Հանքարդյունաբերող ընկերությունը գլխավորում է խոշոր հարկատուների ցանկը. ովքեր են տասնյակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում հանքարդյունաբերող ընկերությունը գլխավորում է խոշոր հարկատուների ցանկը: Խոսքը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մասին է, որը պետական բյուջե նախորդ տարի վճարել է 143 մլրդ 933 մլն դրամ հարկ ու տուրք: Հազար խոշոր հարկատուների ցանկի երկրորդ տեղում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը՝ 52 մլրդ 275 մլն դրամ հարկային վճարումով: Հաջորդը ծխախոտ արտադրող «Գրանդ Տաբակո» ընկերությունն է: ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս ընկերությունը պետական բյուջե վճարել է 45 մլրդ 36 մլն 635 հազար դրամ: Հազար խոշոր հարկատուների ցանկի չորրորդ տեղում դարձյալ ծխախոտ արտադրող ընկերություն է՝ «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերությունը: Խոշոր հարկատու է նաեւ «Ագարակի պղնձա-մոլիբդենային» ընկերությունը, որի կատարած հարկային վճարումները կազմել են 19 մլրդ 588 մլն 908 հազար դրամ:

Ցանկի 6-րդ տեղում է ծխախոտ ներկրող ընկերությունը՝ «Ֆիլիպ Մորիս Արմենիա» ընկերությունը, որը վճարել է 18 մլրդ 142 մլն 724 հազար դրամ հարկ ու տուրք: Հազար խոշոր հարկատուների ցանկում հայտնվել է նաեւ հեռախոսներ ներմուծող եւ վաճառող «Մոբայլ Սենթր Արթ» ընկերությունը՝ 17 մլրդ 569 մլն 460 հազար դրամ հարկային վճարումներով: Խոշորների ցանկի 8-րդ տեղում դարձյալ ներմուծող ընկերություն է՝ «Ջեյ թի Այ Արմենիա»-ն որը պետական բյուջե վճարել է 16 մլրդ 993 մլն դրամ հարկ: Իսկ բենզինի ներմուծմամբ եւ վաճառքով զբաղվող ՙՍի Փի Էս Էներջի՚ ընկերությունը կատարել է 16 մլրդ 987 մլն 68 հազար դրամ: Ցանկի տասներորդ տեղում «ՄՏՍ Հայաստան»-ն է: Այս ընկերությունը պետական բյուջե վճարել է 15 մլրդ 946 մլն 43 հազար դրամ հարկ:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակած հազար խոշոր հարկատուների ցանկից պարզ երեւում է, թե տնտեսությունն ինչի վրա է հիմնված: Մեր հանրապետությունում այդպես էլ փոքր ու միջին ձեռնարկատիրությունը չի զարգանում: Ստացվում է, որ մշակող արդյունաբերությամբ զբաղվող ընկերություններ չկան, իսկ արդյունաբերությամբ զբաղվողները շատ քիչ տոկոս են կազմում: Հազար խոշոր հարկատուների տասնյակում, կարելի է ասել, քիչ թվով տնտեսվարողներ կան, որոնք տեղական արտադրությամբ են զբաղվում:

Արձանագրենք, որ Հայաստանի տնտեսության վրա իրական ազդեցություն ունեն միայն խոշոր ընկերությունները, որոնք կամ բենզին են ներկրում, կամ ծխախոտ են արտադրում, ներկրում կամ պղինձ են արդյունահանում:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս