Եվ այս նշանակումը հիշեցնում է նաեւ Արգիշտի Քյարամյանի հետ կապված պատմությունը, երբ նա նշանակվեց Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, ապա ԱԱԾ տնօրենի տեղակալ, ապա նաեւ ԱԱԾ տնօրեն: Իսկ Արտակ Դավթյանի խնդիրն այն է, որ վերջինս գտնվում է պահեստազորում եւ միանգամից չէր կարող նշանակվել ԳՇ պետ ու այս քայլը ճարահատյալ էր:

Մանրամասները՝  ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս