ԵՎՐՈՎԵՐԱՆՈՐՈԳՎԱԾ ՎԱՆՔԵՐԻ ԴԱՏԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գործունեության հետեւանքով «եվրովերանորոգված» Հնեավանքի եւ  Քոբայրավանքի հարցերը մտել են դատարան: Իհարկե, «մեղադրյալի աթոռին» միանգամայն այլ մարդ է` «Գուգարք» ՊՓԲԸ-ի տնօրեն Սամվել Հովսեփյանը, բայց բոլորին է հայտնի, որ այդ ընկերության աշխատանքները պատվիրել եւ վերահսկել է հենց Մշակույթի նախարարը:Lոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում երեկ շարունակվել է Մշակույթի նախարարության «Գուգարք» ՊՓԲԸ-ի տնօրեն Սամվել Հովսեփյանի գործով դատաքննությունը: Վերջինս  մեղադրվում է պետական միջոցների, մասնավորապես` Մշակույթի նախարարության կողմից Հնեավանք եւ  Քոբայրավանք վանական համալիրների վերականգնման համար հատկացված գումարների յուրացման մեջ: Ըստ նախաքննության` «Գուգարք» ՊՓԲԸ-ի հաշվեկշռից առհաշիվ գումարներ  փոխանցելով  իրեն պատկանող «Ջոջ» ՍՊԸ-ին, կամ վերջինիս այլ ընկերությունների պարտքերը մարելու միջոցով: Դատակոչված վկա` «Գուգարք» ՊՓԲԸ-ի գլխավոր հաշվապահ Սվետլանա Վերմիշյանը,  դատարանում ցուցմունք է տվել այն մասին, որ նախարարությունը պարբերաբար գումարներ է փոխանցել ընկերությանը` առանց կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն պահանջելու: Ընդ որում` նաեւ ավել ֆինանսավորմամբ: Ըստ նախարարությունից ֆինանսավորման կարգի`  փոխանցված գումարի դիմաց ընկերությունը պարտավոր էր նախարարությանը ներկայացնել համապատասխան կատարողական` կատարված աշխատանքների վերաբերյալ, ինչի  հիման վրա պետք է ձեւակերպվեր գումարի ծախս, եւ  այն դուրս բերվեր ընդհանուր ծավալից: Ակտը պետք է հաստատվեր նախարարության կողմից եւ  վերադարձվեր կազմակերպությանը: Ինչը ,սակայն, տեղի չի ունեցել: Ավելին` նախարարությունը ոչ միայն չի պահանջել կատարողական ակտեր, այլ  նույնիսկ ուշադրություն չի դարձրել ամեն եռամսյակի ավարտին ներկայացված մոնիթորինգի արդյունքներին:Ըստ դատարանում հրապարակված ցուցմունքի, նախարարությունը միայն շռայլորեն  պետության միջոցները փոխանցել է ընկերությանը` առանց հետեւելու, թե ինչպես եւ որտեղ են ծախսվում գումարները: Հիշեցնենք, որ երբ բացահայտվեցին այս խայտառակությունները, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը շտապեց Սերժ Սարգսյանի մոտ, լաց եղավ, ինչի արդյունքում աշխատանքից ազատվեց Հուշարձանների պահպանության վարչության պետ Գագիկ Գյուրջյանը (որն հիմա, իհարկե, այլ աշխատանքի է տեղավորվել` Էրեբունի թանգարանում): ԱՐՏԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ




Լրահոս