Միայն ափսոսում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը կրկին ասպարեզ եկավ. Սուրեն Շահվերդյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության պատգամավորի թեկնածու, «Չէին սպասում» հաղորդման հեղինակ, վարող Սուրեն Շահվերդյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում խոսել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընդհանուր արդյունքների մասին:

Շահվերդյանը մեզ հետ զրույցում նշել է, որ ժողովուրդն ինքն է կատարել իր ընտրությունը, եւ եթե կրկին վստահել է իր ձայնը ներկա իշանությանը, ուրեմն այս պահին այդպես էր պետք:

«Ես կարծում եմ, որ այնուամենայնիվ եղել է ժողովրդի ընտրությունը, եթե այս պահին այդպես է որոշել, ուրեմն այդպես էր պետք: Միայն ափսոսում եմ այն, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կրկին ասպարեզ եկավ, այս ամեն ինչի մեջ ամենատխուր փաստն ինձ համար դա է, եւ այն առողջ ուժերը, որոնք կան: Կարծում եմ մոտ ապագայում բոլոր ուժերը, որոնք խոհեմ են եւ մտածում են պետության ու պետականության մասին, կմիախմբվեն եւ նոր ուժ կծնվի, այլապես այն, ինչ մենք ունենք այսօր շատ տխուր է եւ անհեռանկար, ապագա չկա նաեւ այն ուժերի հետ, որոնք հայտնվեցին խորհրդարանում»,-ընդգծել է նա:

Սուրեն Շահվերդյանի խոսքով նրա համար մեծ պատիվ եւ երջանկություն էր նախընտրական ժամանակահատվածում շփվել Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ.

« Շատ բան սովորեցի նրա իմաստուն խոհերից, մտքերից, որոնք շատ կօգնեն ինձ եւ բոլորին, պարզապես պետք է նրան լսել հաճախ եւ անել եզրակացություններ: Լեւոն Տեր-Պետրոսյանից բոլորս սովորելու շատ բան ունենք: Աստված պահապան լինի Հայաստանիս եւ հայերիս»:

Հիշեցնենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների հաշվարկն ավարտվել եւ հայտնի են արդյունքները: Խորհրդարան են անցնում Նիկոլ Փաշինյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Արթուր Վանեցյանի գլխավորած քաղաքական ուժերը:

Լիդա Եղիազարյան




Լրահոս