«ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆԻՑ ՑՆՑՎԵԼ ԷՐ». ԱՐԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի հետ զրույցում ՀՀ վաստակավոր արտիստ, կոմպոզիտոր Արա Գեւորգյանը լեգենդար դուդուկահար Ջիվան Գասպարյանի մասին հետաքրքիր եւ հիշարժան դրվագներ է պատմել:

 

«Ջիվան Գասպարյանը՝ մեր լեգենդար դուդուկի վարպետը, շատ մեծ աշխատանք է կատարել դուդուկի տարածման գործում, եւ պատահական չէր, որ դուդուկը հայտնվեց տարբեր ֆիլմերում Ջիվան Գասպարյանի կատարմամբ, ինչպես նաեւ  աշխարհահռչակ մեծ երաժիշտների կատարմամբ հնչեց ծիրանափողը: Ես շատ ցավում եմ, որ այլեւս վարպետը մեզ հետ չէ: Մի դեպք պատմեմ հետաքրքիր, կարծում եմ՝ ընթերցողներին էլ շատ հետաքրքիր կլինի: Երբ պետք է նշեինք Ջիվան Գասպարյանի 90-ամյակը, մոտեցա վարպետին եւ առաջարկեցի 90 դուդուկով մի ստեղծագործություն կատարեն այդ միջոցառման ժամանակ: Վարպետն ասաց. «Արա՛ ջան,  անհնարին բան ես ասում. երբեք նման բան չի եղել, որ 90 դուդուկահար հավաքվի մի տեղում, եւ միասին  նվագեն»: Ես, ի պատասխան վարպետի, խոստացա նրան 90 դուդուկահարի ներկայություն, եւ այդ համերգին ներկա գտնվեցին 112 դուդուկահար եւ բոլորը մեծ վարպետի հետ միասին  Օպերայի բեմահարթակի վրա դիրիժոր Հրաչ Նազարյանի ղեկավարությամբ կատարեցին «Ամեն հայ սուրբ» ստեղծագործությունը:

Պատկերացրեք, ցնցող  հնչողություն, վարպետը շատ-շատ ուրախացավ, ոգեւորվեց, որ հայկական մեր իրականության, պատմության մեջ  առաջին  անգամ այդքան դուդուկահար միասին կարողացան նվագել մի ստեղծագործություն: Դե քանի դա ես էի կազմակերպել, վարպետը որպես շնորհակալություն ինձ նվիրեց իր հին դուդուկներից մեկը, որի վրան ոսկեզօծ տառերով գրված է՝ «Արա Գեւորգյանին՝ Ջիվան Գասպարյանից», եւ ես այդ դուդուկը մեծ հպարտությամբ պահում եւ պահպանում եմ»,- մեծ հպարտությամբ հիշում է Արա Գեւորգյանը:

Իսկ, ահա, System Of A Down աշխարհահռչակ ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը հանրաճանաչ դուդուկահար Ջիվան Գասպարյանի մահվան լուրը խորը տխրությամբ է ընդունել:

Թանկյանն այս մասին ասել է «Ինստագրամ»-ի իր պաշտոնական էջում արված գրառմամբ:

Երաժիշտը հրապարակել է Ջիվան Գասպարյանի հետ իր լուսանկարն ու գրել, որ  Ջիվան Գասպարյանը մարմնավորում էր հայկական դուդուկը եւ աշխարհում ամենահայտնի դուդուկահարն էր:

Թանկյանի խոսքով՝ Ջիվան Գասպարյանը, ճանապարհորդելով աշխարհով մեկ, ձայնագրությունների, սաունդթրեքերի միջոցով լավագույնս ներկայացրել է Հայաստանն ու  հայ ժողովրդական երաժշտությունը: «Ես բախտավոր եմ ինձ համարում, որ հնարավորություն եմ ունեցել 2017 թվականին  հանդիպել նրան եւ կյանքի մասին մի քանի դաս քաղել այդ անհավանական մարդուց:  Մեր ցավակցությունն ենք հայտնում վարպետի ընտանիքին եւ հատկապես իմ ընկեր Ջիվան Գասպարյան կրտսերին: Հողը թեթեւ նստի վրադ, վարպե՛տ ջան»,- եզրափակել է Սերժ Թանկյանը:

Գասպարյանի մահվան լուրը հուլիսի 6-ին հայտնել էր Ջիվան Գասպարյան կրտսերը:

Նշենք, որ լեգենդար Ջիվան Գասպարյանը մահացել է հուլիսի 6-ին 92 տարեկան հասակում:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

ՄԱՆՍՈՒՐՅԱՆԻ «ՔԱՎԱՐԱՆ» ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՊՐԵՄԻԵՐԱՆ

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում Լուիջի Քերուբինիի երիտասարդական նվագախումբը, Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան), մենակատարներ սոպրանո Նինա Մինասյանը, տենոր Ջովաննի Սալան, բարիտոն Գուրգեն Բավեյանը եւ երգեհոնահար Դավիդե Կավալին հանդես են եկել «Բարեկամության շառավիղներ» խորագիրը կրող համերգով, որը ղեկավարել է աշխարհահռչակ դիրիժոր  Ռիկարդո Մուտին:

 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, ծրագրում հնչել են Ֆ. Յ. Հայդնի, Վ. Ա. Մոցարտի, Ֆ. Շուբերտի ստեղծագործություններից:

Համերգի շրջանակում կայացել է նաեւ Տիգրան Մանսուրյանի «Քավարան» ստեղծագործության համաշխարհային պրեմիերան, որը գրվել է Ռավեննայի փառատոնի պատվերով` Դանթե Ալիգիերիի 700-ամյակի կապակցությամբ:

Համերգին ներկա է եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը, որը շնորհավորել է ստեղծագործական այդ նշանակալի իրադարձության կապակցությամբ եւ մեկ բառով այն բնորոշել հաղթանակ:

Փաստելով, որ այդպիսի հաղթանակները մեզ այսօր շատ են անհրաժեշտ, եւ դրանք մեզ տանելու են ավելի գլոբալ հաղթանակների՝ Վահրամ Դումանյանն իր երախտագիտությունն է հայտնել մաեստրո Մուտիին. «Միեւնույն ժամանակ շնորհակալ  եւ հպարտ ենք, որ  մաեստրո Մուտիի ղեկավարությամբ տեղի ունեցավ Տիգրան Մանսուրյանի «Քավարան» ստեղծագործության պրեմիերան: Կարող ենք ասել, որ մշակութային տիեզերքում այսօր ծնվեց մի նոր աստղ, որի լույսը հասնելու է աշխարհի բարձր բեմեր»:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Հայաստանի եւ Իտալիայի միջեւ մշակութային համագործակցության, հայ-իտալական բարեկամական հարաբերությունների ամրապնդման ու զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Ռավեննայի երաժշտական փառատոնի հիմնադիր, դիրիժոր Ռիկարդո Անտոնիո Մուտին պարգեւատրվել է «Բարեկամության շքանշանով»:

«Բարեկամության շառավիղներ» խորագրով համերգի աջակիցներն էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը, Իտալիայի մշակույթի եւ արտաքին գործերի նախարարությունները, Վենետիկի հայ մշակույթի ուսումնասիրության եւ վավերագրման կենտրոնը:

 

 

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼ Է

Կառավարությունը շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ ռուսական «Կրասնոդար»-ի 21-ամյա կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին: Ըստ նախագծի հիմնավորման՝ Էդուարդ Սպերցյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, եւ այս պահին նա հանդես է գալիս Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի թիմում, մասնակցում է ուսումնամարզական հավաքներին, նախապատրաստվում է մասնակցելու 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի խաղերին: Հաշվի առնելով վերը նշվածը՝ անհրաժեշտություն է առաջացել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու Էդուարդ Սպերցյանին:

 

 

ՈՒՐԱԽ Է

Մադրիդի «Ռեալի» ու Իսպանիայի հավաքականի նախկին պաշտպան Սերխիո Ռամոսը ֆրանսիական ՊՍԺ-ի ֆուտբոլիստ դառնալուց հետո պատմել է տպավորությունների մասին: «Շատ ուրախ եմ ՊՍԺ-ին միանալու առթիվ: Այս տեղափոխությունը նոր փորձություն ու մեծ փոփոխություն է իմ կյանքում: Այս օրը չեմ մոռանա երբեք: Հպարտ եմ դառնալ այս ամբիցիոզ նախագծի մի մասնիկը ու տեղափոխվել հրաշալի ֆուտբոլիստներով համալրված թիմ: ՊՍԺ-ն իրեն արդեն ցուցադրել է բարձր մակարդակում: Ցանկանում եմ շարունակել աճել թիմի հետ եւ օգնել տիտղոսներ նվաճելու հարցում»,- Ռամոսի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը: Հիշեցնենք, որ Իսպանացի պաշտպանը ֆրանսիական ակումբի հետ կնքել է պայմանագիր, որը նախատեսված է մինչեւ 2023 թվականի ամառ: 35-ամյա ֆուտբոլիստն ազատ գործակալի կարգավիճակում է միացել ՊՍԺ-ին, որի կազմում հանդես կգա 4 համարի մարզաշապիկով:

 




Լրահոս