ԷԴՎԱՐԴ ՄԻՐԶՈՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄՐՑՈՒՅԹ՝ ԴԻԼԻՋԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միրզոյանական հոբելյանական 10-րդ մրցույթն իր տեսակով կլինի աննախադեպ. առաջին անգամ մրցույթը կանցկացվի երկու քաղաքում՝ Երեւանում եւ Դիլիջանում:

 

Շուրջ 3 օր մասնակիցները կանցկացնեն Դիլիջանի Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորների ստեղծագործական տանը: Ի տարբերություն նախորդ տարիների՝ այս տարի 2 տարիքային խմբերում էլ մրցույթը կանցկացվի երկու փուլով: Առաջին փուլում, որը տեղի կունենա Երեւանում, ավագ խմբի (14-18 տարեկան) մասնակիցները պետք է ներկայացնեն անսամբլային ստեղծագործություն (2-ից 4 գործիքի համար (ցանկացած)՝ առավելագույնը 10 րոպե տեւողությամբ), իսկ կրտսեր խմբի (մինչեւ 13 տարեկան) մասնակիցները՝ 1 երգ՝ գրված ցանկացած գործիքի եւ ձայնի համար (տողերի հիմքում՝ հայ հեղինակի հայալեզու բանաստեղծություն), որի առավելագույն տեւողությունը չպետք է գերազանցի 5 րոպեն:

Երկրորդ փուլում, որը տեղի կունենա Դիլիջանում, մասնակիցները պետք է ներկայացնեն ցանկացած գործիքի համար գրված 1 մենանվագ ստեղծագործություն. կրտսեր խմբի մասնակիցները պետք է ներկայացնեն մինչեւ 5 րոպե տեւողությամբ, իսկ ավագ խմբի մասնակիցները՝ մինչեւ 10 րոպե տեւողությամբ ստեղծագործություն: Գալա համերգը մրցույթի պատմության մեջ առաջին անգամ կկայանա Երեւանից դուրս՝ Դիլիջանի Բեթհովենի անվան համերգասրահում: Մրցույթի բոլոր մասնակիցները, ավանդույթի համաձայն, ստանալու են խրախուսական նվերներ, պատվոգրեր, մրցանակային հորիզոնականներ զբաղեցրած մասնակիցները՝ նաեւ անվանական գավաթներ, իսկ հաղթող մասնակիցները` նաեւ դրամական պարգեւ: Դրամական պարգեւներ կստանան մրցանակային հորիզոնականներ զբաղեցրած մասնակիցների ուսուցիչները:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2023 թվականի մայիսի 5-ն է:

Նախագիծն իրականանում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ՝ Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ:

 

 

 

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ՝ «ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ» ՀԱՄԵՐԳԱՍՐԱՀՈՒՄ

Կառավարության որոշմամբ գումար է հատկացվել «Արամ Խաչատրյան» համերգասրահի գույքի վերանորոգման համար:

 

«2023թ. կնշվեն Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակը եւ մեծանուն կոմպոզիտորի անունը կրող համերգասրահի հիմնադրման 70-ամյակը: Այդ կապակցությամբ արտերկրում եւ Հայաստանում կանցկացվեն բազմաթիվ համերգներ, ցուցահանդեսներ եւ այլ նշանակալի միջոցառումներ, որոնց մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանելու անվանի երաժիշտ-կատարողներ, դիրիժորներ, արվեստագետներ, երաժշտական խմբեր:

Կարեւորելով առաջիկա հոբելյանները հավուր պատշաճի նշելու անհրաժեշտությունը՝ գործադիրը ԿԳՄՍՆ 2022 թվականի բյուջեի տնտեսված միջոցներից 225 մլն դրամ գումար է հատկացրել համերգասրահի բազկաթոռների ընթացիկ վերանորոգման նպատակով, որը թույլ կտա ապահովելու հանդիսատեսի հարմարավետությունը եւ համերգասրահի գեղագիտական տեսքը»,- նշված է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Մեծանուն կոմպոզիտորի անունը կրող համերգասրահը, որի շենքը համարվում է նաեւ պատմամշակութային հուշարձան, իր գոյության 70 տարիների ընթացքում վերանորոգվել է ընդամենը 2 անգամ. 1981-83 թթ.-ին շենքը լիովին վերակառուցվել եւ նորացվել է, բեմը վերազինվել է ժամանակակից հարմարանքներով, տեղադրվել են 1400 նոր բազկաթոռներ,  իսկ 2003 թվականին «Լինսի» հիմնադրամի աջակցությամբ շենքը, ճեմասրահն ու բեմը կրկին վերանորոգվել են, սակայն բազկաթոռները չեն փոխվել:

Համերգասրահի բազկաթոռներն այժմ գտնվում են անմխիթար վիճակում. վնասված են գրեթե բոլոր նստատեղերի ծալվող մեխանիզմները, ինչը լրացուցիչ աղմուկի պատճառ է դառնում եւ համերգների ընթացքում բավական մեծ անհարմարություն ստեղծում: Հատկացված միջոցներով խնդիրը կկարգավորվի:

Նաեւ նշվում է, որ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի բարերար Լուիզ-Սիմոն Մանուկյանի դուստրը՝ Ալիս Մանուկյանը, հանդիպումների ընթացքում բազմիցս շեշտել է, որ պետական համանման աջակցության առկայության դեպքում իր ղեկավարած հիմնադրամը նպատակադրված է մեծացնելու կառույցին հատկացվող աջակցության ծավալները:

Համերգասրահի բազկաթոռների վերանորոգումը պետք է կատարվի աստիճանական փոխարինումով, որպեսզի չխաթարվի դահլիճի բնականոն գործունեությունը:

 

 

 

 

ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻՑ ԳՈՀ Է

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը գոհ է հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնության արդյունքներից:

«Հայաստանի այս առաջնությունում տարբեր քաշային կարգերում հաղթեցին նաեւ երիտասարդ ըմբիշներ, որոնց հնարավորություն կտանք միջազգային այլ մրցաշարերում: Հիմնական քաշային կարգերում ծավալվեց լուրջ պայքար: Հաղթողներ դարձան նաեւ կրտսեր տարիքային հավաքականների ներկայացուցիչներ»,- ասել է մասնագետը:

Մարզչի խոսքով՝ այս առաջնությանը չմասնակցելու իրավունք ունեին հավաքականի երկու առաջատարները` Մալխաս Ամոյանը եւ Արթուր Ալեքսանյանը: 82 կգ քաշային կարգում մրցաշարին չէր մասնակցում Կարապետ Չալյանը:

Հայաստանը ներկայացնող ըմբիշներն անցնող տարում նվաճել են 56 մեդալ: Բոլոր տարիքային խմբերում Հայաստանն ունի Եվրոպայի եւ աշխարհի չեմպիոններ:

Հունվար ամսվա մեկնարկին հունահռոմեական եւ ազատ ոճի ըմբշամարտի հավաքականները ուսումնամարզական հավաքի միջոցով կսկսեն նախապատրաստվել սպասվող մրցաշարերին:

 

 

 

ԿՀԵՌԱՆԱ ՊԱՇՏՈՆԻՑ

ԱՄՆ բիզնես մագնատ, ձեռնարկատեր, Twitter սոցիալական հարթակի սեփականատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ կհեռանա ընկերության ղեկավարի պաշտոնից, երբ իրեն փոխարինող գտնի։

«Ես կհրաժարվեմ գործադիր տնօրենի պաշտոնից, հենց գտնեմ մեկին, ով բավական հիմար կգտնվի եւ կստանձնի այս գործը։ Դրանից հետո ես կղեկավարեմ ծրագրային ապահովման եւ սերվերների խմբերը», – գրել է նա։

Այսպես է Մասկն արձագանքել Twitter-ում իր անցկացրած հարցման արդյունքներին, որոնց հրապարակումից հետո ավելի քան մեկ օր նա լռում էր այդ թեմայի շուրջ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, սոցիալական հարթակի օգտատերերի քվեարկության արդյունքի համաձայն՝ Մասկը պետք է հրաժարվի ընկերության ղեկավարի պաշտոնից։ 17,5 միլիոն օգտատերերի 57,5 %-ը դրան կողմ էր քվեարկել, 42,5 %-ը՝ դեմ։

Ի դեպ, Bloomberg գործակալությունը հայտնում է, որ Tesla, SpaceX եւ Twitter ընկերությունների սեփականատեր Իլոն Մասկը 2022 թ.-ին կորցրել է գրեթե 122,6 մլրդ դոլար, ինչը գերազանցում է 2021 թ.-ին նրա վաստակած գումարը։ Մասկի կարողությունը կազմում է մոտ 147,7 մլրդ դոլար, ինչը վերջին երկու տարիների համար ամենափոքր թիվն է։ Forbes-ի ամենահարուստ մարդկանց վարկանիշային ցուցակում Մասկն օրերս կորցրել էր առաջին հորիզոնականը՝ իր տեղը զիջելով Louis Vuitton Moet Hennessy ընկերության նախագահ Բեռնար Առնոյին։

 

 

 




Լրահոս