ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԸ՝ ԱՆՄԽԻԹԱՐ ՎԻՃԱԿՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենն աշխատում է վնասով, ամեն դեպքում, դա են վկայում տվյալները, որոնք Երեւանի քաղաքապետարանը տրամադրել է՝ «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան: Մասնավորապես, մենք ցանկացել էինք պարզել, թե արդյոք՝

 

l Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենը վերջին 5 տարիներին որքան սուբսիդիա է ստացել քաղաքային իշխանությունից եւ քաղաքապետարանից,

l մետրոպոլիտենի սրահներում եւ վագոններում տեղադրված գովազդներից որքան գումար է մտնում Երեւանի մետրոպոլիտենի բյուջե. վերջին 5 տարիների տվյալները՝ ըստ տարիների,

l որքան է կազմում մետրոպոլիտենի աշխատակիցների աշխատավարձի տարեկան բյուջեն եւ աշխատակիցների միջին աշխատավարձը,

l մետրոպոլիտենի տարեկան ծախսերը որքան են կազմում՝ էլեկտրաէներգիա, սպասարկում, ջեռուցում, այլ ծախսեր,

l վերջին 5 տարիներին ուղեւորահոսքի ինչ դինամիկա է արձանագրել. նշել տվյալները՝ ըստ տարիների,

l Մետրոպոլիտենում վագոնների կոսմետիկ վերանորոգման կամ հիմնանորոգման վրա վերջին 5 տարիներին որքան գումար է ծախսվել. նշել տվյալները՝ ըստ տարիների,

l մետրոպոլիտենի սրահների կոսմետիկ վերանորոգման կամ հիմնանորոգման վրա վերջին 5 տարիներին որքան գումար է ծախսվել. նշել տվյալները՝              ըստ տարիների եւ կայարանների:

Եվ, ահա, Երեւանի քաղաքապետարանի տրամադրած ցուցանիշներից պարզ է դառնում, որ 2016-2020թթ. գրանցվել է ուղեւորահոսքի աճ, սակայն 2020թ.-ին, COVID-19-ի հետ կապված սահմանափակումներով պայմանավորված, մետրոպոլիտենի աշխատանքի ժամանակավոր դադարեցմամբ, ինչպես նաեւ պատերազմական դրությամբ պայմանավորված՝ գրանցվել է ուղեւորահոսքի կտրուկ նվազում: Սակայն քաղաքապետարանը չկարողացավ տեղեկություն տրամադրել մետրոպոլիտենի վագոնների կոսմետիկ վերանորոգման կամ հիմնանորոգման ծախսերի, ինչպես նաեւ մետրոպոլիտենի սրահների կոսմետիկ վերանորոգման կամ հիմնանորոգման ծախսերի մասին, քանի որ դրանց վերաբերյալ փաստաթղթերը տրամադրվել են իրավապահ մարմիններին՝ ընկերությունում իրականացված ստուգումների արդյունքներով նախապատրաստված նյութերով հարուցված քրեական գործի շրջանակներում, որը գտնվում է նախաքննության փուլում։

Իսկ ինչի՞ մասին է խոսքը.  մասնավորապես, ոստիկանության կոռուպցիոն եւ տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում փաստական տվյալներ են ձեռք բերվել նույն ընկերության նախկին տնօրենի ապօրինությունների մասին։ Ըստ ոստիկանության նախնական տեղեկությունների՝ նա 2017 թվականին կնքել է 696.000 եվրո արժեքով «Մետրոպոլիտենի վագոնների հիմնանորոգման եւ արդիականացման աշխատանքների կապալի» պայմանագիր։ Նախկին տնօրենը, ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների, 2016-2019 թվականների ընթացքում ընկերության տարածքների մաքրման ծառայությունների համար հայտարարված մրցույթում ոչ պատշաճ է կատարել իր ծառայողական պարտականությունները։ Փաստացի մաքրվող 55.773 քմ տարածքների մակերեսների վերաբերյալ մոտավոր տվյալներ ներկայացնելով, մաքրման ծառայություններ մատուցող ՍՊ ընկերության հետ արդեն իսկ 32.723 քմ ավելի ներկայացված՝ 88.496 քմ մակերեսի համար պայմանագիր կնքելով, ընկերության օրինական շահերին պատճառել է շուրջ 92.683.000 դրամի նյութական վնաս եւ անզգուշությամբ պատճառել ծանր այլ հետեւանքներ։ Նախկին տնօրենը իր մերձավորների անվամբ ՀՀ-ում, ինչպես եւ արտերկրում գործող մի շարք տնտեսվարողներից իրականացրել է ընդհանուր՝ 734.741.890 դրամի միանձնյա գնում, ինչի արդյունքում ընկերության օրինական շահերին պատճառվել է էական վնաս։

Այսպիսով, անդրադառնանք մյուս տվյալներին.

-Մետրոպոլիտենի սրահներում եւ վագոններում տեղադրված գովազդներից որքա՞ն գումար է մտնում Երեւանի մետրոպոլիտենի բյուջե. վերջին 5 տարիների տվյալները՝ ըստ տարիների:

-Վերջին 5 տարիներին մետրոպոլիտենը գովազդից հետեւյալ չափի հասույթ է ստացել. 2016 թվական՝ 32 890 133 դրամ, 2017 թվական՝ 87 337 847 դրամ, 2018 թվական՝ 93 066 710 դրամ, 2019 թվական՝ 115 110 760 դրամ, 2020 թվական՝ 61 940 510 ՀՀ դրամ։

-Որքա՞ն է կազմում մետրոպոլիտենի աշխատակիցների աշխատավարձի տարեկան բյուջեն եւ աշխատակիցների միջին աշխատավարձը:

– 2020թ. աշխատավարձի բյուջեն կազմել է 2 միլիարդ դրամ։ Ընկերությունում 2020թ. համար աշխատողների հաշվարկված աշխատավարձը միջինացված հաշվարկով կազմում է 176 536 ՀՀ դրամ։

– Մետրոպոլիտենի տարեկան ծախսերը որքա՞ն են կազմում՝ էլեկտրաէներգիա, սպասարկում, ջեռուցում, այլ ծախսեր:

– 2020թ կատարված կոմունալ ծախսերն են՝ գազ՝ 12 146 242 դրամ, էլեկտրաէներգիա՝ 509 883 269 դրամ, կապի ծառայություններ՝ 9 232 313 ՀՀ դրամ, ջուր՝ 41 789 671 ՀՀ դրամ։

-Վերջին 5 տարիներին ուղեւորահոսքի ի՞նչ դինամիկա է արձանագրել. խնդրում եմ նշել տվյալները՝ ըստ տարիների:

-Վերջին 5 տարիների ընթացքում Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտենի ուղեւորահոսքի դինամիկան՝ ըստ տարիների՝

2016 թվական -15 354 041 ուղեւոր

2017 թվական -16 233 309 ուղեւոր

2018 թվական – 18 472 893 ուղեւոր

2019 թվական – 19 993 203 ուղեւոր

2020 թվական – 10 747 551 ուղեւոր:

Այսինքն՝ այս թվերը եւս վկայում են, որ Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենն աշխատում է վնասով, վերանորոգում էլ վաղուց չի կատարվել:

Ն.Հ.

 

 

ԴԱՏԱՎՈՐ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Արսեն Մկրտչյանը նշանակվել է Վճռաբեկ դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասը, ինչպես նաեւ Ազգային ժողովի 2021 թվականի մարտի 24-ի ԱԺՈ-018-Ա որոշմամբ ներկայացված առաջարկությունը՝ Արսեն Մկրտչյանին նշանակել Վճռաբեկ դատարանի դատավոր»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում: Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Արսեն Մկրտչյանը չունի բարձրագույն իրավաբանական կրթություն:

 

 

ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ

Երեկ հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի եւ Արցախի նախկին նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Արկադի Ղուկասյանի եւ Բակո Սահակյանի միջեւ: Այս մասին հայտնել է առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը: «Հանդիպման ընթացքում քննարկվել են ետպատերազմյան շրջանում Արցախում ստեղծված իրավիճակին եւ հետագա հնարավոր զարգացումներին վերաբերող մի շարք հարցեր»,-գրել է նա:

 

 

ՆԱԽԱԳԱՀ Է ՆՇԱՆԱԿԵԼ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Կարեն Քեռյանը նշանակվել է Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ: 2020 թվականի սեպտեմբերի 24-ին վարչապետի որոշմամբ՝ Սմբատ Գոգյանն ազատվել էր Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի պաշտոնից:

 

 

 

ՄԱՐԶՊԵՏԸ ԲԱՑԱՌԵԼ Է

«Ես բացառում եմ Տավուշի մարզի տարածքների հանձնման գործընթացը»,- ասել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը: Տավուշում, ըստ նրա, ամեն ինչ հանգիստ է, սահմանների փոփոխության հարցի վերաբերյալ քննարկումներ ու տեղեկություններ չկան: «Ինչ վերաբերում է տարածաշրջանում զինվորականների ներկայությանը, դա մշտական բնույթ է կրում եւ կապված է Պաշտպանության նախարարության գործառույթների հետ: Հարցին, թե ինչ զինծառայողներ են դրանք՝ ռուս խաղաղապահներ թե այլ, մարզպետը պատասխանեց. «Խնդրում ենք կապվել պաշտպանության նախարարություն կամ Գլխավոր շտաբի հետ»:

 

 

 

ՔՎՈՐՈՒՄ ՉԻ ԵՂԵԼ

Երեկ հրավիրված Դատավորների ընդհանուր ժողով չի կայացել քվորում  չլինելու պատճառով: Նշենք, որ  ժողովի ժամանակ դատավորները պետք է ընտրեին ակադեմիայի խորհրդի անդամ, սակայն քվորում չի եղել, եւ ընտրությունը տապալվել է: Հավելենք, որ նիստից առաջ լրագրողների հարցերին էր պատասխանել դատավոր Մխիթար Պապոյանը: Նա ասել էր, որ դատավորի անկախությունը կախված է հենց իրենից՝ դատավորից՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք դատական իշխանությունն անկախ է թե՛ նախկին իշխանություններից, թե՛ ներկա իշխանությունից:

 

 

 

ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Սերգեյ Լավրովը ապրիլի 2-ին Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակներում կհանդիպի Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի  եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան. «Այլ հնարավոր հանդիպումների թվում ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում նախատեսվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի շփումը Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ»:

 

 

ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ԿՀԵՏԵՎԵՆ

Հայաստանում տարբեր քաղաքական ուժերի հետ շփումները չէին դադարել եւ չեն դադարում: Այս մասին ասել է հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Դիվանագետի խոսքով՝ դրանք տարբեր սպեկտրների քաղաքական ուժեր են, իսկ դեսպանատանը դա չեն թաքցնում: «Համապատասխան տեղեկատվությունը հայտնվում է լրատվամիջոցներում: Եվ ես պատճառ չեմ տեսնում, թե ինչու պետք է հրաժարվեմ այս պրակտիկայից: Դա դիվանագետի գործառույթներից մեկն է՝ շփվել հյուրընկալող երկրի հասարակության ներկայացուցիչների հետ»,-ասել է դեսպանը: Ռուսական կողմը, դեսպանի խոսքով, ելնում է նրանից, որ երկու երկրների շահերին համապատասխանում է այն ամենը, ինչը նպաստում է դաշնակցային հարաբերությունների ամրապնդմանը: Ռուսաստանը հույս է հայտնել, որ Հայաստանում սպասվող ընտրական գործընթացները կնպաստեն հասարակության համախմբմանը եւ դրա առջեւ ծառացած խնդիրների լուծմանը: Ըստ նրա ընտրությունները Հայաստանի ներքին գործն է: «Մենք հետեւելու ենք դրանց: Հուսով ենք, որ դրանք կնպաստեն հայ հասարակության համախմբմանը»,- ասել է նա:

 

 

ԴԻՄԵԼ Է

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը անդրադարձել է մամուլում տարածված տեղեկությանը: «Վրացական մամուլում տեղեկություններ են հայտվել այն մասին, որ ադրբեջանցի Նասիբ Հասանովը գնել է «Կավկասուս Օնլայն» ընկերության մնացորդային 51 տոկոսանոց մասնաբաժինը։ Նշվում է նաեւ, որ վերջինս նախկինում ձեռք էր բերել ընկերության 49 տոկոս մասնաբաժինը։ Հայտնի է, որ այս վրացական ընկերությունը ապահովում է Հայաստանում ինտերնետ թրաֆիքի 85, Ադրբեջանի 50 եւ Վրաստանի 55 տոկոսը։ Գրավոր դիմել եմ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն ճշտումներ կատարելու տեղեկատվության իսկության եւ ՀՀ համար հնարավոր անվտանգային խնդիրներ ստեղծելու վերաբերյալ»,-նշել է պատգամավորը:

 




Լրահոս