«ԶՈՒԼԱԼԻ» ՖԻԼՄԸ՝ ՆՈՐ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

 Փետրվարի 7-ից 12-ը Ֆրանսիայում կայացած «Նանտի» միջազգային կինոփառատոնի (Univercinռ Nantes) շրջանակում ցուցադրված ռեժիսոր Հայկ Օրդյանի «Զուլալի» լիամետրաժ ֆիլմն արժանացել է «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին (1er Prix du Public)։

 

Փառատոնի պաշտոնական էջում ասվում է. «Երեկ երեկոյան ուրախությամբ հայտարարեցինք, որ ձեր սիրելի ֆիլմը Հայկ Օրդյանի «Զուլալին» է»։

Փառատոնի մրցանակակիր է համարվել ընդամենը երկու ֆիլմ, որոնցից մեկը «Զուլալի»-ն է: Փառատոնի գլխավոր պաստառին հենց «Զուլալի»-ն է պատկերված:

«Զուլալի» երեք մասից բաղկացած պատումը բացահայտում է ընտանեկան մեծ ողբերգությունը: Մենակության զգացումով մարդիկ մենակ չեն հեռավոր գյուղում եւ միասին են հաղթահարում  ցավն ու տանջանքը՝ տարածելով սեր եւ չկորցնելով հույսը վաղվա օրվա հանդեպ: Գյուղում ապրում է մի ընտանիք՝ տարեց տանտիկինը, տղան՝ Նազարոսը, եւ նրա մայրը՝ Զուլալին: Փոքրիկ Նազարոսը մտածում է տարօրինակ Զուլալիի, մինչեւ հարյուր տարեկան չապրած պապու եւ այլ հարցերի մասին:

Հիշեցնենք, որ ռեժիսոր Հայկ Օրդյանի «Զուլալի» ֆիլմը Սանկտ Պետերբուրգում մրցանակի է արժանացել. մրցանակը ստացել է դերասանուհի Մարինե Պետրոսյանը՝ արժանանալով լավագույն դերասանուհու կոչմանը: Այս մասին ArmLur.am-ը տեղեկացավ  ֆիլմի ֆեյսբուքյան պաշտոնական էջից:

«Մարինե Պետրոսյանը` լավագույն դերասանուհի. «Զուլալիի» հաղթարշավը շարունակվում է: «Զուլալի» ֆիլմում Աքիրի դերը լավագույնս ներկայացնելու համար Մարինե Պետրոսյանը ք. Գատչինայի (Ս.Պետերբուրգ) «Գրականություն եւ կինո» («խՌՑպՐՈՑցՐՈ ց ՍՌվՏ») XVIII միջազգային կինոփառատոնում ստացել է լավագույն դերասանուհի մրցանակը»,- գրված է հրապարակմանը կից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ մրցանակի էր արժանացել ֆիլմում Զուլալիին մարմնավորող Հերմինե Ստեփանյանը՝ Սալենտոյի միջազգային կինոփառատոնում Զուլալիի դերակատարման համար ստանալով լավագույն դերասանուհի մրցանակը:

Հիշեցնենք, որ ArmLur.am-ի հետ զրույցում դերասանուհին հայտնել էր՝ ֆիլմի երաժշտությունը գրել է հայ մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, եւ հենց  «Զուլալիի» առանձնահատկություններից է այն, որ Տիգրան Մանսուրյանը ավելի քան 30 տարվա դադարից հետո կինոերաժշտություն է գրել հենց այս ֆիլմի համար։

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

 

«ՈՒԶՈՒՄ ԵՄ ԿՅԱՆՔՍ ԵՐԿԱՐԱՑՆԵԼ». ԱՐՏԱՇ ԱՍԱՏՐՅԱՆ

«Ուզում եմ պարզաբանել, որ առողջ եմ, Փառք Աստծո, եւ իմ ցանկությամբ եմ նիհարել եւ շարունակելու եմ նիհարել, որ կարողանամ սիրուն ու թեթեւ աշխատանքներ իրականացնել՝ ծավալելով գործունեությունս: Ուզում եմ կյանքս երկարացնել, որ կարողանամ ծառայել եւ ուրախացնել ձեզ»,- «Ինստագրամ»-ի ուղիղ եթերում նշել է երգիչ Արտաշ Ասատրյանը՝ անդրադառնալով նկատելի քաշի կորստին եւ հանրության արձագանքին:

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ ArmLur.am-ը գրել էր, որ արդեն մի քանի օր է, ինչ համացանցում քննարկում են երգիչ Արտաշ Ասատրյանի մասնակցությունը եղբոր՝ Տիգրան Ասատրյանի որդու՝ Արամ Ասատրյանի հարսանիքին:

Հանրության աչքից չէր վրիպել նաեւ Արտաշ Ասատրյանի արտաքին տեսքը, որտեղ ակնհայտ երեւում է, թե ինչպես է  երգիչը  նիհարել եւ  գեղեցիկ կազմվածք  ձեռք բերել:

Լ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

 

ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԿՈՄԱ

Գեղասահքի օլիմպիական չեմպիոն (պարային զույգեր) Ռոման Կոստոմարովի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է։ Ինքնուրույն շնչել նա չի կարողանում։ Երեկ ռուսաստանցի գեղասահորդը եղել է արհեստական կոմայի մեջ ։ Ֆիբրոզների մեծ քանակի հետեւանքով մտավախություն կա, որ Կոստոմարովի կյանքը փրկել չի հաջողվի։

Կոստոմարովը հոսպիտալացվել էր հունվարի 10-ին երկկողմանի ծանր թոքաբորբով։ Տեւական ժամանակ արհեստական շնչառության եւ արյունը թթվածնով սնուցելու սարքերին միացված լինելու հետեւանքով խախտվել էր մարզիկի պերիֆերիկ արյունաշրջանառությունը, զարգացել էին վերջույթների նեկրոզներ, որոնց հետեւանքով անդամահատել են նրա ոտնաթաթերը եւ ձեռքերի մի քանի մատը։

Կոստոմարովը 46 տարեկան է, օլիմպիական ոսկե մեդալը նվաճել է 2006թ. Թուրինի խաղերում Տատյանա Նավկայի հետ։ 2006թ.-ին էլ Կոստոմարովն ավարտեց մարզական կարիերան, սակայն հանդես էր գալիս ցուցադրական ծրագրերով։

 

 

 

ՅՈԹԵՐՈՐԴ ԵՐԵԽԱՆ

Վալենտինի օրը երգիչ եւ դերասան Մարկ Էնթոնին ու նրա կինը՝ Նադյա Ֆերեյրան, հայտարարել են, որ սպասում են իրենց առաջնեկին։ Մարկի համար սա յոթերորդն է։ 54-ամյա երգիչը եւ նրա չորրորդ կինը, ով ընդամենը 23 տարեկան է, կիսվել են ուրախալի լուրով՝ հրապարակելով Նադյայի որովայնի լուսանկարը։ «Վալենտինի օրվա լավագույն նվերը, – գրել է նա՝ իսպաներեն ավելացնելով: -Շնորհակալություն Աստծուն այս մեծ օրհնության համար»: Հղիության մասին հայտարարությունը հրապարակվել է նրանց ամուսնությունից ընդամենը երկու շաբաթ անց։ Հարսանեկան շքեղ արարողությունը տեղի է ունեցել Մայամիում հունվարի 28-ին։

 

 

 

ԿՄԵԿՆԵՆ ՄՅՈՒՆԽԵՆ

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 24-ամյա ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն հույս է հայտնել, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում կկարողանան պարտության մատնել Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիային» եւ դուրս գալ քառորդ եզրափակիչ։ Փարիզում տեղի ունեցած առաջին խաղում 1:0 հաշվով հաղթել է «Բավարիան»։ Մբապեն փոխարինման էր դուրս եկել երկրորդ խաղակեսում եւ խփել երկու գոլ, սակայն երկու դեպքում էլ գրանցվել էր խաղից դուրս վիճակ։ «Պետք է ավելի արագ խաղանք եւ օգտագործենք մեր պահերը։ Մյունխեն կմեկնենք հաջորդ փուլ դուրս գալու նպատակով եւ վճռականությամբ։ Մեր խաղացողները պետք է լինեն գերազանց մարզավիճակում։ Բոլորը պետք է ճիշտ սնվեն եւ լավ քնեն։ Երբ մենք խաղում ենք հարձակողական ֆուտբոլ, մրցակիցները լուրջ խնդիրներ են ունենում»,-ասել է Մբապեն:

«Բավարիա» – ՊՍԺ պատասխան հանդիպումը Մյունխենում տեղի կունենա մարտի 8-ին։




Լրահոս