ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ՝ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Team Telecom Armenia», «PicsArt», «ServiceTitan», «SADA» ընկերությունների, «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF) ղեկավարները՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի աջակցման հիմնադրամի Հոգաբարձուների պատվավոր խորհրդի կազմում:

 

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի աջակցման հիմնադրամի ներքո ձեւավորվել է պատվավոր խորհուրդ, որի նախագահն առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ, «Team Telecom Armenia» ընկերության համահիմնադիր Ալեքսանդր Եսայանն է։ Պատվավոր խորհրդի կազմում են՝ «PicsArt» ընկերության համահիմնադիր Միքայել Վարդանյանը, «ServiceTitan» ընկերության նախագահ եւ համահիմնադիր Վահե Կուզոյանը, «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (COAF) հիմնադիր, նախագահ Գարո Արմենը եւ «SADA» ընկերության գլխավոր ֆինանսական տնօրեն Լուսինե Եղիազարյանը, որոնց հետ կնքվել են փոխըմբռնման հուշագրեր։

Պատվավոր խորհրդի ջանքերն ուղղված կլինեն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գործունեության առաջընթացին եւ հանրայնացմանը Հայաստանում եւ արտերկրում, ինչպես նաեւ՝ հայ հասարակության կյանքում դասական երաժշտությանն առավել մեծ տեղ հատկացնելու ձգտումներին։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն ընդգծում է, որ դասական երաժշտությունն առանցքային դեր ունի հանրության կյանքում. «Այն դաստիարակում է, կրթում, դրական լիցքեր հաղորդում։ Եվ շատ կարեւոր է, որ բարձր արվեստի տարածման կարեւորագույն գործին՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի թիմին միանում են նաեւ մեր երկրում գործունեություն ծավալող եւ աշխարհում հայտնի կազմակերպություններ, որոնք նաեւ իրենց ջանքերը կներդնեն հայկական կատարողական արվեստն ու կոմպոզիտորական ժառանգությունն աշխարհին ներկայացնելու գործում»։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի Հոգաբարձուների պատվավոր խորհրդի նախագահ Ալեքսանդր Եսայանն իր խոսքում նշեց. «Ինչպես նախկինում, այնպես էլ այսօր արվեստի զարգացման գործում կարեւոր դեր են կատարել հովանավորներն ու արվեստասեր հասարակությունը: Այսօր ակնհայտ է մեր հասարակությունում դասական երաժշտության հանդեպ հետաքրքրության աճը: Վստահ եմ՝ այս խորհրդի ձեւավորումն ու դրա հետագա քայլերը կնպաստեն սիմֆոնիկ նվագախմբի համերգային աշխարհագրության ընդլայնմանը՝ Հայաստանում եւ արտասահմանում: Հատկանշական է նաեւ, որ այս նախաձեռնությանն են միացել հայկական արմատներ ունեցող տեխնոլոգիական հսկաները, որոնք արդեն ունեն համաշխարհային ճանաչում։ Ինձ համար մեծ պատիվ է ստանձնել այս խորհրդի նախագահությունը»։

«PicsArt» ընկերության համահիմնադիր Միքայել Վարդանյանը նշեց, որ այս համագործակցության շնորհիվ, խորհրդի անդամներն իրենց առաջարկներով եւ մասնագիտական փորձով կաջակցեն նվագախմբին՝ դասական երաժշտությունը դարձնել հասանելի ամբողջ աշխարհին ու մեծ լսարանների համար։ Նա նաեւ հույս հայտնեց, որ շատ շուտով ականատես կլինենք արդյունքների։

«ServiceTitan»-ի նախագահ եւ համահիմնադիր Վահե Կուզոյանի կարծիքով՝ ՏՏ համայնքի ներկայացուցիչները պետք է պատասխանատվություն կրեն ոչ միայն տեխնոլոգիական ոլորտի զարգացման, այլեւ՝ մեր հարուստ մշակութային ժառանգության պահպանման եւ աշխարհին ներկայացման համար՝ այդ գործում անգամ սահմանելով միջազգային չափորոշիչներ։ Նա հայտնեց նաեւ մեր ներուժի առաջընթացի նկատմամբ հավատի մասին։

 

 

 

ԽՈՐԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԱՆՈՒՆՈՎ

Երեւան քաղաքի ավագանին միաձայն ընդունեց Երեւանի Մայիսյան փողոցը ՀԽՍՀ եւ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Խորեն Աբրահամյանի փողոց անվանակոչելու մասին նախագիծը: Երեւանի ավագանու՝ «Իմ քայլը» խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանն ափսոսանքով ընդգծեց, որ Խորեն Աբրահամյանի անունով մինչ օրս փողոց չկա: «Ընտրել ենք այդ փողոցը, որովհետեւ դա կրկնվող անունով փողոց է եւ կից է թատերական ինստիտուտին»,-ասել է նա: Նշենք, որ որոշումը ավագանին ընդունեց ծափահարություններով:

 

 

ԲԱԺՆԵՏԵՐԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԺՈՂՈՎ ԿԼԻՆԻ

«ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ բաժնետերերի 2022 թվականի տարեկան ընդհանուր ժողովը տեղի կունենա 2022 թվականի ապրիլի 28-ին՝ սահմանափակ թվով բաժնետերերի ֆիզիկական ներկայությամբ՝ «ՖՈՒԴՊԱՐԿ ԲԱՅ ԴԱՈՒՆԹԱՈՒՆ» (“FOODPARK BY DOWNTOWN”) կենտրոնում (հասցե՝ ք.Երեւան, Իսակովի 11), ժամը 15:00-ին։

Ֆիզիկապես չներկայացած բաժնետերերը հնարավորություն կունենան մասնակցել տարեկան ընդհանուր ժողովին եւ քվեարկել հատուկ նախատեսված կապի միջոցներով՝ իրական ժամանակի ռեժիմում:

Ընդհանուր ժողովին մասնակցելու եւ տարեկան շահութաբաժիններ ստանալու իրավունք կունենան ԱԿԲԱ բանկի բոլոր այն բաժնետերերը՝ անկախ տնօրինվող բաժնետոմսերի քանակից, որոնք 2022 թվականի ապրիլի 11-ի՝ ժամը 17։00-ի դրությամբ, ընդգրկված կլինեն Բանկի բաժնետերերի ռեեստրում։ Շահութաբաժինների չափի եւ վճարման մասին վերջնական որոշումը կընդունվի ընդհանուր ժողովի կողմից։

Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովի մասին ԱԿԲԱ բանկի բոլոր բաժնետերերը կստանան առանձին ծանուցումը եւ ժողովի համար անհրաժեշտ տեղեկատվությունը։

 

 

ՀԻՆԳԵՐՈՐԴ ՍՏՈՒԴԻԱԿԱՆ ԱԼԲՈՄԸ

Ռեփեր Քենդրիկ Լամարը հայտարարել է, որ թողարկում է իր հինգերորդ ստուդիական ալբոմը։ Ռեփերը Twitter-ում հրապարակել է սկավառակի մասին հայտարարությունն ի պատասխան օգտատիրոջ՝ փետրվարին արված գրառման, որում ասվում էր. «Քենդրիկ Լամարը պաշտոնապես թոշակի է անցել»։ Հայտնի է, որ ռեփերը մայիսի 13-ին մտադիր է թողարկել «Mr.Morale & The Big Steppers» անվանումը ստացած ռելիզը։ Լամարի նոր սկավառակի թողարկման մասին լուրերը պտտվում են արդեն երկու տարի։ Նա 2020թ. գարնանը փառատոնային մեծ շրջագայություն էր ծրագրում, որը չեղարկվել է՝ համավարակի պատճառով։ Դրա հետ մեկտեղ նա փոխել է նաեւ թողարկման հետ կապված ծրագրերը։ Billboard-ի սյունակագիր Բիլ Վորդին գրել է, որ ռեփերը նախագծում շատ ռոք է ավելացրել։

 

 

ԵԿԵԼ Է ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» համաձայնության է եկել Դորտմունդի «Բորուսիայի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի հետ եւ նրան կվճարի ամենաբարձր աշխատավարձը Պրեմիեր լիգայում՝ շաբաթական 600 հազար եվրո: Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը պատրաստ է 21-ամյա ֆուտբոլիստի հետ կնքել հինգ տարվա պայմանագիր։ Էրլինգ Հոլանդի համար «Բորուսիան» 2020թ. հունվարին 20 միլիոն եվրո է վճարել ավստրիական «ՌԲ Զալցբուրգին»։ Այս ամռանը գերմանական ակումբը պետք է վաճառի նրա տրանսֆերը, եթե ստանա 75 միլիոն եվրոյից սկսվող առաջարկ։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2024թ. հունիս։ Transfermarkt-ը Էրլինգ Հոլանդի տրանսֆերային արժեքը գնահատում է 150 միլիոն եվրո։

 

 

 

ՎԱՀԱՆ ԻՇԽԱՆՅԱՆԸ ՄԱՀԱՑԵԼ Է

Կյանքից հեռացել է հրապարակախոս Վահան Իշխանյանը։ Այս մասին հայտնել է լրագրող, հաղորդավար, Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը: Վահան Իշխանյանն աշխատել է մի շարք տպագիր եւ էլեկտրոնային լրագրերում, եղել է խմբագիր եւ թղթակից: Համախոհների հետ հիմնադրել է «Ինքնագիր» գրական ակումբը: Վահան Իշխանյանը «Ռուսուլմանի նոթեր», «Ովքեր են նրանք. Հայախոս, մուսուլման համշենցիները», «Համայնք եւ երկիր. Հայաստանում խղճի ազատության ուսումնասիրություն» (համահեղինակ), «Անմազ» (պատմվածքների ժողովածու), «Կրոնի ազատությունը Հայաստանում» (համահեղինակ), «Հաշվեհարդար. Հալածանք եւ դիմադրություն»  եւ այլ բազմաթիվ գործերի հեղինակ է։

 




Լրահոս